Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»՝ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ

Մայիս 22,2010 00:00

Կամ Best girls խմբի ելույթն ու զվարճալի միջոցառումը

\"\"
«Վերջին զանգ». 4-րդ դասարանցի Հովհաննեսը ճանապարհում է իր ավագ ընկերներին:

\"\"
Best girls խմբի ելույթը՝ 11-րդցի Արթուրի եւ Մամիկոնի մասնակցությամբ:

Երեկ «վերջին զանգը» հնչեց Հայաստանի 38350 11-րդ դասարանցու համար: «Առավոտն» այս անգամ հյուրընկալվեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Երեւանի թիվ 16 հատուկ դպրոց: Այստեղ շրջանավարտները ոչ դասղեկին էին «լիմուզինով» տնից բերել դպրոց, ոչ հյուրերին կարմիր գորգով դիմավորել, ոչ էլ «վերջին զանգի» սցենարը «32 ատամին» կամ «Շարմին» գումարով գրել տվել: Դպրոցի միակ 11-րդ դասարանի 13 աշակերտներն ամեն ինչ արել էին սեփական ուժերով: Շնորհակալական խոսքեր, բարեմաղթանքներ, հումոր, ծաղիկներ ուսուցիչներին, ծնողներին եւ տնօրենին: Եղան նաեւ աշակերտական անկեղծ խոստովանություններ ուսուցիչներին, թե «շատ ենք ձեր կյանքը կերել»: «Վերջին զանգից» «համեղ» պատառիկներ ներկայացնում ենք ֆոտոռեպորտաժով:
Այնուհետեւ «Առավոտը» զրուցեց շրջանավարտների հետ: Նրանք ցանկացան «Առավոտի» հարցերին ոչ թե անհատական, այլ խմբով պատասխանել: Հիշեցին մի շարք զվարճալի աշակերտական պատմություններ: Օրինակ, թե ինչպես էր իրենց նախկին ուսմասվարն ասում, որ դպրոց են գալիս միայն ճաշարանից օգտվելու համար, կամ ինչպես էին մի օր դասղեկին խաբել, դասարանի դուռը կողպել, վրան գրել՝ գնացել են, բայց իրականում դասարանում էին: Աշակերտուհիներից մեկն էլ հիշեց, թե ինչպես էր իրենց ուսուցիչներից մեկն իրեն հումորով ասում. «Աշխարհագրություն ինչի՞դ է պետք սովորել, կամուսնանաս Հակոբի հետ եւ կաղամբ կծախես»:
Տնօրեն Մարիետա Պետրոսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Վերջին 2 տարում դպրոցի աշակերտների թիվը նվազել է: Պատճառն այն է, որ մեզ մոտ կրկնակի շատ փաստաթղթեր են պահանջվում ընդունելության համար, քան հանրակրթական դպրոցներում: Կարծես պետհամալսարան կամ ակադեմիա պիտի ընդունվեն: Մյուս կողմից էլ ծնողները քաշվում են գիշերօթիկի մասնաբաժնում՝ իրենց երեխայի սովորելուց, երկարօրյայից, տանում են խնամակալության կենտրոններ: Բայց դրանք դեռ շատ խնդիրներ ունեն, երեխաներն այնտեղից փախչում են, անգամ պարտուսից դուրս մնալու խնդիր է առաջանում: Կարծում եմ, որ հատուկ դպրոցները, այնուամենայնիվ, պետք են հասարակությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել