Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազնավուրին 200 դրամո՞վ են վաճառում

Մայիս 21,2010 00:00

«Նոր տեխնոլոգիաները դրական ազդեցություն ունեցան մեր կյանքի վրա, իսկ հեղինակային ու հարակից իրավունքների տեսանկյունից՝ խիստ բացասական»,- երեկվա ասուլիսում ասաց «Հայհեղինակ» հ/կ նախագահ Սուսաննա Ներսիսյանը:

Ըստ նրա, հեղինակային իրավունքների խախտումներն ամենաշատը նկատելի են ձայներիզների եւ տեսաերիզների շուկայում. «Դաշտն այնքան չի վերահսկվում, որ տարբեր անհատներ հանգիստ կարողանում են վերցնել ցանկացած հեղինակի ստեղծագործություն, բազմացնող տարբեր տեխնիկաներով վերարտադրել եւ 200-500 դրամով վաճառել, ընդ որում, տաղանդավոր գործեր են ընտրում: Հային արտասահմանցին հենց տեսնում է, հիացած հարցնում է՝ դու Ազնավուրի երկրի՞ց ես, բա ամոթ չէ, որ Ազնավուրին շուկայում 200 դրամով են վաճառում»:

Տիկին Ներսիսյանի խոսքով, հեղինակային իրավունքներն ամենից շատ խախտվում են ԱՊՀ երկրներում: Տիկին Ներսիսյանը դժվարացավ առանձնացնել, թե հեղինակների իրավունքները ամենից շատ որ ոլորտներում են խախտվում. «Չկա ոլորտ, որտեղ չխախտվեն հեղինակի իրավունքները, բայց եթե փորձենք առանձնացնել, ապա երեւի կնշեինք հատկապես հրատարակչության, հեռարձակման ու այն ոլորտները, որտեղ արվեստի գործեր են ցուցադրվում, տպագրվում կամ ներկայացվում` առանց հեղինակների թույլտվությունը հարցնելու»:

Տիկին Ներսիսյանը նաեւ նկատեց, որ Հայաստանում ցուցադրվող ֆիլմերի 50%-ը ապօրինաբար է ցուցադրվում: «Հայհեղինակ» հ/կ նախագահը հավաստեց, որ հեղինակային իրավունքները վերականգնելու համար դատական գործեր դատարաններում շատ կան, բայց նա չկարողացավ ասել՝ ինչ քանակությամբ, սակայն հավաստեց, որ դատական վճիռները հօգուտ հեղինակների են լինում. «Դատավորները սկսել են զգուշությամբ աշխատել եւ միայն օգնում են հեղինակներին՝ իրենց իրավունքները վերականգնելու համար, դատական վճիռների դրական ելքերը շատանում են, մենք էլ համառորեն առաջ ենք գնում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել