Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է

Մայիս 21,2010 00:00

Կառավարությունը երեկ բացասական եզրակացություն է տվել ՀՅԴ պատգամավորների նախաձեռնությանը՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի նախագծին: Հիմնավորումը, թե ինչու են աննպատակահարմար համարում ներկայացված նախագծի ընդունումը՝ մասնավորապես այս է. «Հայոց ցեղասպանության դատապարտման եւ, ընդհանրապես, ցեղասպանության կանխարգելման ու պատժման համար ՀՀ-ում ստեղծված է համապատասխան օրենսդրական դաշտ, որը լիովին արտահայտում է այս ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը՝ լինելով ինչպես դրա դրսեւորման ձեւը, այնպես էլ մեկնակետը»:

Նախագծի համահեղինակներից մեկը՝ Արծվիկ Մինասյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս բացասական եզրակացությանը՝ ասաց. «Ակնհայտ է, որ Հայաստանում բացակայում է ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման պետական քաղաքականության օրենսդրությունը: Առանձին դրվագներ, որոնց մասին հիշատակում կա մեր նախաձեռնության մեջ, վկայում են, թե կարիք ունենք Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը միտված պետական միասնական քաղաքականություն իրականացնելու: Դա վերաբերում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր, թե՛ նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Եվ պատահական չէ, որ մեր առաջարկությունը՝ կրելով համակարգային բնույթ, պահանջելու էր նաեւ յուրաքանչյուր անձի, հատկապես պաշտոնատարի համարժեք վարքագծի դրսեւորում: Եթե կառավարությունն այս ամենն անտեսելով փորձում է ներկայացնել, թե իբր այդ կապակցությամբ խնդիր չկա՝ նշանակում է, թե կառավարությունը կա՛մ չի տիրապետում առկա օրենսդրական դաշտին, կա՛մ չի կարեւորում եւ փորձում է ջայլամային քաղաքականություն վարել այս ուղղությամբ եւս»:

Հ. Գ. Երեկ բացասական եզրակացություն է տրվել նաեւ «Ժառանգության» պատգամավորների նախաձեռնությանը, որով առաջարկվում է շուրջօրյա պատվո պահակախումբ նշանակել Մեծ եղեռնի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ: Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին՝ պատճառաբանելով, թե պատվո մշտական պահակախմբի նշանակումն ընդունված չէ միջազգային պրակտիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել