Կառավարման տեսանկյունից ավելի հեշտ է ճնշում գործադրել գործադիր իշխանության որեւէ ներկայացուցչի, քան օրենսդիր մարմնի վրա: Լեզվի մասին օրենքում հայոց լեզվով դասավանդման պահանջն անհնար էր դարձնում ազգային անվտանգության տեսանկյունից արտաքին գործոնների ազդեցությունը, որն առկա է ցանկացած մշակույթի պարագայում: Ակնհայտ է, որ փոքր ծածկույթ ունեցողները նման ազդեցություններին կարող են չդիմանալ:
Վերջերս ՀՀ լեզվի մասին օրենքում առաջարկված փոփոխությունները հիմնավորված չեն թե ազգային անվտանգության, թե ինքնության պահպանման (որը ըստ էության ազգային անվտանգության խնդիր է), թե տնտեսական զարգացման ու մրցունակության տեսանկյունից, որի մասին խոսում են մեր նորօրյա կառավարիչները: Բացի այդ, կրթության որակի վրա այս նորամուծության ազդելու պնդումը որեւէ հիմք չունի: Իսկ ենթադրությունները՝ դպրոցների քանակը եւ կրթական պետական պահանջները ենթաօրենսդրական ակտերով կարգավորելու ու սահմանափակելու մասին, չեն դիմանա արտաքին լայնածավալ մշակութային հոսքերին: Ուստի, մենք վերջնականապես կզրկվենք այն հողից, որի վրա պիտի կառուցվի հասարակությունն ու պետությունը:
Աշխարհում վաղուց արդեն հետազոտվել են մայրենի լեզվով ուսուցման առավելությունները երկու՝ մտագործունեության եւ լեզվամտածողության տեսանկյունից: Փորձեմ բերել այդ օրինակներն ու փաստարկները: Կրթության փորձագետների հետազոտությունները, այդ թվում նաեւ ներգրավված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Համաշխարհային բանկի նման հեղինակավոր կառույցներից, ցույց են տալիս, որ մայրենի լեզվով ուսում չստացած երեխաների մեծ մասը տարրական դպրոցի ավարտին ձեռք են բերում կարդալու եւ դանդաղ մտածելու խնդիրներ:
Որոշ փորձագետներ Աֆրիկայում կրթության ձախողման փաստում որպես լուրջ գործոն ներկայացնում են գաղութացման անցյալով պայմանավորված՝ օտարալեզու դասավանդումը: Վերջինս ունի նաեւ այլ օբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են աֆրիկյան բնիկ ցեղախմբերի լեզուների բանավոր լինելու փաստը, նշանային ոչ ամբողջական համակարգի ու նաեւ կրթական-մեթոդական նյութերի բացակայությունը: Հայաստանն այդ երկրների շարքին դասել չի կարելի, չնայած վերջինս նույնպես ունեցել է գաղութացման անցյալ, որի մասին կխոսվի հաջորդիվ:
Միացյալ Նահանգների դեպքում, մասնավորապես Կալիֆոռնիայի նահանգում, իսպանալեզու միգրանտների հոսքի մեծացումը՝ մի կողմից եւ Առաջարկություն 227, որն ըստ էության արգելում է բիլինգվալ կրթությունը, արդեն իսկ հսկայական տնտեսական կորուստների պատճառ է: Քանի որ իսպանալեզու երեխաները, ովքեր ստիպված են սովորել անգլերեն լեզվով (այն, ի դեպ, օտար լեզու է այս երեխաների համար), հետագայում, որպես կանոն, ցածրակարգ հմտություններ պահանջող աշխատանքներ են կատարում: Սա ազդում է Կալիֆոռնիայի համախառն արդյունքի վրա: Հետեւաբար, օտարալեզու կրթության պարագայում մեր երեխաների մրցունակ, լայնախոհ եւ այլ մշակույթ ընկալող մարդ դառնալու պնդումները գիտական փաստարկներին չեն դիմանում:
1999 թվականին ԱՄՆ–ի Հյուսիսային Դակոտայի համալսարանում կազմակերպված միջազգային սեմինարն ի մի բերեց տասը երկրների մայրենի լեզվի դասավանդման տեսական ու փորձնական արդյունքները: Առանց բացառության վերահաստատվեց մայրենի լեզվով դասավանդման կարեւորությունը, մասնավորապես պարտադիր դպրոցական տարիներին երեխայի սոցիալացման ընթացքում:
Ես կառաջարկեմ մեր կառավարիչ տեսաբաններին ու մասնագետներին վերընթերցել Բերգսոնի «Նյութն ու հիշողությունը» փիլիսոփայական աշխատությունը՝ աշխարհը ճանաչելու մեխանիզմը հասկանալու համար: Դրանք իրականացվում են պատկերների միջոցով, որոնց մասին հաղորդակցություն տալու համար մարդիկ ստեղծել են օրինակ՝ լեզվի նման նշանային համակարգեր: Ըստ էության, իրական ու երեւակայական պատկերների համախումբը մտքի “լինգվա ֆրանկան” է: Երեխան իր մտագործունեությունը սկսում է առկա իրերի աստիճանական յուրացմամբ, որին միջավայրի օգնությամբ կցում է հնչյունային նշաններ: Դպրոցում արդեն սովորում է տարբերել գրավոր նշանները տառերի լեզվով, եւ խնձորի պատկերը վերածվում է “խնձոր” բառի: Երեւակայական ու վերացարկված մտածողության ձեւավորման համար երեխան պետք է կարողանա տեսանելի առարկաների նշանային համակարգին կցել անտեսանելի հասկացությունների բառերը: Օրինակ՝ բնության մեջ միրգ առարկան գոյություն չունի, սակայն երեխան խնձորը, տանձը եւ այլ մրգերը գիտակցելու դեպքում, նրան կարելի է հեշտությամբ բացատրել “միրգ” հասկացությունը՝ դրան կցելով համապատասխան լեզվով նշանային համախումբը: Հիմա պատկերացրեք իր միջավայրում տեսանելի, պարզ, կենսագործունեությունը բնութագրող առարկաների հետ մի նշանային համակարգում հարաբերվող երեխային, որը հասկացությունների համակարգում այլ լեզվով է դրանք սահմանում: Այդ խզումը հանգեցնում է մտագործունեության տկարության, որը արգելակում է երեւակայությունը: Թող ինձ ասեն՝ ի՞նչ է մշակույթն ու գիտությունը, եթե ոչ երեւակայություն:
Խնդիրները դառնում են խրթին մշակութային հասկացությունների մակարդակում: Ի՞նչ պատկեր է առաջանում, երբ լսում եք հայերեն “ժողովրդավարություն” բառը, իսկ ռուսերեն՝ «վՈՐՏՊՏՉսՈրՑՌպ»-ն կամ անգլերեն “democracy-ն: Լեզուն պայմանավորում է մտապատկերները եւ ըստ բնութագրիչների փոքր, բայց եւ առանցքային տարբերություններ հաղորդում մշակույթներին ու ձեւավորում համարժեք աշխարհայացք: Իսկապես, ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Այս բառերը միշտ արդիական կլինեն միայն մեկ լեզվի շրջանակում չխզված, ավարտուն, պատկերավոր աշխարհընկալում ունեցող մարդկանց համար, ովքեր այն աստիճանաբար կամրջում են այլ լեզուներով արտահայտված պատկերային համակարգերի՝ մշակույթների հետ:
Հիմա վերադառնանք մեր տխուր անցյալին: Այսօր ձեր երեխաներին “քիվ, “շրիշակ” բառերը ասելիս՝ իրենց միտքը “պատկերադարանից” հեշտությամբ գտնում է համարժեք պատկերը: Նույնը փորձեք “սովետահպատակ” սերնդի ներկայացուցիչների հետ: Մինչ օրս ես դժվարանում եմ ընտրել՝ այդ բառերից որն էր պլինտուսը եւ որը՝ “կառնիսը: Իմ հայերենը “կառնիսային” է: Նորանկախ Հայաստանում վերջապես լեզուն սկսեց աստիճանաբար գրավել նոր տարածքներ՝ անհրաժեշտություն առաջացավ մասնագիտական ու պաշտոնական բառեր սինթեզել ու հայրենացնել: Օրինակ՝ “կրթակարգը, համացանցը եւ այլ բազում բառեր, որոնք լեզվամտածողության նոր մակարդակ ու հարստություն բերեցին մեզ: Լեզվական “կորպուսը ընդլայնվել ու այնքան գործառնական է այսօր, որ էլեկտրոնայնացման, գրադարանների ու թարգմանող, ուղղագրությունը ստուգող միջոցների անհրաժեշտություն կա, շնորհիվ վերջինիս կրողների: Հայալեզու կրթությունն ու հայերեն հաղորդակցելու պահանջը ստեղծեց այս պահանջարկը: Այն սովետական տարիներին տկարացած էր, քանի որ կենցաղից դուրս դրա անրաժեշտությունը չկար: Իսկ եթե հիշում եք, հաճախ հայալեզու մարդը անցյալում հնամաշ ու գավառական էր թվում: Դա ոչ իր, ոչ էլ քննադատողների մեղքը չէր, այլ մեռնող նշանային համակարգինը: Ի դեպ, վերջինիս հիմքերը դրվեցին 20-ական թվականների բոլշեւիկյան դեկրետով: Այն ժամանակ բոլշեւիկյան պարագլուխները հեռուն տեսնելով՝ հայերենի նշանային համակարգից վերացրին, օրինակ, արարչի ու աստվածային ընկալման նշանները՝ «է»-ն, «օ»-ն: Իրենց տեսանկյունից սա ու մնացած փոփոխությունները հավաքական անդեմ սովետական ինքնությամբ անաստված երկրի կերտման համար շատ խորքային ու մտածված էին: Մասնավորապես լուրջ նշանային համակարգ ունեցող լեզվի դեպքում այն ստեղծողները ուժեղ ինքնության կրողներ էին՝ թշնամիներ: Այսօր մենք մաշտոցյան կոչվող լեզվին անհաղորդ ենք եւ փոխարենն աստիճանաբար հասունացնելու այդ խզման վերացման օբյեկտիվ իրականությունը, նորանկախ Հայաստանի “ազգայնական” նախարարը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, իսկ մշակութային, գիտական համայնքներն ու կառույցները լռում են: Տեսնես ինչո՞ւ: