Երեկ WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, նույն ինքը՝ «Կատաղի Ցուլը», Ավստրալիայում տարավ հերթական հաղթանակը: «Տաշիր Գրուպի» նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին Հայաստանի դրոշի պատիվը պաշտպանող աշխարհի բացարձակ չեմպիոնը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով (120:103, 118:105, 116:108) հաղթեց WBO չեմպիոն Էրիկ Բարսելոնային:
Որ Դարչինյան-Բարսելոնա մարտը կայանալու էր մայիսի 20-ին, «Առավոտը» տեղեկացրել է այդ որոշումը կայացնելու հաջորդ օրը: Սակայն երեկ բռնցքամարտի սիրահար մեր ընթերցողներից շատերը հեռախոսազանգերով «ահազանգում» էին, թե հեռուստաէկրանին հայտարարվել է, թե մենամարտի ուղիղ եթերով հեռարձակումը լինելու է մայիսի 23-ին:
Մենք այլ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համար պատասխանատու չենք: Պարզաես, հիմա էլ տեղեկացնում ենք, որ Վիկը երեկ 12 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ Էրիկ Բարսելոնային հաղթել է միավորների 120:103, 118:105, 116:108 տարբերությամբ: Ավելին, ռեֆերին՝ ռինգի մրցավարը, Բարսելոնային երկու անգամ պատժել է գոտկատեղից ներքեւ հասցրած հարվածների համար: