Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանձնաժողովի 15 աշխատակից կրճատվելու է

Մայիս 21,2010 00:00

Բայց մյուս աշխատակիցներն առավել արդյունավետ են գործելու

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջերս որոշում է ընդունել հանձնաժողովի աշխատակազմում կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարելու: Այդ փոփոխությունների արդյունքում հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչությունը, վարչատնտեսական եւ վերահսկողության վարչությունները պետք է լուծարվեն:

Հանձնաժողովի որոշ աշխատակիցներ մտահոգություն ունեն, որ սույն որոշումով մի շարք աշխատակիցներ աշխատանքից կազատվեն:

Բանն այն է, որ այս տարվա փետրվարի 15-ին ՀՀ վերահսկիչ պալատը որոշում էր կայացրել եւ հաշվետվություն ներկայացրել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության գործունեությունը պետք է ավելի արդյունավետ դարձնել: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովից, հաշվի առնելով այդ եզրակացությունը, եւ նույն խնդրի հետ կապված Եվրամիության խորհրդատվական խմբի առաջարկը՝ հանձնաժողովը որոշել է ուժը կորցրած ճանաչել հանձնաժողովի աշխատակազմի նախկին կանոնադրությունը, որը հաստատվել էր 2007թ. հուլիսի 18-ին եւ աշխատակազմում փոփոխություններ կատարել: Նպատակն այն է, որ աշխատակազմի կողմից դիտանցումների, վերահսկողական, ներքին փաստաթղթաշրջանառության գործառույթներն առավել արդյունավետ իրականացվեն: Իսկ այդ ամենն անելու համար, ինչպես հանձնաժողովից են հայտնում, օգտագործել են եվրոպական լավագույն փորձը:

Ինչ վերաբերում է այն աշխատակիցներին, որոնց հաստիքները պետք է կրճատվեն, նրանք երկար գործազուրկ չեն մնա, քանի որ այդ աշխատակիցները քաղծառայողներ են: Մենք Քաղծառայության խորհրդից աշխատակիցների ճակատագրի հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք: Խորհրդից «Առավոտին» հայտնեցին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սահմանված կարգով իրենց տեղեկացրել է, որ կանոնադրության մի շարք կետեր եւ ենթակետեր ուժը կորցրած են ճանաչվել: Ըստ այդմ, Քաղծառայության խորհուրդը, հիմնվելով հանձնաժողովի այդ որոշման վրա, քաղծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ է կատարել: Արդյունքում՝ ուժը կորցրած է ճանաչվել հանձնաժողովի աշխատակազմի 15 քաղծառայության պաշտոն: Խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի պարզաբանմամբ՝ «Այս փոփոխության արդյունքում պաշտոններից ազատված քաղծառայողները կարող են գրանցվել քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում»: Թե ովքեր են մնալու հանձնաժողովի աշխատակազմում եւ ովքեր են լքելու հանձնաժողովը՝ 15-օրյա ժամկետում պետք է նոր հաստիքացուցակներ կազմվեն, որից հետո կրճատված աշխատակիցները պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում քաղծառայության խորհուրդ պետք է ուղարկի զբաղեցրած պաշտոններից ազատված քաղծառայողների անձնական գործերը՝ կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու համար: Կարճաժամկետ ռեզերվում մեկանգամյա գտնվելու ժամկետը վեց ամիս է, որի ընթացքում ռեզերվում գտնվող անձինք դեռ կհամարվեն քաղաքացիական ծառայողներ եւ կվարձատրվեն այնքան, որքան վերջին պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել