Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՅՔՐՈՍՈՖԹՆ» ԸՆԴԴԵՄ «ՊԻՐԱՏՆԵՐԻ»

Մայիս 21,2010 00:00

«Մեր հիմնական ներուժը մարդկային ռեսուրսն է: Եթե մեր գիտնականները, ծրագրավորողները պաշտպանված չլինեն, նրանք կմեկնեն այլ երկրներ»,-երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանում «պիրատության» ցուցանիշներին, ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա՝ չնայած վերջին 4 տարում ՏՏ ոլորտում «պիրատությունը» նվազել է 6-8%-ով, բայց վերջերս ներկայացված միջազգային ուսումնասիրության արդյունքները փաստել են մեր երկրում 90% «պիրատության» մակարդակի մասին: Մասնագետի խոսքով, «պիրատական» ծրագրերը մեծ վնասներ են պարունակում՝ սկսած անհատական ինֆորմացիայի կորստից մինչեւ պետության անվտանգության խաթարում: Ըստ Գ. Բարսեղյանի՝ խնդիրը մեկ օրում չի լուծվի, պետք է փոխվի նաեւ մենթալիտետը: Այս առումով նա դրական է գնահատում Հայաստանի կառավարության եւ ԱԺ-ի՝ վերջերս կատարած քայլերը:

Անդրադառնալով ՀՊՃՀ-ում այս տարի բացվող «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աշխատանքներին՝ նա նշեց, որ կենտրոնի բյուջեն գերազանցում է $2,5 միլիոնը: Ըստ տնօրենի՝ «3 տարուց կենտրոնը կդառնա իր ծախսերը ծածկող»: Այժմ հայտարարված է շինարարական ընկերության ընտրության մրցույթ: Ըստ «Մայքրոսոֆթի» հայաստանյան ղեկավարի, ինովացիոն կենտրոնի հետ, որը միակն է լինելու տարածաշրջանում, կարող է համագործակցել ցանկացած ընկերություն: Նրա խոսքով՝ այն հագեցած կլինի ժամանակակից տեխնոլոգիաներով եւ հասանելի կդարձնի բարձրագույն տեխնոլոգիաները՝ նախ եւ առաջ հայաստանյան մասնագետների համար: Բանախոսը ներկայացրեց նաեւ «Երեւակայության գավաթ» մրցույթի մանրամասները, որը կրկին առաջինն է տարածաշրջանում: Այն տարբերվում է ՏՏ ոլորտի այլ մրցույթներից եւ նպատակ ունի պարզելու՝ որքանո՞վ են ուսանողները ծանոթ նորագույն տեխնոլոգիաներին եւ ինչպե՞ս են ընկալում դրանք: Հայաստանում անցկացված «Երեւակայության գավաթ» մրցույթի հաղթող թիմը հայտնի կլինի մյուս շաբաթ, իսկ մրցույթի եզրափակիչը տեղի կունենա Վարշավայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել