Անի եւ Աննա Մկրտչյանները ամուսնական զույգերին օգնում են անմոռանալի դարձնել հարսանեկան խնջույքը
Ավելի քան 20-25 տարի առաջ հայկական հարսանիքը կարող էր սահմանափակվել գյուղի փողոցում կամ քաղաքի բակում «խփված» վրանի տակ խնջույքով ու հարսնուփեսի՝ որեւէ լուսանկարչատանը արված լուսանկարով: 10-25 տարի առաջվա հայկական հարսանիքները կազմակերպվում էին հարմարավետ դահլիճ-սրահներում՝ ուր ոչ միայն հարսուփեսան, այլեւ հյուրերը, հարազատներն ու ողջ խնջույքը «անմահանում» էին ինչպես լուսանկարներով, այնպես էլ տեսաֆիլմով: Իսկ հիմա՝ արդեն 10 տարի, հայկական հարսանիքների անբաժանելի մաս է դարձել հատուկ հարսանիքի համար՝ հարսնուփեսի նախապես սովորած պարը: Ավելի քան 10 տարի պարարվեստի նրբությունները ուսանելուց եւ ուսումնասիրելուց հետո, 21-ամյա Անի եւ Աննա Մկրտչյան երկվորյակները այժմ ամուսնանալու որոշում կայացրած զույգերին պարել են սովորեցնում: Սեփական հմտություններին համապատասխան, սակայն միշտ հաշվի առնելով հաճախորդի նախասիրություններն ու ճաշակը:
«Հիմա հարսանիքը, նաեւ ծննդյան տարեդարձը կամ կնունքը նշելը ավելի շատ շոուի են վերածում, ավելի գեղեցիկ է: Ամուսնացող զույգերի՝ հատուկ այդ օրվա համար պատրաստած պարը այդ շոուի մի մասն է դառնում, հաճելի անակնկալ է լինում հյուրերի համար: Հիմա մարդիկ կարողանում են լիարժեք ուրախանալ»,- ասացին երկվորյակ քույրերը: Հայաստանում երիտասարդներն ու աղջիկները ամուսնանում են ինչպես 20-25, այնպես էլ՝ 30 եւ ավելի տարիքում: Ըստ Անիի եւ Աննայի, իրենց ծառայությունից օգտվողները հիմնականում մինչեւ 25 տարեկաններն են, ովքեր շատ ավելի հեշտությամբ են պարը, շարժումները սովորում: «Քիչ ավելի բարձր տարիքի անձինք մի տեսակ բարդույթավորված են, հատկապես՝ տղաները»,- ասաց Անին, իսկ Աննան հավելեց, որ հայկական պարերը ավելի արագ սովորում են աղջիկները, տղան՝ խնդիրներ է ունենում. «հայկական պար պարելու համար կեցվածք է պետք մշակել, մեր պարերը արագ շարժումներով են ու տղաները դժվարանում են»: Քույրերի կարծիքով, վալսը տղաները ավելի արագ են յուրացնում, սա էլ այն պատճառով, որ վալսում շարժման ու քայլերի առյուծի բաժինը աղջկանն է. «տղան երկու-երեք շարժում է փոխում, իսկ աղջկա դերը ավելի մեծ է, աղջիկը ավելի շատ շարժումներ է փոխում, վալսի ժամանակ ողջ կամ գրեթե ողջ ուշադրությունը աղջկա վրա է»: Ամեն դեպքում մեկ պար սովորելու համար զույգերը ծախսում են մոտ մեկ շաբաթ, սակայն Անի եւ Աննա երկվորյակների վերջին հաճախորդ զույգը հաջողել է երկու օրում «սերտել» վալսը, ու քույրերը դրանից միայն ուրախ են:
Անին ու Աննան ասացին, որ այսօր հազվադեպ են զույգերը սահմանափակվում մեկ պարով ու երկու-երեք պար են սովորում: Եվ եթե մի քանի տարի առաջ ապագա հարսն ու փեսան, որպես կանոն, իրենց հարսանեկան երեկոյի համար պատրաստում էին մեկ հայկական եւ մեկ պարահանդեսային (հիմնականում՝ վալս) պար, ապա այժմ քիչ չեն զույգերը, որ «լատինո» ոճի պար են պատվիրում: «Կրկնեմ, հարսանիքը այժմ շոու է, որը պետք է անմոռանալի լինի, ու զույգերը աշխատում են իրենց եւ ուրախացող ընկեր-հարազատ-բարեկամներին անմոռանալի պահեր պարգեւել: Հաճախորդ ենք ունեցել, որ իսպանական պար է ուզել: Մենք էլ սովորեցրել ենք»,- ասացին քույրերը:
Պարարվեստն էլ իր կանոններն ունի, իր տրամաբանությունը, չի կարելի հայկական պարի էլեմենտները վալսի կամ տանգոյի մեջ օգտագործել, բայց Անին ու Աննան ամեն հաճախորդ զույգի համար աննախադեպ, անկրկնելի պար են բեմադրում: «Կարեւոր չէ՝ վալս է պատվիրել, թե այլ պար: Պարը բեմադրվում է հենց այդ զույգի համար ու անպայման իրենց նախընտրած երաժշտությունն ենք վերցնում: Մենք առաջարկում ենք՝ նրանք ընտրում են: Եղել են դեպքեր, երբ զույգը իր դպրոցական կամ ուսանողական տարիների սիրած երաժշտությունն է բերել, որը թեկուզ եւ վալս է, բայց հարսանեկան չէ: Բեմադրել ենք պարը, ու զույգը շատ գոհ սովորել ու հարսանիքին պարել է: Կա երեք-չորս երաժշտություն, որ բոլորի սրտով էլ կլինի, ու եթե զույգը ոչ մի երաժշտություն չհավանի, սրանցից մեկը հաստատ կընտրի»,- պատմեցին երկվորյակները:
Անին ու Աննան իրենց հաճախորդներին չեն նեղացնում ոչ մի դեպքում, այդ թվում եւ՝ ծառայության դիմաց վճարի: «Մեկից ավելի պար սովորողին զեղչեր ենք անում, չի եղել դեպք, երբ ընտանիք կազմելու որոշում ընդունած եւ հարսանեկան պար սովորելու եկած զույգին մերժենք»,- ասացին քույրերը: Ի դեպ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի որդու՝ Երվանդի եւ նրա ընտրյալ Լիլիթի (այս հարսանիքը լուսաբանվել է «Առավոտում») հարսանեկան երկու պարն էլ բեմադրել եւ զույգին սովորեցրել են Անին ու Աննան:
Այսօր երկվորյակ քույրերի հաճախորդները միայն հարսանեկան իրարանցման մեջ գտնվողներն են, սակայն միայն հարսն ու փեսան չեն: Լինում են դեպքեր, երբ, բացի հարսնուփեսի պարից, զույգերը պատվիրում են նաեւ պարեր՝ հարսի ու նրա ընկերուհիների, փեսայի եւ նրա ընկերների համար: Ծննդյան տարեդարձերի կամ կնունքների համար պարեր՝ մեր հայրենակիցները առայժմ չեն պատվիրում: Սակայն Անին ու Աննան որոշել են, որ արծաթե եւ ոսկյա հարսանիք նշող զույգերին պար կսովորեցնեն անվճար: Նույնը կանեն, եթե որեւէ ծերանոցի բնակիչներ զույգ կազմելիս հարսանեկան պար սովորելու ցանկություն հայտնեն:
Անին ու Աննան երիտասարդ զույգին պար սովորեցնելով՝ իրենց գործը արած են համարում, սակայն եղել են զույգեր, որ պարուսույց երկվորյակ քույրերին էլ են հրավիրել հարսանիքին՝ միասին վայելելու հանդիսատեսի ծափերն ու ոգեւորությունը: Քույրերը ժամանակի սղության եւ զբաղվածության պատճառով հրավերներին արձագանքել չեն կարողանում, սակայն զույգերին խնդրում են՝ տրամադրել իրենց բեմադրած պարի տեսագրությունը: «Ալբոմ ենք հավաքում: Մի քանի օր առաջ բլոգ ենք բացել՝ dikadance.blogspot.com: Հաճելի կլինի ինչպես շփումը, այնպես էլ՝ մեր արածի մասին կարծիքներ ու տեսակետներ լսելը, հաճույքով կպատասխանենք հարցերին»,- ասացին Անի եւ Աննա երկվորյակները: