Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ»

Մայիս 21,2010 00:00

\"\"Առաջարկում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը ստեղծել է մի վիճակ, երբ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ զարգացումներ կարող են լինել:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը եւ ղարաբաղյան բանակցություններում նշմարվող նոր զարգացումների հավանականությունը հրամայական են դարձնում Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ անցած տարիներին իրականացված քաղաքականությունը վերաիմաստավորելու եւ ազգային-քաղաքական նոր հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը։ Վերջին երկու տարիներին Թուրքիան ու Ադրբեջանը որոշակի դերաբաշխումների վրա հիմնված՝ երկբեւեռ քաղաքականության միջոցով, դիվանագիտական դաշտում փորձում են անկյուն մղել Հայաստանին՝ մեր երկիրը ներկայացնելով իբրեւ փաստացի՝ Արցախի պարագայում եւ հավանական՝ Արեւմտյան Հայաստանի պարագայում տարածքային պահանջներ ունեցող երկիր: Հետեւաբար՝ անհրաժեշտ է վերաքննության ենթարկել արդեն ոչ թե մեր, այլ մեր հակառակորդների կողմից օգտագործվող միաբեւեռ ազգային քաղաքականության սկզբունքը, որպեսզի ոչ թե Թուրքիան փորձի Հայաստանը վերցնել աքցանի մեջ, այլ տեղի ունենա հակառակ գործընթացը: Որպեսզի ոչ թե Ադրբեջանը ԼՂ հարցը ներկայացնի իբրեւ տարածքային պահանջ, այլ Հայաստանն ու ԼՂՀ-ն աքցանի մեջ վերցնեն Ադրբեջանը։

– Դուք ի՞նչ եք առաջարկում այս իրավիճակում, այսինքն՝ ի՞նչ անել:

– Ժամանակն է, որպեսզի Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունները տեղափոխվեն բազմաբեւեռ ազգային քաղաքականության հարթություն եւ այդ սուբյեկտների միջեւ կատարվի որոշակի դերաբաշխում: Դա ամենեւին չի նշանակում հրաժարում մեր միասնականության՝ հայ ժողովրդի մեկ ազգ լինելու սկզբունքից։ Բայց սկզբունքը եւ նրան հասնելու քաղաքականությունը տարբեր բաներ են։ Արաբներն աշխարհում ունեն մեկ տասնյակից ավելի պետություններ, բայց նրանք շարունակում են մնալ արաբներ։ Նույնը կարելի է ասել բազմաթիվ այլ ազգերի մասին։ Կենսաբանությունից վաղուց հայտնի է, որ օրգանիզմի բջիջների տրոհումը նրա աճի վկայությունն է։ Քաղաքականության մեջ նույնպես «տրոհումը» խիստ առաձգական հասկացություն է։ Այն կարող է լինել պառակտում, բայց կարող է լինել նաեւ դերաբաշխում։ Միջազգային ասպարեզում աջակցություն ցույց տալով Սփյուռքի կողմից հետապնդվող՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես՝ Հայ Դատի խնդիրներին՝ Հայաստանը իրենով չպետք է փոխարինի Սփյուռքը, այնպես՝ ինչպես դա փորձում է իրականացնել ԼՂՀ միջազգային ճանաչման խնդրի հետ կապված: Իր հերթին, օժանդակելով Հայաստանի տնտեսական զարգացմանը, Սփյուռքը մշտապես պետք է առաջնային համարի իր ձեւավորման պատճառն ու գոյության իմաստը՝ ցեղասպանության ենթարկված արեւմտահայության իրավունքների վերականգնման հարցը։ Բազմաբեւեռ ազգային քաղաքականության ռազմավարության հրամայականը անհրաժեշտ է դարձնում հետեւյալ քայլերի իրականացումը: Առաջին՝ ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջադրել միայն ԼՂՀ կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ մնացած խնդիրների կարգավորումը պայմանավորել Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ ու համաձայնությամբ։ Հայաստանը պետք է հայտարարի, որ ինքը միայն ԼՂՀ անվտանգության երաշխավորն է եւ լիազորված չէ նրա անունից քննարկել ազատագրված տարածքների կամ փախստականների հարցերը։ Երկրորդ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես՝ Հայ Դատի խնդիրների տեղափոխում ցեղասպանության ենթարկված արեւմտահայության կողմից ընտրվելիք լեգիտիմ մարմնի կողմից հետապնդվող բռնագաղթված հայության իրավունքներին Հայաստանի կողմից ցույց տրվող աջակցության հարթություն։ Դա թույլ կտա Հայ Դատը դարձնել ոչ թե Հայաստանի տարածքային պահանջ Թուրքիայից, այլ բռնագաղթի ենթարկված ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու եւ այնտեղ ինքնորոշվելու իրավունք: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները թերեւս պետք է տեղափոխվեն երկբեւեռ ազգային քաղաքականության հարթություն: Սա նշանակում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ իբրեւ յուրահատուկ «մահակ» օգտագործվող հարցերի շրջանակը ավելի էֆեկտիվ կերպով հետապնդելու համար Հայաստանը պետք է խրախուսի եւ ուղղորդի վերջին տարիներին Սփյուռքում ձեռնարկվող՝ Արեւմտահայերի երրորդ համագումար հրավիրելու եւ Արեւմտյան Հայաստանի նախկին հայ բնակչության իրավունքների պաշտպանության խորհուրդ կամ վտարանդիական կառավարություն ձեւավորելու փորձերը: Այդ գաղափարը ռեալիզացիայի ենթարկելու համար ուսանելի կարող է լինել հպանցիկ անդրադարձը Արեւմտահայերի առաջին եւ երկրորդ համագումարներին: 1917 թ. Երեւանում տեղի ունեցած Արեւմտահայերի առաջին համագումարը, որի նախագահողը Զորավար Անդրանիկն էր, խնդիր դրեց, որպեսզի, մասնավորապես, Ռուսաստան եւ Անդրկովկաս գաղթած արեւմտահայությունը վերադառնա ռուսական զորքերի կողմից գրավված Արեւմտյան Հայաստան: Ելնելով սեփական շահերից՝ ռուսները խրախուսում էին հայ ազգաբնակչության վերադարձը հայրենի օջախներ, եւ այդ ընթացքում շուրջ 150.000 արեւմտահայեր վերադարձան իրենց բնակավայրեր: Հայաստանի առաջին հանրապետության տարիներին Ցեղասպանությունից փրկված եւ Հայաստանի տարածքում ապաստանած արեւմտահայ գաղթականությունը հանդես եկավ անկախ եւ միացյալ Հայաստանի հռչակման նախաձեռնությամբ: 1919 թ. փետրվարին Երեւանում կայացած Արեւմտահայերի երկրորդ համագումարը ողջունեց հայության երկու հատվածների միավորումը եւ ընդգծեց Անկախ եւ Միացյալ Հայաստանի հռչակման անհրաժեշտությունը: Ընդառաջ գնալով արեւմտահայության ձգտումներին՝ Հայաստանի կառավարությունը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որով իրեն հռչակեց Միացյալ Հայաստանի կառավարություն: Դա կարեւոր քաղաքական քայլ էր՝ իր հայրենիքն անկախ, իսկ նրա արհեստականորեն բաժանված տարածքները ամբողջական սահմաններում տեսնելու հայության դարավոր իղձերի արտացոլումը եւ միջազգային հանրության առաջ նրա քաղաքական կամքի ցուցադրումը:

– Այն, ինչ հնարավոր էր ձեր նշած ժամանակահատվածի համար, մի՞թե արդիական է այսօր:

– Պատմական այդ իրողությունը մեր օրերում անհրաժեշտ է վերաիմաստավորել՝ պետականորեն խրախուսելով եւ ուղղորդելով վերջին տարիներին Սփյուռքում նախաձեռնվող Արեւմտահայերի երրորդ համագումար հրավիրելու եւ արեւմտահայերի ժառանգների իրավունքների պաշտպանության համապատասխան կառույց կամ արեւմտահայերի վտարանդիական կառավարություն ձեւավորելու փորձերը: Դրանով Սփյուռքը իր հիմնական նպատակներից մեկը չի համարի գերազանցապես ապրիլի 24-ը նշելը եւ թուրքական դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելը, այլ համախմբվելով, օրինակ, արեւմտահայերի վտարանդիական կառավարության շուրջը՝ միջազգային տարբեր ատյաններում կբարձրացնի Արեւմտյան Հայաստան վերադառնալու եւ այնտեղ ինքնորոշվելու իր միանգամայն օրինական եւ միջազգային իրավունքին համապատասխանող պահանջը կամ այլ պահանջներ կառաջադրի Թուրքիային: Իսկ Հայաստանն իր հերթին, Թուրքիային զրկելով «տարածքային պահանջների» թեզը շահարկելու հնարավորությունից, նրան կվերցնի երկբեւեռ ազգային քաղաքականության կոշտ՝ Արեւմտյան Հայաստանի վտարանդիական կառավարություն եւ մեղմ՝ ՀՀ աքցանների մեջ: Այսինքն՝ սրանով Հայաստանը Թուրքիայի նկատմամբ կգործի այնպես, ինչպես վերջինս է գործում Հայաստանի նկատմամբ՝ առաջ քաշելով «բռնազավթած» Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու պահանջը: Դրան կհակադրվի Ցեղասպանության միջոցով բռնազավթված Արեւմտյան Հայաստանը իր տիրոջը՝ Արեւմտահայերի երրորդ համագումարի կողմից ընտրված Արեւմտյան Հայաստանի վտարանդիական կառավարությանը վերադարձնելու կամ էլ Արցախի մասին մոռանալու հակափաստարկը: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է փոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջադրման հարթությունն ու փիլիսոփայությունը եւ այն տեղափոխել իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված Թուրքիայի հայ քաղաքացիների հավաքական եւ անհատական-ժառանգական իրավունքների վերականգնման հարթություն, երբ իրենց բնօրրանում Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված Թուրքիայի 1.5 մլն հայ քաղաքացիների ժառանգներ հանդես են գալիս որպես իրավահաջորդ եւ իրենց վտարանդիական կառավարության միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, պահանջներ են ներկայացնում իր իսկ քաղաքացիների նկատմամբ հանցագործություն կատարած երկրին՝ Թուրքիային: Այստեղ Թուրքիան որեւէ խելամիտ փաստարկ չի կարող ներկայացնել ոչ միջազգային հանրությանը եւ ոչ էլ Հայաստանին, քանի որ խոսքը գնալու է ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիների հանդեպ հանցագործություն կատարած երկրի եւ ոչ թե միջազգային իրավունքի տարբեր սուբյեկտների հարաբերությունների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել