Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՆԵԼ

Մայիս 21,2010 00:00

\"\"Հրանտ Բագրատյանը ճգնաժամի խորացում է կանխատեսում, բայց կառավարությանը խորհուրդ է տալիս ոչինչ չանել:

«Հայաստանում տնտեսական ճգնաժամի նոր, համընդհանուր թափ ստանալու մեծ հավանականություն կա, որը կարող է աշնանը խորանալ»,- երեկ ՄԱԱ-ում նման մտահոգություն հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա պատահական չի համարում շուկայում վերջին 10 օրերին նկատվող պղնձի, մոլիբդենի գների անկումը, եւ, ըստ նրա, Հայաստանի կառավարությունը համապատասխան հետեւություններ չի անում, որովհետեւ ի վիճակի չէ: Քայլերից մեկը, ըստ նրա, կլիներ այն, որ կառավարությունը, Կենտրոնական բանկը թույլ չտային, որպեսզի Հայաստանում եվրոյի արժեզրկում լիներ, որը չեղավ, որովհետեւ «ձեռ չէր տալիս» օլիգարխներին, դրա համար նրանք հաճույքով թույլ տվեցին դրամի արժեւորում. «Վալյուտային շուկայում թույլ են տրվում այնպիսի տատանումներ, որոնց պայմաններում ոչ մի բիզնես հնարավոր չի զարգացնել: Օրինակ՝ Եվրամիության երկրները մեր արտաքին էքսպորտի կեսն են՝ 44%-ը: Մենք Եվրամիությունից 2 անգամ ավելի ներմուծումներ ենք անում, քան արտահանում ենք: Աշխարհի մյուս մասերից, օրինակ՝ Ռուսաստանից, տասնյակ անգամ ավելի ենք ներմուծում: Եվրոյի արժեզրկումը բերելու է հակառակ միտումի, խորացնելու է ներմուծումը Եվրամիությունից եւ ոչնչացնելու է մեր արտահանումը Եվրոպա, որն առանց այդ էլ ոչնչացված է»: Հ. Բագրատյանը այս պարագայում խորհուրդ է տալիս խնայողություն ունեցողներին իրենց գումարը թանկարժեք մետաղների, հին, արվեստի գործերի միջոցով պահել, բայց ոչ թե ոսկու վերածելով, որովհետեւ ոսկու գինը դժվար թե բարձրանա: Բանախոսի խոսքով՝ չարված քայլերի համար մեր երկիրը հետո ավելի թանկ է վճարելու. «Օլիգարխները նստած են ներմուծումների վրա եւ ոչ մի հետաքրքրություն չունեն արտահանման նկատմամբ: Կառավարության ծրագրի մեջ որեւէ քայլ չկա: Չեմ լսել, որ Հունաստանի իրադարձություններից հետեւություն անելով՝ կառավարությունը հավաքվի, քննարկի կամ ի վիճակի լինի որեւէ ինտելեկտուալ զրույց տանի թեմայի շուրջ»:

Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ Հայաստանի դրամավարկային քաղաքականությունը պաշտպանելուն եւ կրկին տնտեսական աճ կանխատեսելուն, բանախոսը կարծում է. «ԱՄՀ-ն շնորհակալ գործ չի անում, արդեն 5.5% աճ են ֆիքսել, հիմա ասում են 4% կլինի, 2 ամիս առաջ ասում էին՝ 1%: Անցյալ տարի անկումը 14.4% էր, իրականում եղել է 22%»: Նրա հավաստմամբ, Հայաստանը այդ ցուցանիշով 208 պետությունների մեջ 3-րդ ամենավատ ցուցանիշն է ունեցել՝ Լատվիայից, Ուկրաինայից հետո: Այժմ Բագրատյանը կառավարությանը խորհուրդ է տալիս՝ ոչինչ չանել, բայց. «Դժբախտաբար, այս տարի էլ որոշ սխալ բաներ անելու են, որովհետեւ իրենց նպատակն իրենց բիզնեսը պաշտպանելն է: Իրականում կարող է լինել 2.5-3% աճ, իրենք կներկայացնեն 5-8%-ի շրջանակում: Իջեցրել են գազի գների աճի հետ կապված բացասական ազդեցությունը եւ բարձրացրել ինտերնետի, հեռախոսային խոսակցությունների գինը, որը, իրոք, իջել է: Դա հասարակ մանիպուլյացիա է, որ իրենք անում են: Էդ խոխմեքը, հեքիաթները մենք գիտենք: Զգում ենք, որ վիճակն ավելի վատ է եւ գործնականում ոչ մի բան էլ չի լավանում»:

Բանախոսը հարցնում է՝ եթե 7-8% աճ կա, ինչո՞ւ է միջին աշխատավարձը նվազում եւ գործազրկությունը՝ աճում: Ինչ վերաբերում է ՀԲ-ի տված գնահատականին, թե մեր տնտեսությունն ունի օլիգոպոլիկ կառուցվածք, նախկին վարչապետը կարծում է. «Հայաստանում օլիգոպոլիա չկա, կա մոնոպոլիա: Բենզինի ոլորտում 2 հոգի են ամեն ինչ որոշում, ավիացիոն փոխադրումներում՝ մոնոպոլիա է, կապի ոլորտում՝ 3-ն են»: Այս մասով (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի՝ օրերս հնչեցրած գնահատականներին ի պատասխան, նա ասաց, որ Հայաստանը թող իզուր դրանցով չոգեւորվի. «Երեւի նա դեռ նոր է, ախր ջահելները պրոբլեմ ունեն, նրանք պիտի ունենան իրենց nice story-ն, այսինքն՝ հաջող որեւէ բան: Իրենք 2 տարի հետո փոխում են իրենց երկիրը, մենք այս տնտեսությամբ զբաղվում ենք 20 տարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել