Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն անդրադարձավ Հարավային Կովկասին

Մայիս 21,2010 00:00

Եվ «մի մուշտի էլ» մեզ տվեց

\"\"«Հայաստանում լրագրողների դեմ հարձակումները, ինչպես նաեւ ընդդիմության ակտիվիստ եւ լրագրող Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 18-ի համաներումից հետո էլ շարունակվող ազատազրկումը մտահոգում են եվրոպացի խորհրդարանականներին»,- նշված է այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձեւում։

Հինգշաբթի օրը քվեարկության դրված փաստաթղթի նախագիծը, որ հստակեցնում է Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվել էր դեռ ապրիլի սկզբին։ Բանաձեւի հեղինակը՝ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը, նիստի ընթացքում հայտարարել է. «Հարավային Կովկասը Եվրամիության համար զուտ սահմանակից տարածաշրջան չէ։ Միության համար այն ռազմավարական նշանակություն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ անվտանգության նկատառումներից ելնելով»։

Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հարավկովկասյան երեք պետությունների ղեկավարներին զգուշացրել է, որ համագործակցությունն առանց բարեփոխումների անհնարին է. «Եվրամիության հետ մերձեցման պարտավորությունը, որ ստանձնել են մեր հարավկովկասյան գործընկերները, պետք է հանգեցնի քաղաքական կայունության ամրապնդմանը, ժողովրդավարության ու շուկայական տնտեսության ուղղությամբ հետագա առաջընթացին։ Մենք կոչ ենք անում Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին առաջ շարժվել ժողովրդավարության, բազմակարծության վրա հիմնված ժամանակակից հասարակության ստեղծման ու հարեւանների հետ խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Ընդունված փաստաթղթի հեղինակները բավական մանրամասն կերպով անդրադառնում են հարավկովկասյան սառեցված հակամարտությունների՝ նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։

«Եվրոպական խորհրդարանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի բանակցությունների դինամիկ ընթացքը։ Դրա ապացույցներից մեկը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների թվով վեց հանդիպումներն էին, որ տեղի են ունեցել 2009 թվականին եւ ընթացել են մոսկովյան հռչակագրի ոգուն համապատասխան»,- նշված է բանաձեւում։

Փաստաթղթում նաեւ կարդում ենք. «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված եւ միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը։ Կողմերին նաեւ կոչ ենք անում զերծ մնալ 1994 թվականին հաստատված հրադադարի խախտումներից»:

Եվրոպական խորհրդարանը նաեւ դատապարտում է Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարը, ինչպես նաեւ կոչ է անում «զերծ մնալ սադրիչ քաղաքականությունից ու հռետորաբանությունից, հրահրիչ քայլերից ու պատմության խեղաթյուրումից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել