Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՀԱԽԻՑ ԿԳԱ՞

Մայիս 21,2010 00:00

Եթե գենդերային հավասարության մասին օրենքն ընդունվի՝ արգելվելու է միայն բարետես արտաքինով մարդկանց գործի հրավիրել:

Չնայած այսօր հայ կանայք փորձում են տարբեր ոլորտներում ինքնադրսեւորվել՝ սկսած բիզնեսից, մշակույթից մինչեւ քաղաքականություն, այդուհանդերձ, գենդերային հավասարության առումով մեզ մոտ քարանձավային մտածելակերպ է: Շատ հաճախ մեր տղամարդկանցից կարելի է լսել՝ «կինը՝ ո՞ւր, բիզնեսը՝ ուր», «իմ գլխին՝ ի՞նչ կին ղեկավար», «կնոջ առաքելությունը երեխա բերելն է» եւ այլ նման կարծիքներ: Այս կարծրատիպերը վերացնելու համար միայն մտածելակերպ փոխելը բավական չէ, ուստի նպատակին հասնելու համար «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին» մի ամբողջ օրենքի նախագիծ է մշակվել:

Օրենքի հեղինակ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ «Սեռերի միջեւ իրավահավասարությունը պետք է կիրառվի հասարակության բոլոր ոլորտներում՝ սոցիալական, մշակութային եւ քաղաքական: Սեռերի իրավահավասարությունը միայն քաղաքականության մեջ չէ, այլ կյանքի շատ ոլորտներում: Մենք առաջ ենք քաշել մոտեցում, որ, օրինակ, կրթական ոլորտում, որտեղ գերակշիռ մասը կանայք են, նույնպես հարաբերակցությունը փոփոխության ենթարկվի, ընդ որում՝ ոչ թե պարտադրանքով, այլ կոնկրետ գործողություններով»: Օրենքի մշակմանը մասնակցել է նաեւ «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Նրա վստահեցմամբ՝ այս օրենքի շնորհիվ ցանկացած հիմնարկում սեռերի բալանսավորված ընդգրկվածություն կլինի. «Մի քանի տարի առաջ բանկային համակարգում, երբ աշխատավարձը ցածր էր, 73%-ը կանայք էին աշխատում: Բայց որքան այդ ոլորտում աշխատավարձերը բարձրացան, այնքան կանանց թիվը նվազեց, սկսեցին տղամարդկանց ընդունել աշխատանքի: Որպեսզի նման պրոցեսները կանխվեն, հարկավոր է յուրաքանչյուր հիմնարկում բալանսավորված ներկայացվածություն լինի: Այն հիմնարկների համար, որոնք նոր ընդունելություն են կատարում, օրենքը նախատեսում է, որ ձեռնարկատերը առաջնությունը պետք է տա այն սեռին, որի ներկայացվածությունը տվյալ հիմնարկում սակավ է: Քաղաքացիական ծառայության մրցույթից հետո, եթե նույն բալային միավորներով կին եւ տղամարդ են հաղթել, եւ եթե տվյալ հիմնարկում կանայք քիչ են, ապա նախապատվությունը պետք է տան կնոջը, եթե քիչ են տղամարդիկ, ապա՝ տղամարդուն: Օրենքը որտեղ անհրաժեշտ է՝ տղամարդուն է պաշտպանում, որտեղ անհրաժեշտ է՝ կնոջը»:

Ըստ տիկին Հասրաթյանի, օրենքն այսուհետեւ բացառելու է, որ կնոջն ընդունեն բարետես, գեղեցկադեմ ու բարձրահասակ լինելու սկզբունքով: Գործատուն պետք է կնոջն ու տղամարդուն գնահատի, թե աշխատատեղի պահանջներին որքանով են համապատասխանում: Սա վերաբերում է թե պետական եւ թե մասնավոր հիմնարկներին: Օրենքով նույնիսկ արգելվելու է հայտարարություններում գրել՝ պահանջվում են բարետես կին կամ տղամարդ:

Այսօր քիչ չեն այն գերատեսչություններն ու հիմնարկները, որտեղ մասնագետի իրական գիտելիքները հաշվի չեն առնում, եւ հաճախ աշխատանքում առաջընթաց են ունենում կամ պետական փողերի հաշվին գործուղման են մեկնում հատկապես տղամարդիկ: Այստեղ ակնհայտորեն գենդերային խտրականություն է կատարվում: Իսկ եթե օրենքը ԱԺ-ում ընդունվի, ապա ցանկացած ոք, ով գտնում է, որ ինքն ավելի արժանի է գործուղման մեկնելու կամ բաժնի վարիչ դառնալու համար, ապա կարող է դիմել դատարան: Բայց հնարավոր է, որ նույնիսկ գործը չհասնի դատարան: Ըստ Արծվիկ Մինասյանի, քանի որ օրենքի նախագիծը ղեկավարներին պարտադրում է նշված խնդիրների դեպքում նախապատվությունը տալ այն սեռի ներկայացուցչին, որի պակասը կա: Ընդ որում, ժամանակ առ ժամանակ մոնիտորինգ է լինելու եւ հաշվետվություններ են ներկայացվելու, թե, ասենք, տվյալ մարզպետարանում կամ վարչությունում ու նախարարությունում սեռերի ներկայացվածության ինչպիսի համամասնություն է: Մեզ հետ զրույցում պատգամավորը մեկ այլ օրինակ էլ բերեց. «Ասենք, եթե ԿԲ խորհրդի անդամներ պետք է նշանակի ՀՀ նախագահը, ապա նա անպայման գենդերային հավասարություն պետք է ապահովի այդ խորհրդում: Այլ կերպ ասած, գենդերային հավասարության առաջընթացի գաղափարը նաեւ քաղաքական կամք է ենթադրում: Մենք ելել ենք այն թեզից, որ գենդերային հավասարությունը կհանգեցնի երկրի տնտեսության զարգացմանը, բարեկեցությունը կբարձրանա, եւ հասարակական համերաշխությունը երկրում ավելի կամրապնդվի»: Պարոն Մինասյանի ներկայացմամբ՝ գենդերային հավասարություն ապահովելը ձեռնտու է նաեւ գործարարներին, քանի որ միջազգային կառույցները ռեյտինգ տալու համար կամ համագործակցելուց առաջ հաճախ ուշադրություն են դարձնում, թե տվյալ հիմնարկությունում այդ հարցն ինչպես է դրված:

Նշենք, որ օրենքի նախագիծը նախքան ԱԺ-ում շրջանառության դնելը, կուսակցությունները այն պետք է ուսումնասիրեն, գուցե որոշակի փոփոխությունների ենթարկեն: Մտավախություն չկա՞, որ օրենքին շատերը դեմ կքվեարկեն մեր հարցին պարոն Մինասյանն ասաց. «Սա այնպիսի օրենք չէ, որ մեծ ծախսեր է պահանջելու կամ մենաշնորհային դիրքին է վնասելու: Սա այն օրենքն է, որ հանրապետական երկրում կարող է երաշխավորել բարեկեցիկ ապագա: Կյանքը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ հնարավորինս գենդերային հավասարությունն ապահովված է, դրանք ձգտել են բարեկեցության բարձրացմանը եւ երաշխավորել են այդ բարեկեցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել