Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծիծակային տրամաբանություն

Մայիս 21,2010 00:00

Երեկվա ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր բողոքը հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ օտարալեզու կրթության ներդրման «մասով»: «Հեռուստատեսությամբ լսում եմ, ասում են՝ ուզո՞ւմ եք լավ կրթություն ունենալ, օտար լեզուները պիտի գան, կարծեք թե վատ կրթության մեղավորը հայոց լեզուն է: Սա մեղադրանք է հայոց լեզվի հասցեին,- ասաց Հ. Բագրատյանն ու ավելացրեց:- Կուզենայի շպրտել խոսքը, եւ կոպիտ ձեւով վերադարձնել նախարարին եւ էդ կին պատգամավորուհուն՝ ձեզ հավաքեք»: Բագրատյանը կարծում է, որ լեզուն եւ պետական անկախությունը ազգությունը դարձնում են ազգ. «Սա թող իմանա ե՛ւ էդ տիկինը, ե՛ւ էդ նախարարը»: Նախկին վարչապետը ողջունում է ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն կամ թուրքերեն դպրոցներ բացելը ազգային փոքրամասնությունների համար, բայց դեմ է օտարալեզու կրթությանը. «Եթե ուզում եք լեզու իմանալ, ընտրեք դպրոցները, խորացրեք լեզուները, բայց դպրոցը պետք է մնա հայերեն»: Անդրադառնալով ազգային արժեք կոչվածին, այդ բնագավառում տեսության հեղինակ Բագրատյանը կարծում է, որ չի կարելի նեղ ազգայինը վերցնել ու ասել՝ արժեք է. «Ազգային պետք է լինի այն արժեքը, որը նաեւ համամարդկային է: Եթե մի բան ես ստեղծել, որը պետք է սպառի վրացին կամ ռուսը, ուրեմն արժեք ես ստեղծել: Համաշխարհային է, օրինակ, Արամ Խաչատրյանը, Մովսես Խորենացին, Կոմիտասը, որին որոշ դեղնակտուցներ քննադատում են, բայց մարդիկ հաջողությամբ լսում են ու հիանում»: Բագրատյանը նշեց, որ այսօր մեծ խնդիր կա իշխանությունների հետ նման կարգի խոսակցություններ վարելու. «Խորովածը ազգային արժեք չէ, որովհետեւ բոլորն այդ միսը խորովում, ուտում են: Մենք ծիծակային տրամաբանություն ենք զարգացրել»: Ասուլիսի ժամանակ դրսից հանկարծ դուդուկի տխուր հնչյուններ լսվեցին, ինչին հետեւեց Բագրատյանի ռեպլիկը. «Տեսե՛ք, հայոց լեզուն են թաղում…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել