Օրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կամարների ներքո հանդես եկավ Երեւանի պետկոնսերվատորիայի Կ. Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախումբը՝ «Փարոս» կամերային երգչախմբի հետ, որն աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշռող մեծամասնությունը սայլակ օգտագործող հաշմանդամներ են։ Հնչեց Ա. Վիվալդիի «Գլորիան», մենակատարներ՝ Տաթեւ Մովսիսյան, Անահիտ Արսենյան, ղեկավարությամբ՝ Րաֆֆի Միքայելյանի:
Հայ խմբերգային արվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած զգալի ներդրման, ինչպես նաեւ հասարակական ակտիվ գործունեության համար «Ունիսոն» հ/կ-ի եւ «Փարոս» կամերային երգչախմբի գործադիր տնօրեն, կոմպոզիտոր Արմեն Ալավերդյանը պարգեւատրվեց մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։ Համերգից հետո միջոցառման մասնակիցները դիտեցին նաեւ թանգարանի ցուցասրահները:
Ինչպես նշեց միջոցառման նախաձեռնող «Թանգարանների աշխատողների եւ բարեկամների ասոցիացիայի» տնօրեն Մարինե Հարոյանը, իրենք երկու նպատակ էին հետապնդում՝ նախ տարբեր խմբերի հաշմանդամներին, ինչպես նաեւ մանկատներում եւ ծերանոցներում ապրող մեր հայրենակիցներին հաղորդակից դարձնել մշակութային ժառանգությանը, եւ երկրորդ՝ հասարակության եւ պետության ուշադրությունը հրավիրել սակավաշարժ մարդկանց համար միջավայրի մատչելիության, հաշմանդամների մշակութային ինտեգրման խնդիրներին։