Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՉՔԱՐԵՐՆ ՈՒ ՇԻՐԻՄՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ

Մայիս 22,2010 00:00

Վաղուհասի հին գերեզմանոցը տակնուվրա են անում՝ նոր դպրոց կառուցելու համար

\"\"Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի իշխանությունները որոշել են Վաղուհաս գյուղի միջնադարյան գերեզմանոցի տեղում նոր դպրոց կառուցել: Արդեն 10 ամիս է, ինչ տարածքը տակնուվրա է արվում՝ տապանաքարերն ու հին խաչքարերը ջարդուփշուր են անում: «Առավոտի» հետ զրույցում գյուղի բնակիչները վստահեցրին, որ գյուղում ազատ տարածքներ շատ կան եւ կարելի էր առանց հին պատմական գերեզմանոցին ձեռք տալու, ուրիշ տեղ կառուցել դպրոց: Մինչ գործի անցնելը, Վաղուհասի գյուղապետն ու Մարտակերտի շրջանի ղեկավարը հանդիպել են ժողովրդի հետ՝ իբր խնդիրը քննարկելու: Սակայն, երբ բնակիչների մեծամասնությունը չի համաձայնել նշված վայրում դպրոց կառուցել, շրջանի ղեկավար Սերգեյ Օհանյանը հայտարարել է՝ ձեր կարծիքը մեզ չի հետաքրքրում, արդեն որոշում կա: Բնակիչների պատմելով՝ «Մեզ բանի տեղ չդրեցին, մենք դահլիճը լքեցինք: Մենք դեմ չենք նոր դպրոցին, դա լավ միտք է, բայց գերեզմանոցի տեղում դպրոցը գյուղի բնակիչների համար հարմար չէ: Այդտեղ ընդամենը 3 ընտանիքների է հարմար: Գյուղամեջում ազատ ու մեծ տարածքներ շատ կան, թող այդտեղ կառուցեն: 6-րդ դարի գերեզմանոց են քանդում, մեր նախնիների շիրիմների վրա երեխաները պետք է նստեն ու դաս սովորե՞ն: Բացի այդ, դպրոցը մեր տներից էլ շատ հեռու է լինելու»:
Նշենք, որ գյուղում կա եւս մեկ գերեզմանոց, սակայն այդ տարածքում այլեւս ազատ տեղ չլինելու պատճառով, գյուղապետարանը թույլատրել էր նոր հանգուցյալներին թաղել այժմ արդեն քանդվող գերեզմանոցի տարածքում, որտեղ գյուղի մի քանի ընտանիքներ հարազատներ ունեն թաղված եւ չեն համաձայնում գերեզմանները տեղափոխել այլ տեղ: Վաղուհասի գյուղապետ Գարեգին Ղարախանյանը բնակիչներին վստահեցրել է, որ նրանք կարող են իրենց հանգուցյալներին թաղել գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող հարեւան գյուղի գերեզմանոցում: Վաղուհասցիների խոսքերով՝ այդքան հեռու գերեզմանոցում հանգուցյալներին թաղելը մեծ ծախսեր առաջ կբերի, ինչի հնարավորությունն իրենք չունեն:
«Առավոտն» արդեն անդրադարձել է այս խնդրին (14.08.2009): Մեր հրապարակման ժամանակ գերեզմանոցի տարածքը նոր էին սկսել քանդել, իսկ այսօր այդ տարածքում արդեն շինարարական քարեր եւ այլ նյութեր են լցված, ինչի հետեւանքով հնադարյան խաչքարերը կոտրվել են, հանգուցյալների ոսկորները, այսպես ասած, հողի երես են դուրս եկել: Նշենք, որ նոր դպրոցը կառուցվում է Համահայկական հիմնադրամի միջոցներով: «Առավոտի» (14.08.2009) հրապարակման մեջ բնակիչները նաեւ դժգոհել էին, որ գյուղապետի տունը գտնվում է քանդվող գերեզմանի հարեւանությամբ, ուստի նոր դպրոց կառուցելը ձեռնտու է միայն գյուղապետին՝ նա ուզում է իր տեսադաշտից վերացնի գերեզմանոցը, ձեռքի հետ էլ իր բնակավայրի համար նոր ճանապարհ ու ջրատարներ կառուցի, քանի որ նոր դպրոցի համար նախատեսվում է նաեւ նման շինարարություն: Բնակիչների այս դիտարկմանն էլ գյուղապետ Գ. Ղարախանյանը վստահեցրել էր. «Ես կարող եմ առանց ճանապարհի էլ հասնել տուն, այդ ամենը ժողովրդի համար եմ անում: Համ էլ խոսք եմ տալիս, հենց դպրոցը կառուցեմ, ես այդտեղից կտեղափոխվեմ ուրիշ տեղ: Եվ եթե դպրոցի համար ուրիշ հարմար տարածք գտնեն, ես խոստանում եմ այդ ծախսերը թողնել բյուջեին, իմ ծախսերով նորը կառուցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել