Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱԽԱԳԻԾ»

Մայիս 21,2010 00:00

\"\"Հայ ուսուցիչները ամերիկյան ծրագրով աշակերտներին սովորեցնում են ունենալ ակտիվ դիրքորոշում եւ ազնիվ վերաբերմունք:

1994 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիա նահագնի «Քաղաքացիական կրթության կենտրոնը» սկսեց մի նախաձեռնություն, որի նպատակն է բարձր դասարանների աշակերտների, պատանիների եւ երիտասարդության շրջանում իրականացնել քաղաքացի դաստիարակելու ծրագիր, մարդ՝ որը կունենա քաղաքացիական հասարակությունում ապրելու հմտություններ, ունակություններ եւ գիտելիքներ: Այսօր այս նախաձեռնությանը միացել է ավելի քան 60 երկիր, մոտ երկու միլիոն ուսուցիչ եւ աշակերտ: Հայաստանը ծրագրին մասնակցում է 2008 թվականից, նախաձեռնությունը Հայաստանում անվանվել է «Քաղաքացի նախագիծ. համայնքային խնդիրների հետազոտում», իրականացնող՝ «Սիվիթաս-Հայաստան» կազմակերպություն, ղեկավար՝ Տիգրան Թովմասյան:

Ըստ «Քաղաքացի նախագիծ» ծրագրի իրականացնող ուսուցիչ, մարզերի դպրոցներում աշխատանքները համակարգող Աշոտ Եղիազարյանի, այսօր մարդկային դրական արժեքները առաջին պլան բերելու խնդիր կա, քանզի մարդկային տարրական պահանջմունքները անտեսվում են, առկա են անառողջ մրցակցություն եւ սոցիալական տարբեր չարիքներ եւ հենց այս ամենը վերացնելու համար է պետք քաղաքացիական կրթությունը: «Քաղաքացի նախագիծ. համայնքային խնդիրների հետազոտում» ծրագրի նպատակն է աշակերտի մեջ հանրային կյանքին պատասխանատու մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքներ սերմանել եւ հմտություններ զարգացնել: Ծրագրի հեղինակները ուսումնական ձեռնարկում հատուկ ընդգծում են, որ իշխանությունների իրականացրած հանրային քաղաքականությունը հասարակության հետ համաձայնեցված քայլերն են:

Աշոտ Եղիազարյանի խոսքով, 2008-ին Հայաստանում պիլոտային ծրագրով առաջին վեց ուսուցիչները ԱՄՆ-ից եկած մասնագետների օգնությամբ վերապատրաստվել են, որից հետո ծրագիրը իրականացվել է Երեւանում եւ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Շիրակի մարզերում: Վերջին 2,5 տարում «Քաղաքացի նախագիծ» համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրության ծրագրով վերապատրաստվել է 350 ուսուցիչ, 2008-2009 ուստարում ծրագրին մասնակցել է 1500, իսկ 2009-2010 ուստարում՝ 1750 աշակերտ:

Նախագծի հեղինակները վստահ են, որ ծրագրի միջոցով երեխաները գործնական փորձով ուսանում են, թե ինչպես կարելի է միասին աշխատել հանուն ավելի լավ եւ բարեկեցիկ համայնքի: Իսկ դրա համար աշակերտները ներկայացնում են հիմնախնդիրը, դրա լուծման իրենց՝ այլընտրանքային տարբերակը, եւ լուծումը կյանքի կոչելու գործողությունների պլանը: Այս տարվա համար վանաձորցի աշակերտները անտառների պահպանման խնդիրն են ուսումնասիրել, արթիկցիները՝ քաղաքի ֆուտբոլի խաղադաշտի հարցը, այլք՝ հանրային խաղահրապարակների պակասը, թափառող կենդանիների հարցը, հաշմանդամ երեխաների ինտեգրացիայի խնդիրը եւ այլն: «Առաջին շնորհանդեսին ներկա օտարերկրյա հյուրերը բարձր կարծիք հայտնեցին, պատասխանատու եւ արդյունավետ աշխատանքի արդյունքներ տեսան, որովհետեւ երեխաները վերհանել էին հիմնախնդիրներ, որ բնորոշ են ամբողջ հանրապետությանը՝ նաեւ լուծման տարբերակներ էին առաջարկել: Այս ծրագրով երեխան սովորում է վերլուծել տեղեկատվությունը եւ իշխանություններին առաջարկել ծրագիր, որը իշխանությունները կարող են օգտագործել իրենց քաղաքականությունը բարելավելու համար: Մեր՝ մանկավարժներիս աչքի առաջ երեխաները բարելավում են իրենց բնութագրերը, դառնում են ավելի պատասխանատու, պատկերացում են կազմում, թե ինչ ասել է լինել քաղաքացի, ունենալ ակտիվ դիրքորոշում եւ ազնիվ վերաբերմունք շրջապատին»,- ասաց Աշոտ Եղիազարյանը: Մայիսի 26-ին կայանալու է ծրագրի երկրորդ շնորհանդեսը, որին մասնակցելու է ՀՀ մարզերի 30 դպրոցների 500 աշակերտ: «Քաղաքացի նախագիծ» ծրագրի վերջնական նպատակը կրթության արդյունավետության բարձրացումն է, գիտակից մոտեցում ցուցաբերող, արդյունավետ աշխատանքի մեթոդիկային տիրապետող քաղաքացի եւ ընդհանրապես բարելավված քաղաքացիական միջավայր ունենալը՝ այն, ինչ պետք է մարդուն կյանքում»,- բանաձեւեց Աշոտ Եղիազարյանը:

Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ծրագիրը շարունակական է եւ կիրականացվի նաեւ ՀՀ այլ մարզերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել