Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական օրգաններից անտեղյակ

Մայիս 21,2010 00:00

Սեռական օրգանները փողոցային ժարգոնով են անվանում. նեղսրտում է գինեկոլոգը

Երբեմն երիտասարդ կանայք դժգոհում են սեռական հարաբերությունների ժամանակ անհասկանալի ցավից: Ոմանց կարծիքով՝ դա էրոզիա կոչվող հիվանդություն է: Տվյալ հիվանդության մասին կանանց մեծամասնությունը սխալ է ինֆորմացված, ինչի հետեւանքով բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում:

Գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Անդրեասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Էրոզիան հիվանդություն է, որը, ինչպես տարածված է կարծել՝ միայն ծննդաբերության հետեւանք չէ: Այն կարող է բժշկական ուրիշ գործընթացների հետեւանք լինել: Էրոզիան կապված է սեռական օրգանների բորբոքումների հետ: Ինչ վերաբերում է դրա առաջացման պատճառներին՝ բացի ծննդաբերության եւ վիժումների հետեւանքով ներքին օրգանների վնասումից, կարող են նաեւ հորմոնային խանգարումները, փոփոխությունները լինեն, չի բացառվում նաեւ ժառանգական գործոնը, որը կարող է պայմանավորված լինել նախատրամադրվածությամբ»:

Հ. Անդրեասյանը նշում է, որ ժողովրդի մեջ տարածված այս կարծիքը, թե ծննդաբերության արդյունքում էրոզիան անցնում է, նույնպես սխալ է: Բժիշկը հավելեց նաեւ, որ էրոզիայի բուժումից հետո յուրաքանչյուր կին կարող է կրկին հղիանալ:

Այնուամենայնիվ, այդ հիվանդության ամենամեծ եւ կարեւոր պատճառը, ըստ գինեկոլոգի, սեռական հիգիենան է:

«Ոչ ոքի խորհուրդ չեմ տա՝ նստել եւ սպասել նախանշանների: Մենք հիմնականում գործ ենք ունենում արդեն սկսված պրոցեսների հետ:

Չպետք է սպասել: Ցանկացած կին, անկախ նրանից՝ առողջ է, խնդիրներ ունի, թե ոչ, պարտավոր է տարին գոնե մեկ անգամ այցելել գինեկոլոգի: Այսօր անգամ 40 տարեկանում տեսնում ենք բարձիթողի քաղցկեղային պրոցեսներ. դատապարտելի է: Չկա բժշկի այցելելու կուլտուրա, դրան փոխարինում է խեղաթյուրված ինֆորմացիայի տարածումը: Մեզ մոտ ավելի շատ ընդունված է վարսավիրանոց գնալ, մանիկյուր-պեդիկյուր անել, քան առողջությանը հետեւել: Այսօր կինը կարող է 3-4 ամիս թարախային արտադրությունով ման գալ ու ասել՝ ժամանակ չունեմ բժշկի գնալու: Բայց ժամանակ ունենա սերիալներ նայելու եւ այլնի համար: Նայում ես՝ խնամված կին, բայց հիգիենայի կանոններից շատ հեռու է. դիլեմա է, չես հասկանում՝ ոնց: Ամենավերջին պատճառը ֆինանսականն է: Որովհետեւ նույն ֆինանսից բողոքող մարդկանց երբ բժիշկը դեղ է նշանակում՝ ոչ ոք չի ասում, որ դեղը թանկ է: Հատկապես երիտասարդ կանանց միակ խնդիրը գրագիտության ցածր մակարդակն է: Գալիս են՝ առանց պատկերացում կազմելու իրենց օրգանների մասին, չգիտեն դրանց կառուցվածքը, անգամ՝ անվանումները: Շատ անգամ այդ անվանումներն ասում են փողոցային ժարգոնով: Այ, սա արդեն շատ ամոթ է»,- եզրափակեց Հ. Անդրեասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել