Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտելիքո՞վ դիպլոմ, թե՞ դիպլոմով գիտելիք

Մայիս 21,2010 00:00

Կոռուպցիայի հետեւանքով տուժում է ինքնուրույն իր տեղը գտնել ցանկացող անհատը

20-ամյա Անին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի է: Մանկավարժական բուհն ավարտելուն պես, Անին համալրելու է մարզում եղող մանկավարժների՝ առանց այդ էլ մեծաքանակ շարքերը:

«Մանկավարժների պահանջարկ չկա, բայց մի տեղ պետք է սովորել, չէ՞,- ասում է Անին,- եթե չաշխատենք էլ, ի վերջո, սովորելով՝ մարդու մակարդակը բարձրանում է»:

Նա կարծում է, որ հենց կոռուպցիան է պատճառը, որ ավարտելուց հետո աշխատանք չեն գտնում. «Ինչ-ինչ միջոցներով գնահատական են ստանում, ավարտելուց հետո էլ գիտելիք չեն ունենում»:

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարութայն 2009-2012թթ. ծրագրի՝ կոռուպցիան կրթական ոլորտում առավել տարածված է եւ հարցումների համաձայն կազմում է 91.8 տոկոս:

Իսկ կրթության ոլորտը հիմնականում առնչվում է երիտասարդության հետ, ուստի. «Կարելի է ասել, որ, փաստորեն, Հայաստանում կոռուպցիայի տարածվածության ու դրա ընկալման կամ հետեւանքների վերաբերյալ առավել շատ կարելի է խոսել երիտասարդների ներգրավվածության մասին, ովքեր անմիջականորեն կրում են կոռուպցիայի հետեւանքները՝ բացասական իմաստով»,- պարզաբանում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատվական բաժնի համակարգող Հայկուհի Հարությունյանը:

Ըստ նրա՝ աշխատանքի ընդունվելիս բացակայում է մրցակցությունը. «Երիտասարդը չի գնահատվում իր կարողությունների եւ ունեցած գիտելիքներին համապատասխան, այլ՝ իր ծանոթների, բարեկամների կամ համապատասխան ֆինանսական, նյութական հնարավորությունների սահմաններում»:

Գիտելիք ունեն, թե ոչ՝ դպրոցն ավարտելուց հետո յուրաքանչյուրը մտածում է ինչ-որ տեղ սովորելու մասին՝ որպես պարտադիր պայման:

Սովորույթի համաձայն, մեր երիտասարդները ձգտում են ստանալ համապատասխան կրթություն. «Մենք կադրեր ենք տալիս, որոնք, չգիտենք՝ ինչի համար են պետք, ինչքան են պետք: Մեր կրթությունը նպատակային չէ: Այսինքն՝ ոչ խրախուսվում են համապատասխան մասնագիտացման ձգտող ուսանողները, ոչ էլ հակառակը՝ կրճատվում են ծավալները»,- ասում է իրավախորհրդատուն:

Կոռուպցիոն ռիսկերն այս պարագայում ավելի են աճում, գործազրկության մեծ ցուցանիշներն էլ ինչ-որ տեղ այստեղից են ծագում:

Վանաձորցի Անահիտն էլ արդեն ավարտել է բուհն ու համալրել աշխատանք չունեցողների շարքերը: Կոռուպցիայի միջոցով երբեւէ հարց չի լուծել, ինքնուրույն հաղթահարել է ծագած խնդիրները:

Անահիտը համոզված է, որ կոռուպցիան, բացի վնասից, ոչ մի լավ բան չի տալիս. «Հիմնականում խանգարում է, որովհետեւ դրա առկայության դեպքում մարդիկ չեն ձգտում սեփական ուժերով հաղթահարելու խնդիրները, հեշտին են ձգտում, իսկ դա ավելի վնաս է, քան՝ օգուտ»:

Անահիտի կարծիքով, կոռուպցիոն երեւույթները չեն օգնում ո՛չ ուսանողներին, ո՛չ աշխատանքի ընդունվողներին, ո՛չ էլ գործատուներին:

Ստացվում է, որ կոռուպցիան մեկին կարող է օգնել, մյուսին՝ խանգարել, այս շղթայում տուժում է ինքնուրույն իր տեղը գտնել ցանկացող անհատը:

ՎՊՄԻ-ին կից գործող Հեռակա ուսուցման եւ կարիերայի կենտրոնում կազմակերպվող վերապատրաստումներին գործունեության 1 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ե՛ւ ուսանողներից, ե՛ւ շրջանավարտներից վերապատրաստվել են 20-ը: «Չեն գալիս, պարզապես: Դիմողները քիչ են: Երեւի մտածում են, թե աշխատանքի տեղավորման համար իրենց ուրիշ բաներ են պետք եւ ոչ թե զուտ գիտելիք: Ցավալին այն է, որ ուսանողը չի ստիպում քեզ աշխատել, դու ես մտածում՝ ուրիշ ինչ անես նրանց համար, բայց եղածն էլ արձագանք չի գտնում: Դա ամենադժվարն է»,- մտահոգություն է հայտնում կենտրոնի աշխատանքների պատասխանատու Նելսոն Ստեփանյանը:

«Բուհը ուսանողին չի կարող աշխատանքով ապահովել, բուհն այդ ծրագիրը չունի, մենք կարող ենք միայն օգնել աշխատանք գտնելու հարցում»,- շարունակում է նա:

Անի Մկրտումյանն էլ կենսաբանության ապագա ուսուցչուհի է: Թեեւ Անին անձամբ չի առնչվել կոռուպցիային, այնուամենայնիվ, կարծիք է ձեւավորել նման երեւույթների նկատմամբ. «Դա ի սկզբանե եղել է, կա ու չեմ կարծում, որ որեւիցե կազմակերպություն եւ որեւիցե միջոց կարողանան խոչընդոտել դրան, որպեսզի վերանա: Կոռուպցիան կա եւ պետք է գործի, ամբողջ աշխարհում տարածված երեւույթ է՝ հատկապես հասարակության մեջ եւ բոլոր ոլորտներում: Շատ կազմակերպչական միջոցառումներ են կատարվել, որ կոռուպցիան վերանա, սակայն չեմ կարծում, որ որեւիցե ոլորտում կոռուպցիան կարող է այն աստիճանի վերանալ, որ ընդհանրապես չգործի»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավախորհրդատու Հայկուհի Հարությունյանն էլ կոռուպցիոն երեւույթների բացասական հետեւանքների խորքում ավելի մեծ պատճառներ է տեսնում: «Այսօր նույնիսկ համապատասխան ուսումնական հաստատությունը կամ բաժինը ընտրելու ժամանակ ուսանողը կամ ապագա դիմորդը ավելի շատ շահագրգռվում է նրանով, թե որ ոլորտից ինքը հետագայում կկարողանա ոչ օրինական եկամուտ կամ օգուտ ստանալ»,- եզրափակում է նա:

Անկախ նրանից՝ ինչ միջոցներով են երիտասարդները դիպլոմ ստանում, ավարտելուց հետո կանգնելու են աշխատանք ունենալ-չունենալու առջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել