Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հենրիկ Հովհաննիսյանի աշխատությունը

Մայիս 22,2010 00:00

«Հայ թատրոնի պատմությունը»՝ վերափոխված տարբերակով

\"\"

Ամփոփելով 19-րդ դարի հայկական թատրոնի պատմությունը՝ 1996 թվականին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը ընթերցողի սեղանին էր դրել իր «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» աշխատությունը: «950 օրինակից 450-ն անհետացավ «Արվեստ» ամսագրի խմբագրության պահոցից՝ այնտեղ եղած-չեղածի հետ: …Գիրքը փնտրողներ կային եւ կան մինչ օրս»,- կարդում ենք հեղինակի՝ օրեր առաջ տպագրված գրքի առաջաբանում:
«Իհարկե, առաջին պատճառն այն էր, որ տիրաժի կեսն անհայտացել էր, բայց կար նաեւ ուրիշ նպատակ. տպագրվելուց հետո հասկացա, որ այն ավարտված չէ, կիսատ բան էի տեսնում եւ լրացնելու կարիք կար: Շարադրանքն է մի քիչ սեղմվել, վերամշակվել է եւ որոշ բաներ են ավելացվել»,- պատմում է պարոն Հովհաննիսյանը: «Նախորդ գրքում առաջին դերասանական դիմանկարը Արուսյակ Փափազյանն էր՝ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին: Մտածեցի, որ ճիշտ կլինի գիրքն ավարտել 20-րդ դարի առաջին դերասանուհու՝ Սաթենիկ Ադամյանի կերպարով: Բայց հետո մի խնդիր էլ ծագեց: 19-րդ դարի ամենակրթված դերասան ու բեմադրիչ Մարտիրոս Մնակյանին Վահրամ Փափազյանը համարում է իր ուսուցիչը: Հետեւաբար, գիրքն ավարտվեց քսան տարեկան Փափազյանի մուտքով, չէ որ արվեստի պատմության պարագայում 19-րդ դարը չի ավարտվում 1900 թվականով, այլ՝ երեւույթով: Շատ առումներով ենք մենք այսօր 19-րդ դարի թատրոնի ժառանգորդը»,- բացատրում է պարոն Հովհաննիսյանը:
«Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» գործը թատրոնի պատմաբան Հենրիկ Հովհաննիսյանի տասնմեկերորդ գիրքն է, որն ավարտվում է 1910-ական թվականների հայ թատրոնի պատմությամբ: Իսկ 20-րդ դարի հայ թատրոնի մասին, ինչպես պատմաբանն է հավաստիացնում, չի լռել. «Եթե ես որեւէ արժեք տեսնում եմ, չեմ շրջանցում: Կարող եմ անուններ տալ, որոնցով հիացած եմ»: Վերջին հինգ տասնամյակների ընթացքում պարոն Հովհաննիսյանը չի մատնանշում համաչափ զարգացում, այլ միայն մի քանի ներկայացումներ, որոնք հին ավանդույթների մայրամուտի ֆոնի վրա են ստեղծվել. «Գլուխգործոց բեմադրություն էր «Աշնան արեւը» եւ Վիոլետա Գեւորգյանի շատ բարձր դերակատարությունը, 1990 թվականին Նիկոլայ Ծատուրյանի «Փրկեք մեր հոգիները»՝ կյանքում երբեւէ իմ տեսած լավագույն բեմադրություններից էր, այլ հաճելի երեւույթներ էլ են եղել: Հիմա ես դա չեմ տեսնում»,- համոզված է թատրոնի պատմաբան Հենրիկ Հովհաննիսյանը: Գ. Սունդուկյանի անվան թատրոնի պատմության վերջակետը նա դնում է 1961 թվականին՝ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը համարելով մայրամուտի շեփոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել