Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չէին ուզում թասիբի գցել

Մայիս 22,2010 00:00

Այսպես են ԱԺ ընդդիմադիրները բացատրում, թե ինչու «անարգանքի սյանը չգամեցին» ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:

ԱԺ մայիսի 18-ի նիստում «Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորները հանդես եկան հայտարարություններով՝ ընդդեմ օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու օրենսդրական նախաձեռնության: Սակայն հաջորդ օրը, երբ կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր՝ որեւէ պատգամավոր այդ մասին հարց չուղղեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ինչն առիթ տվեց նրան լրագրողներին ասելու. «Ցավում եմ, որ ԱԺ-ում իմ բացահայտ եւ ծպտյալ ընդդիմախոսները չօգտագործեցին այս հրաշալի հնարավորությունը` անարգանքի սյանը գամելու «ապազգային, օտարամոլ եւ մեր անկախության տակ դինամիտ դնող» օրինագիծը: Ցավում եմ, որ այդ ընդդիմախոսների ունեցած արգումենտացիոն պաշարը կամ ունեցած քաղաքական կամքը կամ հեղինակությունը հերիքում է խոսել միայն իմ բացակայությամբ, իսկ իմ ներկայությամբ, ցավոք սրտի, նման ծանր հարցադրումներ չեն բարձրացվում»:
Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Առավոտն» ընդդիմադիրներին հարց ուղղեց, թե ինչու այդ օրինագծի մասին հարց չուղղեցին: «Որովհետեւ այդ հարցերն իր ներկայությամբ քննարկվել են»,- պատասխանեց Անահիտ Բախշյանը, որը եւս մեկ անգամ վերահաստատեց կուսակցության դիրքորոշումը. «Ժառանգությունը» հստակ ասում է «ո՛չ» այդ նախագծին»: Իսկ Ստյոպա Սաֆարյանը լրացրեց. «Արմեն Աշոտյանին այդ օրինագծի կապակցությամբ մեր դիրքորոշումը հայտնվել է շատ այլ տարբեր առիթներով ու ձեւաչափերով՝ դեմ առ դեմ: Իսկ այն, ինչ մեր դիրքորոշման մասին պիտի իմանար հասարակությունը՝ արվել է հայտարարության տեսքով: Դրանից հետո, ինչպես սիրում են կրկնել ՀՀԿ մեր գործընկերները՝ գնդակն իրենց դաշտում է, եւ պիտի պատասխանեն՝ ընդունելի՞ են «Ժառանգության» առաջարկները»: Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, թե մերժելի է քննարկումներն անձնավորելը: Սակայն մի անձնական դիտարկում էլ ինքն արեց. «Ես ռուսախոս, ռուսալեզու տուժած եմ: Գտնում եմ, որ ամեն մի հայ՝ այն էլ Հայաստանում, պետք է իր ուսումը ստանա մայրենի լեզվով»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր հարցին, թե ինչու «ծանր հարցադրումները» դեմ առ դեմ չարվեցին՝ պատասխանեց. «Խնդրի լուծման համար ամենեւին պարտադիր չէ անընդհատ փորձել շոուի վերածել այս երեւույթը: Տվյալ դեպքում՝ հարց տալը վերածվում էր շոուի»: Եվ պնդելով այս հարցով լսումներ կազմակերպելու ՀՅԴ առաջարկը՝ նա ասաց. «Հիմնական նպատակը ոչ թե սա քաղաքականացնելն էր, այլ իսկապես մասնագիտական տեսքի բերելը, կարծիքներ ստանալը եւ ազգային խնդիրը կոնսենսուսով լուծել կարողանալը։ Հակառակ դեպքում՝ մենք կունենանք մի իրավիճակ, երբ թասիբի ինստիտուտն այստեղ կարող է աշխատել եւ՝ ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի։ Այդ տեսակետից, կարծում եմ, շատ ավելի խոհեմ կգտնվի պարոն նախարարը, որ ոչ թե ինքն էլ փորձի քաղաքականացման հարթություն տեղափոխել հարցը, այլ մասնագիտական դիտանկյունից նայի եւ վեր կանգնի այն մոտեցումից, ինչ մինչ այժմ որդեգրել է՝ մասնավորապես հայտարարելով, թե ՀՀԿ ներկայացուցիչների մեծ մասը կառավարության անդամներ են, հետեւաբար՝ կուսակցությունը հավանություն է տալիս իր վարքագծին, կառավարությունը հետ չի կանչելու օրենքի նախագիծը եւ այլն: Սա ոչ թե ի նպաստ հարցի լուծմանը օգտակար գործողություն է, այլ ընդամենը որպես նախարար սեփական դիրքերն ամրապնդելու մի ձեւ: Կարծում եմ, որ պարոն Աշոտյանը պետք է այս մոտեցումից հետ կանգնի եւ իսկապես փորձի քննարկման առարկա դարձնել ըստ էության, ոչ թե՝ ըստ ձեւի։
Եվ համարեք, որ իմ այս հայտարարությունը նաեւ պատասխանն է այն անձանց, այդ թվում նաեւ պարոն նախարարին, որին թվում է, թե իր ընդդիմախոսներն այդքա՜ն քաջություն չունեն։ Ամենեւին ո՛չ: Փա՜ռք Աստծո, Դաշնակցության մասով առնվազն այդ բանը չի կարելի ասել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել