Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵՆՔ ԱՆՈՐԱԿ ՕՐԵՆՔ»

Մայիս 22,2010 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վստահեցնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագիծը եւս կբերվի քրիստոնեական տեսքի

– «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ Դուք եւ ՀՀԿ-ական մի քանի պատգամավոր գովերգեցիք օրինագիծը, հարցեր բարձրացրեցիք, եւ դրանից անմիջապես հետո կիսաընդդիմադիր ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ տպավորություն ստեղծվեց, որ խորհրդարանական կոալիցիայի ներսում չկար որոշակի պայմանավորվածություն այս օրինագծի շուրջ:
– Նախ, մեր կողմից եւ ՀՀԿ-ի կողմից որեւէ կետ այդ օրինագծում չի գովերգվել: Ներկայացվել է օրենքի նախագիծ, մենք հայտնել ենք մեր նկատառումները: Ես անդրադարձա հետեւյալ հարցին. արդյոք երաշխավորվելո՞ւ է, որ օրենքի ընդունումից «Գալա» հեռուստաընկերությունը եւ էլի մեկ մարզային հեռուստաընկերություն, որ մինչեւ 2013թ. լիցենզիա ունեն, հնարավորություն ունենան շարունակել իրենց գործունեությունը, մինչեւ լիցենզիայի ավարտը: Օրինագծի հեղինակները ասացին, որ յուրաքանչյուր մարզում կլինի 1+8 հեռուստաընկերություն, այսինքն՝ մարզերը կկարողանան 9 տարբեր հեռուստաընկերություններից օգտվել: Հաջորդ հարցը՝ ի՞նչ տեղի կունենա 2013-ին, եթե շահած հեռուստատեսությունը ինչ-ինչ պատճառներով չհասցնի թվայնացմանը պատրաստ լինել, եթե ՀՀ-ն չհասցնի ամբողջությամբ անցնել թվայնացման: Բարձրացրինք նաեւ մալուխային հեռուստաընկերության հետ կապված խնդիրները: Օրինագծի հեղինակները նշել էին, որ մալուխայինները մրցույթով չեն անցնելու, իսկ լիցենզավորման պայմանները հեշտացված են: Կամ՝ օրինագծում նշված է, որ լիցենզիա ստացած անձը կամ ընկերությունը իրավունք չունի այն փոխանցել ուրիշին: Մեր հարցերի արդյունքում պարզվեց, որ փոխանցելու իրավունք ունի: Անդրադարձանք մի շարք այլ կարեւոր խնդիրների, եւ արդյունքում, կոալիցիայի որդեգրած սկզբունքի համաձայն, որոշում կայացվեց լսումներ կազմակերպել առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում: ԱԺ նախագահն էլ հորդորեց, որպեսզի խորհրդարանական լսումներ կազմակերպվեն: Նման բան եղավ նաեւ զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածների ապաքրեականացման մասին օրինագծի դեպքում: Այդ ժամանակ եւս օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, հետո եղան լսումներ: Ասացինք, որ նախագիծը բաց է՝ հրապարակային քննարկումների համար: Հիմա նույնը կկատարվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրինագծի քննարկումների ժամանակ:
– Ուզում եք ասել, որ սա ե՞ւս կբերվի քրիստոնեական տեսքի, առանց քաղաքականությա՞ն:
– Այո, մենք ուզում ենք քննարկման առարկա դարձնել այս հարցը, որովհետեւ մենք պետք է կարողանանք ապահովել, մասնավորապես՝ հեռուստատեսություններում բազմակարծության ապահովումը, ՀՀ-ում հասանելիության ապահովումը, ինչո՞ւ ոչ՝ հայրենասիրության եւ բարոյականության քարոզումը հաղորդումների ժամանակ: Լինեն հաղորդումներ, որոնք մեր ապագա սերնդին ճիշտ կդաստիարակեն:
– Դուք ծանո՞թ եք Երեւանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, «Ինտերնյուսի» հայտարարությանը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ: Դրանում նշված է. «Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս օրինագիծը կարող էր մշակվել եւ ներկայացվել դեռեւս 2008-ին, երբ գործող օրենքով նախատեսվում էին մի շարք հաճախականությունների օգտագործման լիցենզավորման մրցույթներ: Սա հաստատում է մեր այն պնդումը, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» 2008թ. սեպտեմբերի 10-ին կատարված լրացումը, որով 2 տարով դադարեցվեցին հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները, ոչնչով հիմնավորված չէր»:
– Վստահ եմ, դեռ էլի կլինեն նոր կարծիքներ, առաջարկություններ, դրանց կգումարվեն ՕԵԿ խմբակցության առաջարկությունները, եւ օրինագծի հեղինակների հետ, ի վերջո, կգանք ընդհանուր հայտարարի:
– Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում կառավարության շտապողականությունը, եթե այսօր պատրաստակամ է, ինչո՞ւ պատրաստակամ չէր երկու տարի առաջ կամ մինչ այս օրինագիծը ներկայացնելը:
– Օրենքի նախագծում նշված է հունիսի 20-ը, իսկ մրցույթները՝ դրանից հետո, վեց ամսվա ընթացքում՝ մրցույթների կազմակերպումը եւ անցկացումը: Կարծում եմ՝ շտապողականությունը բացատրվում է հասցնելու ցանկությամբ, բայց դա չի նշանակում, որ պետք է ընդունենք անորակ օրենք: Քննարկումներ կազմակերպելու ժամանակ ունենք: Մինչեւ հաջորդ քառօրյա 15-20 օր կա, կքննարկենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոտեցումը կարտահայտի, հ/կ-ները եւ այլ շահագրգիռ կողմեր եւս իրենց տեսակետները կարտահայտեն:
– Հիմա արդեն կոնկրետ հեռուստաընկերությունների անուններ են շոշափվում, որոնք կզրկվեն կապուղուց:
– Կլինի մրցույթ, բոլորի փաթեթները կուսումնասիրվեն, ԶԼՄ-ները կարող են ավելի լայն լսարանի համար քննարկման առարկա դարձնել մրցույթի արդյունքները: Կոնկրետ հեռուստաընկերությունների մասով ոչ ոք առայժմ ոչինչ չի կարող ասել:

Հ. Գ. Ի դեպ, հարցազրույցի ընթացքում պարզվեց, որ մայիսի 21-ին Հովհաննես Մարգարյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք 46-ամյա պատգամավորին եւ մաղթում առողջություն եւ բեղմնավոր պատգամավորական գործունեություն` հանուն օրինաց երկրի:
Նշենք, որ մինչ ԱԺ նախագահի ելույթն էր ՕԵԿ խմբակցության անունից իր ելույթում Հովհաննես Մարգարյանը հայտարարել, թե կողմ են քվեարկելու այս օրինագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել