Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանխատեսելի ընտրություն

Մայիս 21,2010 00:00

Ոմանք արդեն այսօր կանխատեսում են, որ ԼՂՀ խորհրդարանում «Ազատ Հայրենիքն» էլի մեծամասնություն կունենա:

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց անցկացումը 1991թ.-ից ի վեր, հերթական անգամ Ադրբեջանն ու Թուրքիան դատապարտել են, իսկ ԵԽ-ն ու միջազգային հանրությունը կոչ են արել ընտրություններ չանցկացնել: Նրանք ԼՂ-ում ընտրությունների անցկացումը նպատակահարմար չեն համարել՝ գտնելով, որ դրանք լեգիտիմ չեն եւ կարող են խոչընդոտել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդների ջանքերին: Այս անգամ էլ, ինչպես նախկինում է եղել, եվրոպական եւ միջազգային կառույցները հրաժարվել են պաշտոնապես դիտարկել ԼՂՀ-ում տեղի ունենալիք ընտրությունները, թեեւ դա արցախցիներին այլեւս չի էլ հուզում: Փոխարենը՝ առաջիկա ընտրություններին հետեւելու է մոտ 80 դիտորդ, այդ թվում՝ միջազգային մասշտաբի նախկին պաշտոնյաներ, ոչ կառավարական կազմակերպությունների, նաեւ ԱՊՀ տարածքում չճանաչված կամ մասամբ ճանաչված ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչներ:

Առաջիկա կիրակի օրը տեղի ունենալիք ընտրություններին մասնակցում են չորս կուսակցություններ՝ «Արցախի ժողովրդավարական», «Ազատ Հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն եւ Կոմկուսը: Ի տարբերություն հայաստանյան իրականության, Արցախում խորհրդարանական այս ընտրություններին մասնակցող բոլոր չորս թեկնածու կուսակցություններն էլ համարվում են, այսպես ասած՝ իշխանամետ: Նրանք բոլորն էլ 2007թ. նախագահական ընտրություններում պաշտպանել են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը եւ համախմբվել հենց վերջինիս նախընտրական ծրագրի շուրջ: Իհարկե, թեկնածու կուսակցություններին իրարից տարբերել, ցանկության դեպքում, հնարավոր է: Ինչպես Ստեփանակերտում մեր աղբյուրը նկատեց, օրինակ՝ Կոմկուսը տարբերվում է խորհրդային շրջանի իր արժեքներով, ՀՅԴ-ն՝ իր ազգայնական հռետորաբանությամբ, բայց լուրջ գաղափարական բազմազանություն կամ քաղաքական թեժ պայքար չկա: Փոխարենը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂ-ում խորհրդարանական ընտրությունները դառնում են ներիշխանական պայքարի թատերաբեմ: Հիմնական պայքարը նոր խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու համար, մեր զրուցակցի ասելով, ընթանում է երկու՝ «Արցախի ժողովրդավարական», «Ազատ Հայրենիք» կուսակցությունների միջեւ: Սրանցից առաջինը՝ ԱԺԿ-ն, նախկին, իսկ երկրորդը՝ գործող խորհրդարաններում մեծամասնություն են ունեցել: Ըստ արցախցիների կանխատեսումների, «Ազատ Հայրենիքը» կպահպանի խորհրդարանական մեծամասնության իր դիրքերը, թվաքանակով երկրորդ մեծ խմբակցությունը՝ ոչ մեծ առավելությամբ, կլինի ԱԺԿ-ն, երրորդը՝ ՀՅԴ-ն եւ ապա՝ Կոմկուսը: Ի դեպ, երեկ Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեն՝ ի դեմս 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, արցախցիներին կոչ է արել ընտրել հենց կոմկուսին եւ ոչ մի քայլ ետ չանել «սոցիալիստական գաղափարախոսությունից, որի հաղթանակն անխուսափելի է»:

Այսուամենայնիվ, ԼՂՀ-ում դիտորդները կանխատեսում են, որ նոր խորհրդարանում կուսակցություններից որեւէ մեկը բացարձակ մեծամասնություն չի ունենա. «Խնդիրն այն է միայն, թե դրանցից ո՞րն է լինելու իշխանության հիմնական հենարանը»:

Ինչ վերաբերում է նախագահ Բակո Սահակյանի նախընտրություններին կամ կուսակցություններից որեւէ մեկի օգտին վարչական լծակների կիրառմանը, ապա՝ թեեւ բոլոր կուսակցություններն էլ Բ. Սահակյանինն են, բայց յուրայիններից յուրայինն ու հավասարների մեջ ամենահավասարը, այնուամենայնիվ, «Ազատ Հայրենիքն» է, բայց որի օգտին վարչական լծակներ, մեր աղբյուրի ասելով, չեն բանեցվում: Ի բարեբախտություն արցախցի ընտրողների, ԼՂ-ում չկան ընտրություններին միջամտող «սափրագլուխներ» եւ թաղային հեղինակություններ, այնպես որ՝ ամեն ինչ հարաբերականորեն ասած՝ համոզելու վրա է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ խորհրդարանը 33 պատգամավոր ունի, որոնցից 17-ը ընտրվում է համամասնական ընտրակարգով, 16-ը՝ մեծամասնական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել