Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ արդեն երրորդ ամիսն է, ինչ սողանքները քանդել են Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքի ավտոճանապարհի մոտ 400 մետրանոց մի հատված, առավել վտանգավոր, գրեթե անանցանելի է մոտ 100 մետրանոց հատվածը: Ավտոմեքենաների վարորդները, իրենց նախաձեռնությամբ, բավականին թեք ու վտանգավոր տարածքով բացել են շրջանցիկ ժամանակավոր ճանապարհ, որը, սակայն, դարձյալ քանդման վտանգի տակ է:
Ըստ մարզպետարանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը կատարվածի մասին դեռ մարտին է տեղեկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Վերջինիս հանձնարարությամբ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը կատարել է ուսումնասիրություն, համաձայն որի՝ անիմաստ է սողանքների հետեւանքով քանդված այդ ճանապարհի վրա ներդրում կատարելը: Առավել հարմար է Գետիկ գետի վրա կառուցել մոտ 30 մետր թռիչքով կամուրջ եւ մոտ 1,5 կիլոմետր շրջանցիկ ճանապարհ, որպեսզի Կալավան եւ Բարեպատ բնակավայրերում ամբողջությամբ վերականգնվի ճանապարհային երթեւեկությունը, սողանքների սպառնալիքն էլ վերանա: Երեք ամիս անց, սակայն, ՀՀ կառավարությունը շրջանցիկ ճանապարհի շինարարության մասին որեւէ հայտարարություն չի արել:
Հ. Գ. Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 19-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել: Խոսել են Սեւանա լճից, Մարտունու, Երանոսի եւ Զոլաքարի, Աստղաձորի պոմպակայաններից, համայնքների վարչական սահմաններում երկրորդ հատվածի հողերի ընդգրկման գործընթացից, իսկ ահա «շրջափակված» գյուղի մասին՝ ոչ մի խոսք: