Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ՝ ոչ «Արմենակ»

Մայիս 21,2010 00:00

Ներկրված սպիրտով արտադրված կոնյակը՝«Արբուն»

«Հայկական կոնյակը, հայկական բրենդին ներկրված սպիրտով արտադրված բրենդիից տարբերելու եւ սպառողներին թյուրիմացության մեջ չգցելու նպատակով ընտրեցինք «Արբուն» անվանումը»,- երեկ կառավարության նիստում գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն այսկերպ մեկնաբանեց բրենդիի համար ապրանքային անվանում սահմանելու նախագիծը, որն արժանացավ կառավարության հավանությանը: Նիստի մասնակիցների համար նոր անվանումը բուռն քննարկումների եւ զարմանքի առիթ դարձավ, ինչը ստիպեց փոխնախարարին մի քանի անգամ կրկնել առաջարկած անվանումը, ապա վստահեցրեց, որ «Արբունը» քննարկվել է Լեզվի տեսչության, շահագրգիռ կազմակերպությունների շրջանում եւ առաջարկված 10 անվանումներից ընտրվել է լավագույնը. «Առաջարկվել էր «Արկոն» տարբերակը, այսինքն՝ արմյանսկի կոնյակ, բայց այս անվանումն արդեն իսկ ընդունված էր, մենք էլ քննարկելու իրավունք չունեինք, այլ տարբերակներից էին՝ «Արբեն», «Արբունի», «Բարկոն», «Գինեակ» եւ «Արմենակ»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մտաբերեց տարիներ առաջ ազգային դրամի անվանման մրցույթի անվանումների հետ կապված տարաձայնությունները. «Հիմա արդեն ընտելացել ենք հայկական դրամ, լումա անվանմանը եւ ոչ մեկի մտքով չի անցնում, թե կարելի էր ընտրել այլ տարբերակ, հիմա, եթե մի տասը տարի անցնի՝ կընտելանանք «Արբունին», ինչ անենք, պետք է կամաց-կամաց ընտելանանք նոր տերմինին, մենք հարգում ենք մասնագիտացված կազմակերպությունների կարծիքը»:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ հետաքրքրվեց, թե «Արբունը» ինչպե՞ս է այլ լեզուներով թարգմանվելու: Պարոն Գալստյանն էլ պատասխանեց. «Արբուն» բառի արմատը արբելն է, չեմ հասկանում՝ էլ ինչ բացատրություն եք ուզում: Հայկական կոնյակը, բնականաբար, պահպանելու է իր բոլոր տեսակի անվանումները, տարբեր երկրներ բրենդի են արտադրում, որը մեր երկրում եւս իրացվում է: Հայկական բրենդին պետք է անպայման պատրաստվի Հայաստանում արտադրված խաղողի սպիրտից, իսկ նոր անվանմամբ տեղական եւ ներկրված սպիրտներով արտադրված կոնյակները միմյանցից կտարբերվեն»: Պարոն Գալստյանը նշեց, որ «Արբուն» ապրանքային անվանումը մի քանի տարի բրենդիի մակնշման հետ զուգահեռ գործածելով՝ կտարածվի եւ կճանաչվի:

Երեւանի կոնյակի գործարանի լրատվության բաժնից «Առավոտին» տեղեկացրին, որ կառավարության որոշումը միայն դրական կանդրադառնա հայկական խաղողի սպիրտից կոնյակ արտադրող ընկերությունների վրա. «Մարդիկ այլեւս թյուրիմացության մեջ չեն ընկնի եւ հստակ կզանազանեն բրենդին հայկական բրենդիից ու ավելի ճիշտ կկողմնորոշվեն գնելու հարցում, ներկրված սպիրտով արտադրված կոնյակի վրա էլ շատ դեպքերում նշված է՝ արտադրված է Հայաստանում, ինչը շփոթության մեջ է գցում, մտածում են՝ հայկական է ու գնում են, չի բացառվում, որ «Արբունը» կնպաստի նաեւ հայկական կոնյակի ավելի մեծ սպառմանը»:

Բնականաբար, նույնը չի կարելի ասել ներկրված սպիրտով կոնյակ արտադրող ընկերությունների մասին: Ի դեպ, գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման եւ սննդի անվտանգության վարչության պետ Գեւորգ Ղազարյանը «Առավոտին» ասաց, որ 2008-ի համեմատությամբ այս տարի 70%-ով նվազել են ներկրված սպիրտներով կոնյակ արտադրող ընկերությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել