Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մրցույթներին՝ հաղթելու ակնկալիքով

Մայիս 21,2010 00:00

Սոնա Բարսեղյանի հաջողությունները

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության համագործակցության արդյունքում հաճախ մեր երաժշտասերներին են ներկայանում երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք նվագախմբի հերթական համերգի (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) մենակատարն է կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանի 4-րդ կուրսի ուսանող, դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը: Կհնչի Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»: Պարոն Սարաջյանից հետաքրքրվեցինք՝ համարձակ քայլ չէ՞ հանրահայտ այս ստեղծագործության մեկնաբանությունը վստահել թեկուզ շնորհալի երիտասարդ երաժշտի: «Սոնան իմ դասարանում է դեռեւս Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից: Նա 11 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց Վրաստանում անցկացված միջազգային մրցույթին, որին հաջորդեցին շուրջ տասը հանրապետական եւ միջազգային մրցույթները: Այս փաստն արդեն վկայում է նրա՝ երաժշտի պատրաստվածության, փորձի, հարուստ ու բազմազան ծրագրի մասին: Դաշնակահարուհին համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական մի շարք երկրներում: Մասնակցել է նաեւ աշխարհահռչակ Նորմա Ֆիշերի, Վլադիմիր Կրայնեւի, Ֆիլիպ Կասարի վարպետության դասերին: Չեմ կասկածում նրա կատարողական վարպետությանը, սակայն մինչեւ վերջին պահը հայտնում եմ իմ ցանկությունները երկի մեկնաբանման առիթով»,- ասաց Ս. Սարաջյանը:

Հետաքրքրությանը, թե, արդյոք, մտադի՞ր է առաջիկայում եւս շարունակել իր մրցութային «արշավը», Սոնան պատասխանեց. «Ինձ հետաքրքիր է ցանկացած մրցույթին մասնակցելը: Ճիշտ է, տարիներ անց ես այսօր այլ հայացքով եմ նայում դրանց, սակայն պետք է խոստովանեմ, որ դեռեւս դպրոցական տարիներից մրցույթներին մասնակցել եմ հաղթելու ակնկալիքով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել