Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՌԱՆԳԻՑ ՓՈՐՁԵԼ ԷԻՆ ԽԼԵԼ ՆՐԱ ՏՈՒՆԸ

Մայիս 21,2010 00:00

Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կ. Թադեւոսյանը, քննարկելով Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակչուհի Կարինե Հարությունյանի՝ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումի շուրջ նախապատրաստված նյութերը, այս տարվա ապրիլի 8-ին որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը, չիրականացնել Հովհաննես Խաչատրյանի (Հանրապետական տեխնիկական գույքագրման բյուրոյի Մասիսի տեղամասի պետ) նկատմամբ քրեական հետապնդում՝ վաղեմության ժամկետն անցած լինելու, իսկ Վարսենիկ Մարտիրոսյանի նկատմամբ՝ նրա մահացած լինելու հիմքով:

Մասիսի քննչական բաժանմունքի որոշման մեջ նշվում է, որ 1991թ. Կոլյա Թարվերդյանի մահից հետո, նրա երկրորդ կինը՝ Վարսենիկ Մարտիրոսյանը, որպես ժառանգություն ընդունել է ամուսնուն պատկանող գույքի 1/2 բաժինը եւ դարձել տան միանձնյա սեփականատեր, իսկ նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Վարսենիկ Մարտիրոսյանը 1992թ. ապրիլի 9-ին, կեղծելով կազմել եւ օգտագործել է ամուսնու մահից հետո նրա միակ ժառանգ հանդիսանալու մասին փաստաթուղթ, որը ներկայացրել է Մասիսի նոտարական գրասենյակ: Նույն այդ ժամանակահատվածում վիճելի տանը բնակվել են նաեւ Կ. Թարվերդյանի որդին՝ Գեւորգը, նրա կինը՝ Կարինե Հարությունյանը եւ նրանց որդին՝ Սուրեն Թարվերդյանը:

«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է այս գործին: Հիշեցնենք, որ Գեւորգ Թարվերդյանի մահից հետո հարազատ հորաքույր Հասմիկ Թարվերդյանը մահացած եղբոր միակ ժառանգին՝ հաշմանդամ, անչափահաս Սուրենին զրկել էր տանիքից, տիրացել նրա տանը, այնուհետեւ այն նվիրել իր դստերը՝ Քրիստինե Իսրայելյանին:

Կ. Հարությունյանը տարիներ հետո էր իմացել կատարվածի մասին եւ դիմել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել իր եւ որդու սեփականության իրավունքը տան նկատմամբ: 2008թ. հունիսի 13-ի վճռով նրա հայցը մերժվել էր:

2009թ. նույն դատարան է դիմել Կ. Հարությունյանի որդին՝ Սուրեն Թարվերդյանը, պահանջելով անվավեր ճանաչել 1992թ. Վ. Մարտիրոսյանի (խորթ տատի) անվամբ տրված ժառանգության իրավունքի եւ սեփականության իրավունքի վկայագիրը, 1993 թ. Վ. Մարտիրոսյանի եւ Հ. Թարվերդյանի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագիրը, 2007թ. նվիրատվության պայմանագիրը, Քրիստինե Իսրայելյանի անվամբ 2007թ. կատարված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը տան նկատմամբ, որպես ներկայացման իրավունքով առաջին հերթի ժառանգ ճանաչել իր սեփականության իրավունքը վիճահարույց տան նկատմամբ: Մարզի դատարանի 2009թ. դեկտեմբերի 23-ի վճռով Ս. Թարվերդյանի հայցը նույնպես մերժվել էր եւ նա բերել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ դատարանը, նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան, դատավորներ՝ Ն. Բարսեղյան եւ Ա. Մկրտչյան կազմով, քննելով Սուրեն Թարվերդյանի բողոքը, վերջապես վերականգնեցին արդարությունը եւ բավարարեցին Սուրենի պահանջը, բեկանելով Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Քաղգործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Դատարանը նման եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայցվորի հայրը մինչեւ մահը՝ 1993թ., մայրը եւ ինքը՝ ծնված օրից (1983թ.) առայսօր բնակվում են վիճելի տանը եւ թե՛ Վ. Մարտիրոսյանը, թե՛ Հ. Թարվերդյանը եւ թե՛ Քրիստինե Իսրայելյանը գույքը ձեռք բերելիս իմացել են, որ հաշմանդամ Սուրեն Թարվերդյանը հոր մահից հետո շարունակել է փաստացի տիրապետել ժառանգական գույքը: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չէր առել Քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի 3-րդ մասի դրույթները՝ ժառանգության ընդունումը փաստացի տիրապետման հիմքով, որտեղ մասնավորապես նշվում է, որ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը: Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չէր առել նաեւ Քաղաքացիական օրենսգրքի 127 հոդվածը, ըստ որի՝ կոլտնտեսային ծխի գույքը պատկանում է նրա անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով: Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության 53 եւ 132 հոդվածներով ամրագրված պահանջներին:

Եթե Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը ժամանակին քննության առներ եւ համապատասխան գնահատական տար նշված հանգամանքներին ու փաստերին, ապա չէր լինի տարիների այս քաշքշուկը: Հույս ունենք, որ սույն գործով կիրականացվի նոր, օբյեկտիվ քննություն՝ ամբողջ ծավալով, որի ընթացքում դատարանը կանդրադառնա վերը նշված հարցերին ու փաստարկներին, որից հետո միայն կկայացնի հիմնավորված դատական ակտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել