Իսպանիայի Վալենսիա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որին մասնակցում են մինչեւ 17 տարեկան մարզիկները, Հայաստանի ծանրորդները շարունակում են հաղթարշավը:
56 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճած Սմբատ Մարգարյանին հաջորդ օրը միացավ Վլադիկ Կարապետյանը (62 կգ): Սակայն, ի տարբերություն Սմբատի, որն ըստ էության արժանի մրցակից չուներ, Վլադիկը պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ մղված դժվարին պայքարի արդյունքում: Այնպես որ, նրա տարած հաղթանակը ոչ միայն կամային է, այլեւ մեզ համար սկզբունքային:
Պոկում վարժությունում հայ պատանին, ինչպես նաեւ ադրբեջանցի Ֆիրուդին Գուլիեւն ու թուրք Էմրե Բույուկունլուն, ցույց տվեցին հավասար՝ 112 կգ արդյունք, եւ Վլադիկը անձնական քաշի պատճառով արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Իսկ թե հետագա պայքարում ո՞վ ավելի ուժեղ կլինի եւ երկամարտում կնվաճի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, որոշելու էր երկրորդ՝ հրում վարժությունը: Հենց այստեղ էլ հայ մարզիկն իր հիմնական մրցակիցներին ցույց տվեց իրենց տեղը: Սկսելով 136 կգ-ից՝ մեկով ավելի, քան ադրբեջանցին, Վլադիկն ստանձնեց առաջատարի դերը եւ այն այլեւս չզիջեց: Ադրբեջանցին երկրորդ մոտեցումով ծանրաձողի քաշը բարձրացրեց միանգամից 5 կգ-ով ու վարժությունը հաջող կատարեց: Նաեւ հոգեբանական ճնշում գործադրելու այդ հնարքը, սակայն, չազդեց մեր մարզիկի վրա: Ընդունելով մարտահրավերը՝ Վլադիկը նույնպես իր արդեն ֆիքսած քաշին ավելացրեց նույնքան կիլոգրամ ու հստակ սանձեց այն՝ պահպանելով մեկ կիլոգրամի առավելությունը: Այս ընթացքում Բույուկունլուն արդեն դադարեցրել էր ոսկու համար պայքարը եւ մտածում էր միայն բրոնզի մասին:
Վճռորոշ մոտեցման ժամանակ Գուլիեւը ձախողեց 145 կգ-ն, իսկ դա նշանակում էր, որ Վլադիկ Կարապետյանը, անկախ վերջին մոտեցումից (նա եւս չբարձրացրեց իր պատվիրած 146 կգ-ն), նվաճել է հրում վարժության եւ երկամարտի՝ 253 կգ, Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
62 կգ քաշային կարգում հանդես էր գալիս նաեւ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին՝ Վարդան Միլիտոսյանը: Սակայն նա այս անգամ չմիջամտեց ուժեղագույնների պայքարին եւ երկամարտի 235 (105+130) կիլոգրամով բավարարվեց 6-րդ տեղով:
Նույն օրը երեկոյան մրցահարթակ մտավ մեր միակ աղջնակը՝ 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, որը նույնպես լիովին արդարացրեց հույսերը՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Ուրախացնում է, որ չնայած Իզաբելան ընդամենը 16 տարեկան է եւ նման բարձրակարգ մրցումների այնքան էլ հարուստ փորձ չունի, Վալենսիայում աչքի ընկավ ամուր նյարդերով ու հաջող կատարեց բոլոր մոտեցումները: Պոկում վարժությունում հայ մարզուհին 72 կգ-ով արժանացավ փոքր բրոնզի, հրումում ցույց տվեց երկրորդ արդյունքը՝ 91 կգ (փոքր արծաթ) եւ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 163 կիլոգրամ՝ դարձավ արծաթե մեդալակիր:
Այսպիսով, առայժմ մրցահարթակ մտած մեր չորս ծանրորդներից երեքը՝ Սմբատ Մարգարյանը, Վլադիկ Կարապետյանը եւ Իզաբելա Յայլյանը, միասին Հայաստանի համար ընդհանուր առմամբ նվաճել են ինը մեդալ, որոնցից 5 ոսկե եւ 2-ական՝ արծաթե եւ բրոնզե:
Երեկ Հայաստանը մասնակից չուներ: Սակայն 69 կգ քաշային կարգում Ուկրաինայի դրոշի ներքո հանդես էր գալու հայազգի Ռոման Զարգարյանը:
Այսօր մրցահարթակ մտնելու էին 77 կգ քաշայիններ Արեն Ներսիսյանն ու Րաֆֆի Մելիքյանը: Նրանց անչափ դժվարին պայքար է սպասվելու: Իսկ վաղը նոր մեդալների ակնկալիքներ ունենք Համլետ Պողոսյանից՝ 94 կգ եւ Գոռ Մինասյանից ու Միշա Մուրադյանից (երկուսն էլ՝ +94 կգ քաշային կարգ):
Ադրբեջանցիները
սկանդալ են սարքել
Եվրոպայի պատանիների առաջնությունում ադրբեջանցիները մարզական մրցակցությունը փորձել են վերածել քաղաքական սկանդալի:
Այն բանից հետո, երբ մրցավարները չեն հաշվել 62 կգ քաշային ծանրորդ Ֆիրուդին Գուլիեւի՝ հրում վարժությունում 145 կգ-ին կատարած մոտեցումը, Ադրբեջանի պատվիրակությունը բողոքների տարափ է տեղացել մրցավարական հանձնաժողովի վրա՝ քաշքշուկի մեջ ներգրավելով նաեւ EWF-ի նախագահ Անտոնիո Ուրսոյին: Սակայն կազմակերպիչների բոլոր հիմնավորումները նրանց չեն բավարարել եւ, ի նշան բողոքի, հարեւան երկրի մարզիկին թույլ չեն տվել մասնակցել վերջնական պարգեւատրման արարողությանը, որի ժամանակ Գուլիեւը պետք է կանգներ Վլադիկ Կարապետյանից մեկ աստիճան ցածր եւ դահլիճում պետք է բարձրանար մեր Եռագույնը, հնչեր Հայաստանի օրհներգը: Ավելին, ըստ «Առավոտի» ունեցած տեղեկությունների, ադրբեջանցիները թիկունքով են կանգնել մեր դրոշին՝ աշխարհին ցույց տալով իրենց իսկական դեմքը եւ ով լինելը: Այ, սա արդեն քաղաքական սկանդալ է, որը պետք է ծանրամարտի միջազգային ու եվրոպական ֆեդերացիաներում, ինչու չէ՝ նաեւ ՄՕԿ-ում լրջագույն քննարկման արժանանա: