Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Մայիս 21,2010 00:00

Այցելությունների ռեկորդային թիվ

«Թանգարանային գիշեր» ակցիային մասնակցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության Բնության թանգարանը՝ մայիսի 15-ին գրանցելով այցելուների ռեկորդային թիվ: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն ասում է, որ այդ օրը շուրջ 2500 այցելու են ունեցել, մանկապարտեզի երեխաներից սկսած, վերջացրած տարեցներով: Եվ եթե մյուս թանգարանները «գիշերը» սկսել են ժամը 18-ից, իրենք ժամը 13-ից են սպասարկել: Նա նաեւ հավելեց, որ, այսպես թե այնպես, բոլոր օրերին էլ իրենց թանգարանում մուտքն անվճար է: Թանգարանի տնօրենը նաեւ պատմեց, որ այդ օրը, բացի զուտ բնապահպանական միջոցառումներից, Ա. Խանջյանի անվան թիվ 53 դպրոցի սաները «Մկների ժողովն» են բեմադրել՝ մթնոլորտի աղտոտվածության «համատեքստում», բացվել է «Բնությունը եւ արվեստը» խորագրով ցուցահանդես: Այժմ էլ դեռ ցուցադրվում են ժողովրդական վարպետների ու երիտասարդ ստեղծագործողների ձեռքի աշխատանքներ, այդ թվում՝ բատիկա, ապակու կտորներից եւ ծաղկաթերթերից պատրաստված, նաեւ ասեղնագործ նկարներ ու գոբելեն:

Ցուցադրության եւ մասսայական աշխատանքների բաժնի վարիչ Ռուզաննա Զոբաբուրյանը գոհ է թանգարանի այցելուներից, ասում է՝ դպրոցականների հետ աշխատելիս առաջին հերթին բնապահպանական քարոզչությունն են իրականացնում: «Հենց նոր էքսկուրսիա էի վարում… Երեխաներին ասում եմ՝ ինչքան էլ ձեր մայրիկները տունը մաքուր պահեն, այն մաքուր չի լինի, եթե կեղտոտ է ձեր փողոցը, բակը եւ մուտքը: Ասում եմ՝ քաղաքից դուրս գնալիս պլաստիկե շշերն ու մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սպասքը մի նետեք, ինչպես դուք, այնպես էլ կենդանիներն ու բույսերը դա չեն ուտում … Անցյալ տարի Հաղարծինում էի, աղբաման կար դրված, բայց աքաղաղի փետուրները հենց գետի մոտ էին պոկոտել, աղբի մի մասն էլ ոչ թե արկղի մեջ, այլ՝ կողքին լցրել: Մի խոսքով, մեզ մոտ ցածր է այդ կուլտուրան: Մեր նպատակը երեխային համապատասխան դաստիարակություն տալն է, թող մի երկու էքսպոնատի անուն էլ չհիշի, բայց տպավորված հեռանա բնության թանգարանից: Երեխաների մեջ փորձում ենք սեր առաջացնել բնության հանդեպ, ասում, որ անտառների խիստ պակաս ունենք: Ինչ-որ ձեւով մեր երեխաների ու թոռների թթվածինն ապահովել ենք, բայց նրանցից հետո եկող սերնդինը՝ ոչ: Խորհուրդ ենք տալիս կանաչ տարածքներ ունենալու համար ծառեր տնկել ու անպայման խնամել»,- ասում է տիկին Զոբաբուրյանը, որ թանգարանի «հնաբնակներից» է:

Կենդանի բնության ցուցադրության սեկտորի վարիչ Աշոտ Չիթիրյանից էլ հետաքրքրվեցինք, ինչո՞ւ մեր տեղական ձկները չկան իրենց թանգարանում: Նա պարզաբանեց, որ, օրինակ, հայկական տառեխիկ բազմացրել են ակվարիումային պայմաններում: Հնարավորության դեպքում պատրաստ են ստեղծել նաեւ տեղական մյուս ձկների առանձին ցուցադրություն, բայց խնդիր ունեն. ամռանը ջրի ջերմաստիճանը բավականին բարձրանում է, իսկ մեր գետերի եւ լճերի ձկներն այդ ջերմաստիճանին չեն դիմանա: Եթե լիներ սառեցնող համակարգ, թանգարանի 2000 լիտրանոց ակվարիումում կցուցադրեր ոչ միայն հանրահայտ իշխանը, այլեւ մյուս ձյկնատեսակները: «Թե չէ, ձկնորսներն երբեմն չգիտեն՝ ինչ ձուկ են բռնում»,- ասում է Ա. Չիթիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել