Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԱՐԴԱԾ ՏԱՇՏԱԿ

Մայիս 22,2010 00:00

Եվրախորհրդարանում 3-4 ամիս քննարկված բանաձեւի ընդունումը մեր իշխանությունների պատուհասն է

\"\"

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված եւ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած թիվ 2216 բանաձեւը, որը հստակեցնում է Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվել էր դեռ ապրիլի 8-ին։ Բանաձեւը, որտեղ շատ մանրամասնորեն անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, բավականին կոշտ եւ Հայաստանի ու Ղարաբաղի համար անբարենպաստ, նաեւ վտանգավոր դրույթներ է պարունակում: Օրինակ՝ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում «ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված եւ միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը», «Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից՝ թույլ տալով ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»։ Իսկ հակամարտության լուծման համար առաջարկվում է. «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել՝ մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»։ Բանաձեւում առաջարկվել է նաեւ Եվրամիության գործադիր մարմիններին դիտորդական մեծաքանակ առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ միջազգային խաղաղարար ուժերի ձեւավորմանը նպաստելու նպատակով։ Բանաձեւի 38-րդ կետով՝ «Եվրոպական խորհրդարանը հաստատում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները կարեւոր դեր են խաղում Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում»: Իսկ սա նշանակում է, որ ԵԽ-ն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորմանը նաեւ Թուրքիայի հնարավոր միջամտության, ներգրավվածության կարեւորությունը:
Երեկ այս բանաձեւն ու մասնավորապես հենց հիշյալ դրույթները դարձել էին հայաստանյան քաղաքական՝ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի քննարկման առարկան:
Մեկնաբանում են հայ պատգամավորները
Հայրենի խորհրդարանում իշխող կոալիցիան ներկայացնող երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ, ի պատասխան «Առավոտի» հարցադրմանը, նախ՝ փորձելով արդարացնել այդ բովանդակությամբ բանաձեւի ընդունումը կանխելու իրենց անճարակությունը, հատուկ շեշտել են, թե բանաձեւը ծնվել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցի հիման վրա, իսկ Կիրիլովը «Ադրբեջանի բարեկամներ» խմբի նախագահն է եւ «իրավիճակի վերաբերյալ միակողմանի տեղեկությունների է տիրապետում», որ նա Բուլղարիայում էլ մշտապես Հայոց ցեղասպանության հետ կապված բոլոր խնդիրների, բոլոր քննարկումների ժամանակ դեմ է խոսել եւ դեմ է քվեարկել:
Ինչ վերաբերում է բանաձեւի բովանդակությանը, ապա «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ով, ի դեպ, Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, հայտարարել է, թե «դա ոչ միայն Ադրբեջանի կողմից խեղաթյուրումների, այլ նախեւառաջ՝ Հայաստանի պասիվության արդյունք է»: Նա հայտարարել է, թե չի զարմանում, այլ զայրանում է, որ տարիներ շարունակ այսօրինակ բանաձեւերին Հայաստանն առայժմ չի կարողացել որեւէ համարժեք պատասխան տալ, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդարանական հանձնաժողովը պասիվ է գործում, ու ինքն այդ հարցը բարձրացրել է խորհրդարանի նախագահի առաջ: Իհարկե, այս մեղադրանքների հետ չեն համաձայնել հատկապես նույն հանձնաժողովի ղեկավար, ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանն ու նաեւ ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Իսկ, օրինակ, ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը համարել է, որ բանաձեւում կային նաեւ «բավականին հաջողված կետեր», իսկ անհեթեթ բաները բանաձեւի հեղինակի անտեղյակ լինելու արդյունք են, որովհետեւ Կիրիլովը «Ղարաբաղից եւ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահից չի փորձել տեղեկատվություն ստանալ խնդրի կապակցությամբ»:
«Սա հիշեցում է այն հնարավոր զարգացումների մասին, որոնց մասին մենք ասում էինք հայ-թուրքական արձանագրությունների հետագա ընթացքի վերաբերյալ խոսելիս: Եվ բնական է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ աշխատանքը արտաքին ոլորտում հանգեցրեց նաեւ այդպիսի զեկույցի ընդունմանը»,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա ասելով, թեեւ բանաձեւը խորհրդակցական է եւ իրավական ուժ չունի, այդուհանդերձ, իրադարձությունների զարգացման վրա դրա հետագա ազդեցությունը կախված է Հայաստանի քայլերից: Նրա կարծիքով, փաստաթուղթն այնքան միակողմանի է, որ եթե դա փորձ արվի կյանքի կոչել, կարող է հանգեցնել պատերազմի: Պատգամավորը նաեւ շեշտել է, որ Հայաստանը պետք է արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար երեք ուղղությամբ կատարի լուրջ քայլեր՝ արտաքին ազգային քաղաքականություն վարի, երկրի ներսում իրականացնի սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներ:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ, բացի այն, որ հիշեցրել է զեկույցի հեղինակ Կիրիլովի ով լինելը, նաեւ հակադարձել է Լ. Ալավերդյանին. «Լինելով այդ հանձնաժողովի նորընծա անդամ՝ Ալավերդյանը պետք է որ իմանար, որ հանձնաժողովը նոր է ձեւավորվել եւ տարին ընդամենը երկու անգամ կարող է նիստ գումարել, մեկը՝ Բրյուսելում, մյուսը՝ Հայաստանում, եւ որ Հայաստանում նիստը լինելու է նոյեմբերին», որ «հանձնաժողովը Եվրոպական հանձնաժողովի հետ է աշխատում, իսկ Եվրախորհրդարանի հետ կապ չունի»:
«Նմանատիպ զեկույցները ոչ մի իրավական ուժ չունեն, եւ կխնդրեմ, որպեսզի այն գործընկերները, եվրոպացի, եւ ոչ միայն Եվրոպայից, ովքեր որ ամսի 23-ին լինելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, շատ ուշադիր իրականացնեն դիտորդական առաքելությունը ԼՂՀ-ում, եւ գնալուց հետո իրենք արդեն համոզված լինեն, որ Լեռնային Ղարաբաղը, եւ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, տարածաշրջանն ունի ժողովրդավարական ավելի զարգացած պետություն, քան՝ նույն Ադրբեջանը»,- հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ «եթե կա որեւէ տարածքից զորք հանելու խնդիր, ապա դա պետք է անի Ադրբեջանը՝ ազատելով Շահումյանը, Գետաշենն ու Մարտունաշենը, որ օկուպացրել է»:
ՀՀ ԱԳ նախարարը
խոսեց, ԱԺ նախագահը նամակ գրեց
Երեկ խորհրդարանականներից ավելի վաղ Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւին անդրադարձել էր նաեւ ՀՀ ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ, բանաձեւում պարունակվող Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները «համահունչ չեն ո՛չ Մադրիդյան սկզբունքներին, ո՛չ Ակվիլայի հայտարարությանը, ո՛չ Մոսկվայի հռչակագրին, ինչի մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ: Ակնհայտ խառնաշփոթ է ձեւակերպումների, եւ կարծեմ՝ պատճառներից մեկը նա է, որ զեկույցը գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում եւ չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, եւ դրա պատճառով է, որ այս որոշ դրույթները հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է: Իսկ ԵՄ դիրքորոշումը 2009 թ. դեկտեմբերին, Աթենքում բավական ընդարձակ հայտարարության մեջ արտահայտվեց, եւ այդ դիրքորոշումը լիովին համահունչ է նաեւ Հայաստանի դիրքորոշմանը»:
Իսկ ահա ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ, սովորության համաձայն, ծանր պահերին սկսել է նամակներ գրել: Երեկ նա նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին, որում հայտնել է իր մտահոգությունը Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձում տեղ գտած «որոշ դրույթների մասին»:
Նկատենք, սակայն, որ բանաձեւը մինչեւ ընդունվելը Եվրախորհրդարանում բավականին երկար ճանապարհ ու ընթացակարգ է անցել՝ 2-6 ամիս, եւ մինչեւ լիագումար նիստում ներկայացվելը նախ քննարկվել է երկու հանձնաժողովներում: Հիմա մեր իշխանությունները նոր քնից արթնացել, կատարված փաստն արձանագրել, փորձում են արդարանալ ու հոխորտալ՝ իրենց անգործության մեղքը բարդելով բանաձեւի հեղինակ բուլղարացի պատվիրակի վրա, որն, ի դեպ, նաեւ ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության կոմիտեի ԵԽ պատվիրակության անդամ է:
Խոշոր պարտություն
«Սա նախ դիվանագիտական խոշոր պարտություն է, իսկ բանաձեւի ընդունումը բարդել Կիրիլովի վրա, նշանակում է՝ նաեւ խոստովանություն առ այն, որ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն արել: Կիրիլովն ընդամենը բանաձեւը ներկայացնողն է: Մինչեւ բանաձեւի ընդունումը Հայաստանը նախ՝ պետք է մոբիլիզացներ առաջին հերթին խորհրդարանական պատվիրակությանը՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, երկրորդ՝ մեր դեսպանությունը Բրյուսելում եւ ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում պետք է աշխատեր Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, որպեսզի այդ զեկույցում փոփոխություններ եւ առաջարկներ արվեին: Հայաստանը 3-4 ամիս ժամանակ ուներ պատգամավորների հետ աշխատելու, մոտ 700 պատվիրակների մեջ գոնե մի 5 հոգի պիտի գտնեին, որոնք առաջարկներ, փոփոխություններ անեին բանաձեւում: Ասենք՝ շեշտվեր, որ Ադրբեջանն էլ զավթել է Շահումյանը, Արծվաշենը, կամ՝ որ Թուրքիան իրավունք չունի ԼՂ հակամարտության համատեքստում դերակատար լինել: Դա չի արվել: Սա խայտառակ ձախողում է: Մենք ունենք դեսպանություններ ԵՄ երկրների մեծ մասում, որտեղ մեր դեսպաններն այդ ընթացքում անգործության են մատնված եղել: Ամեն ինչ բարդել բուլղար պատվիրակի վրա՝ ուղղակի ծիծաղելի է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ ու դիվանագետ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, թե «ընդունված բանաձեւը վկայությունն է այն բանի, որ սրանք (ՀՀ իշխանությունները) ոչնչի ունակ չեն, ունակ չեն պաշտպանելու Հայաստանի շահերը, նրանք երթեւեկում են եվրոպաներում, լինում են տարբեր մայրաքաղաքներում, բայց ոչ մի օգուտ Հայաստանին չեն բերում»:
Ավելին, Վլ. Կարապետյանն ասաց, թե Եվրոպական խորհրդարան-Հարավային Կովկասի երկրների խորհրդարանական համագործակցության կոմիտեի պատվիրակությունը՝ մոտ 10 հոգի, այս թվում՝ ԵՄ «desk officer» Անետա Պոպեսկու-Բլեքը, ԵՄ-Հայաստան պատվիրակության նախագահի տեղակալ սլովենացի Զորան Տալերը, երկու ամիս առաջ այցելել է տարածաշրջան, եղել է Վրաստանում: Նրանք այնտեղից կապվել են Երեւանի հետ եւ ցանկություն են հայտնել գալ նաեւ Հայաստան: Հայաստանը մերժել է՝ հայտնի չէ, թե ինչ պատճառով: «Այսինքն՝ պատվիրակներն իրենք են քայլ արել եւ ցանկություն հայտնել գալ Երեւան, ինչը լավ հնարավորություն էր տարածաշրջանի, զեկույցի մասին խոսելու, առաջարկություններ եւ փոփոխություններ ներկայացնելու համար, բայց այդ հնարավորությունն ունենալով՝ իրենք դա էլ են ձախողել»,- հայտարարեց Վլ. Կարապետյանը՝ հավաստիացնելով, թե ԵԽ պատվիրակության վերաբերյալ իր տեղեկությունները ստացել է հենց այն պատվիրակներից, որոնք նաեւ Երեւան գալու ցանկություն են ունեցել:
«Առավոտի» հարցադրումներին ի պատասխան՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը, որը չցանկացավ իր անունից հանդես գալ, վստահեցրեց, թե՝ ՀՀ իշխանությունները փորձել են ոչ միայն մեր դեսպանների, այլեւ այլ կառույցների միջոցով բանաձեւի տեքստը բարելավել ու ավելի հավասարակշիռ դարձնել, բայց չի ստացվել: Մեր զրուցակիցն իբրեւ արդարացում նշեց, թե զեկույցի հեղինակն, ըստ էության, ոչ այնքան բուլղարացի Կիրիլովն է, որքան ադրբեջանցի Էլմար Մամեդովը, որ հիմա Լիտվայի քաղաքացի է եւ ԵԽ-ում սոցիալիստների խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն է: Նրա ասելով, այդուհանդերձ, հայկական կողմին հաջողվել է մեղմել բանաձեւի նախագծում տեղ գտած եւ վերջնական տեքստից արդեն հանված ավելի «բեթար» կետեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել