Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի գյուղատնտեսությունը ճգնաժամ է ապրում

Մայիս 21,2010 00:00

Մարզպետարանում կարծում են, որ գյուղատնտեսությունը ոտքի հանել ու գյուղերի ամայացումը կանխել՝ հնարավոր է  ֆերմերային տնտեսությունները զարգացնելու միջոցով:

Սյունիքում շարունակ տեղացող անձրեւների պատճառով լուրջ վնասներ է կրել մարզի գյուղատնտեսությունը: Բացի անձրեւներից, վերջերս տեղացած ձյունն էլ է բացասաբար անդրադարձել այգեգործության վրա: Անբարենպաստ եղանակից հատկապես տուժել են կորիզավորների ընտանիքին պատկանող ծառատեսակները՝ բերքի կորուստը 30 տոկոս է: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի՝ մարզի այգեգործությունը մոտ 457 միլիոն դրամի վնաս է կրել: Դեռեւս մարտ-ապրիլ ամիսներին Սյունիքի այգիները տուժել էին ցրտահարությունից՝ մոտ 130 միլիոն դրամի վնաս էր հաշվարկվել: Այս մասին մարզպետարանը տեղեկացրել է ՀՀ գյուղնախարարությանը:

Չդադարող տեղումներից շարունակում է վնասներ կրել աշնանացանը: Պարոն Խաչատրյանի փոխանցմամբ՝ Կոռնիձոր, Խնձորեսկ, Տեղ, Սպանդարյան գյուղերից ահազանգել են մարզպետարան, որ աշնանացանի արտերում նկատվում է ժանգային հիվանդություն, ծիլերի փտման, նեխման եւ նման երեւույթներ: «Մեր մարզի մասնագետները գյուղնախարարության աշխատակիցների հետ եղել են Խնձորեսկում ու Կոռնիձորում եւ արձանագրել, որ տարածված սնկային եւ այլ հիվանդությունների պատճառը հիմնականում եղել է ցանքաշրջանառության ոչ ճիշտ կատարումը, վարակված սերմը, ցորենի անհերթափոխ մշակումը եւ այլն: Սա շատ մեծ խնդիր է, սերմաթարմացում մոտ 10 տարի է՝ չի կատարվում, մարդիկ ցանում են այն, ինչ ունեն, որն էլ բերում է այսօրվա իրավիճակին: Մենք չենք կարող ամբողջ մարզում վերահսկողություն իրականացնել, մոտ 18 հազար գյուղացիական տնտեսություն կա, որ զբաղվում է ցորենի մշակմամբ եւ տարիներ շարունակ նույն սերմը ցանելով՝ կանգնել է այս իրադրության առաջ: Ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի փրկել միայն սերմանյութերի թարմացման միջոցով: Իսկ մարզին ոչ գարնանացանի, ոչ աշնանացանի համար սերմ չի հատկացվել, չնայած նախարարությունից խոստացել էին այս տարի գարնանացանի համար 2000 տոննա սերմ հատկացնել, բայց այդպես էլ չտրամադրվեց: Հուսով սպասում ենք, որ գոնե աշնանացանի համար սերմացուով կաջակցեն Սյունիքին, այլապես եկող տարի ընդհանրապես սերմացու չենք ունենալու, քանի որ եղած բերքից արդեն հույսներս կտրել ենք»,- ասում է գյուղվարչության պետը:

Ահազանգերը մարզի համայնքներից շարունակվում են: Միայն Կոռնիձորում շարքից դուրս է եկել արդեն 500 հեկտար աշնանացան: Մարզում այս տարի 13 հազար հեկտար աշնանացան է կատարվել: Քաջիկ Խաչատրյանը նշում է, որ պետական մակարդակով պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերվի այս խնդրին, քանի որ սերմերի պակասի պատճառով մարզում մշակվող ցանքատարածությունները գնալով նվազում են: Ամեն տարի մարզում կատարվում էր 6-7 հազար հեկտար գարնանացան, բայց այս տարի ընդամենը 2,5-3 հազար հեկտար գարնանացան կարվի: Գարնանացանին խանգարում է անբարենպաստ եղանակը, որի պատճառով մարզի բարձրադիր գոտիներում այս աշխատանքները նոր են սկսում:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը դեռեւս անցած տարվանից է ահազանգում, որ սերմանյութի մեծ խնդիր է ուենալու մարզը, բայց՝ անարդյունք («Առավոտ», 12.09.2009՝ «Սյունիքում հոգսերը շատ են»): «Ես վաղուց էի կանխատեսել ու պարբերաբար հարցը բարձրացնում էի, բայց արդյունք չկա: Եթե փոխհատուցումներ չեն տրամադրում, գոնե մարզին դրա փոխարեն սերմանյութով ապահովեն, այլապես մարզի գյուղատնտեսությունը ճգնաժամից դուրս չի գա»,- հավելում է զրուցակիցս եւ խնդրի լուծման իր տարբերակը առաջարկում: «Պետք է հզորացնել ֆերմերային տնտեսությունների պոտենցիալը: Այսօր մարզում միայն մեկ սերմարտադրող միություն կա, որտեղ 6-7 ֆերմեր է ընդգրկված եւ որոնց ստացած բերքը չի բավականացնում ամբողջ մարզին: Պետք է ֆերմերների թիվն ավելացնել, ինչն էլ իր հերթին կբերի մշակվող տարածքների մեծացմանը: Յուրաքանչյուր գյուղում մի քանի ֆերմերային տնտեսությունների ստեղծմամբ՝ տվյալ գյուղը կապահովվի որակյալ ու անհրաժեշտ քանակի սերմանյութով: Սա է խնդրի ամենաճիշտ տարբերակը, քանի որ ֆերմերային տնտեսությունների ավելացմամբ՝ նոր աշխատատեղեր կստեղծվեն, բացի այդ, խոտի բավարար պաշար ունենալը կբերի անասնապահության զարգացմանը, իսկ դա իր հերթին կփրկի գյուղերն ամայացումից ու կխթանի դրանց զարգացումը»,- վստահ է Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը:

Ապրիլի 22-ին՝ «Կանխել Սյունիքի գյուղերի ամայացումը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքում եւ գյուղապետերը խնդրել են քայլեր ձեռնարկել՝ գյուղերը ամայացումից փրկելու համար: Մեկ ամիս անց հրապարակային ոչ մի քայլ չի ձեռնարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել