Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկարգությունները վերածվել են ազգամիջյան բախումների

Մայիս 21,2010 00:00

\"\"Ղրղըզստանի հարավային Ջալալաբադ քաղաքում արդեն մի քանի օր շարունակվող անկարգությունների ֆոնի վրա կտրուկ լարվել են նաեւ տեղի բնակիչների՝ էթնիկ ղրղզների եւ էթնիկ ուզբեկների հարաբերությունները:

Ինչպես փոխանցում է BBC-ն՝ քաղաքում հանրահավաք անցկացնող մոտ 3000 մարդ պահանջում է պատասխանատվության ենթարկել ուզբեկական համայնքի առաջնորդ Կադիրժան Բատիրովին, որին մեղադրում են ազգամիջյան խտրականություն սերմանելու եւ զենք բաժանելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, ցուցարարները ծեծի են ենթարկել մարզպետ Բեկտուր Ասանովին, որը փորձել է հանգստացնել ցույցի մասնակիցներին:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Ջալալաբադում ազգամիջյան բախումներից հետո, որոնց արդյունքում երկու մարդ էր զոհվել եւ 50-ը վիրավորվել էին, մարզում արտակարգ դրություն էր մտցվել: Ականատեսների պատմելով, մի քանի հազար էթնիկ ղրղզներ փորձել էին գրոհել Ժողովուրդների բարեկամության համալսարանը, որը համարվում է տեղի ուզբեկական համայնքի կենտրոնը: Ի պատասխան, ավելի քան 1000 էթնիկ ուզբեկ շարժվել էր մարզկենտրոն, որտեղ այդ պահին հավաքված էին եղել էթնիկ ղրղզները: Երկու դեպքում էլ կողմերի գրոհները միմյանց վրա կանխել էին հատուկջոկատայիններն ու զորքերը:

Երեկ ազգամիջյան բախումները շարունակվել են: Ղրղըզստանում ստեղծված իրավիճակն անհանգստացրել է նաեւ միջազգային հանրությանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը կողմերին բռնություններ գործադրելուց ձեռնպահ մնալու կոչ է արել:

Ընդսմին, Ղրղըզստանի նոր իշխանությունները խոստացել են, որ հինգշաբթի օրը հրապարակվելու է երկրի նոր Սահմանադրության վերջնական նախագիծը, որով առաջարկվում է անցնել պետական կառավարման խորհրդարանական համակարգի: Սահմանադրության նախագիծը դրվելու է համաժողովրդական հանրաքվեի, որը տեղի է ունենալու հունիսի 27-ին: Երկրում նախագահի ընտրությունները որոշված է անցկացնել 2011թ. հոկտեմբերից ոչ ուշ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել