Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան»՝ առանց ծիրանի

Մայիս 21,2010 00:00

«Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը յոթ սարերի հետեւում չէ

Չնայած այս տարի, ինչպես այգեգործներն են նշում, ծիրան համարյա չի լինելու, բայց «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնը հաստատ կկայանա՝ հուլիսի 11-18-ը:

«Այս տարի փառատոնի շեշտադրությունը հայկական կինոն է լինելու»,- երեկ կայացած ասուլիսին այսպես ներկայացրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Նրա համոզմամբ, հայկական կինոն մեծ առաջընթաց ունի. «Ոսկե ծիրանի» հաջողություններն էլ ակնհայտ են: Նախորդ տարիների նման փառատոնի օրերին կինոյի տոնախմբություն է լինելու: Բացի բազմաբովանդակ ծրագրերից, բացելու ենք հայկական կինոյի 4 մեծերի աստղերը»: Փառատոնն այս տարի ստացել է մոտ 500 հայտ՝ աշխարհի 75 երկրներից։

Այս տարի փառատոնը լեցուն է հոբելյաններով՝ կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ծննդյան 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի եւ Խորեն Աբրահամյանի 80-ամյակները, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը: «Ծիրանցիները» չեն մոռացել նաեւ կյանքի 75-րդ տարում դեռ ակտիվ նկարահանվող դերասան Արմեն Ջիգարխանյանի, Անրի Վերնոյի ու Ատոմ Էգոյանի հոբելյանները:

Ինչ վերաբերում է երեւանյան պրեմիերաներին, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն ասաց. «Այս անգամ ավելի հարուստ ֆիլմացանկով ենք ներկայանալու՝ Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Բեռլինի փառատոնի գլխավոր մրցանակակիր Կապլանօղլուի՝ «Մեղրը», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ N 6»-ը, Քշիշտոֆ Զանուսիի «Փոխայցը» եւ այլ ժապավեններ»։

«Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնեց, որ արդեն մտածում է 8-րդ փառատոնի ծրագրերի մասին. «Համարում եմ, որ 2010-ն արդեն կայացած է եւ մնացել են միայն ներկայացումները: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Ոսկե ծիրանը» եւ մշակույթի նախարարությունը՝ այս երեք մարմինները կամ, եթե կարելի է ասել՝ ապրանքանիշները աշխատում են միասին՝ համախմբված ծառայելու մի գերագույն ապրանքանիշի՝ հայրենիքի, հայ ինքնության համար: Երբ այս փառատոնը սկսեց արտասահմանի հետաքրքրությանը արժանանալ, համարում ենք, որ կարողացանք հասնել այն մակարդակին, որ մեր ինքնությունն ավելի ճանաչելի է դարձել արտերկրում: Շատ ազգեր ու պետություններ իրենց շոյված են զգում, որովհետեւ ունեն կինոփառատոներ, մենք նրանց պարզ կարող ենք ասել, որ ձեզ հավասար ենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել