Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՍԵՐՄԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Մայիս 21,2010 00:00

\"\"Արեւի լույսն այդ օրը լուսնային գունատությամբ էր հայտնաբերում աշխարհը, քանի որ լեռն Արարատ սկսել էր ծխալ:

– Եկել է ժամանակը եւ հասունացել է պահը, քանզի արթնացել է սրբազան լեռը,- հավաքված զինականների եւ ժողովրդի դեմ կանգնած, կարմիր բլուրի վրայից խոսում էր Արի-ան-ար Քուրմ Թագավորը, նրա մազերը ճերմակ էին, եւ ճերմակ էր մորուքը: Մունետիկները բլուրի չորս կողմը կանգնած բարձրաձայնում էին Քուրմ Թագավորի խոսքերը, որ բոլորը լսեն: Իսկ լեռը ծխում էր խաղաղ, ինչպես թոնրատնից ելնող ավետաբեր ծուխ:

– Դուք բոլորդ գիտեք մեր հայրերի թողած մեծ պատգամը, որն ասում է, թե՝ երբ լեռը նորից ծխա, մենք պիտի ճամփա ելնենք,- Քուրմ արքայի ձայնը մունետիկների բերանից, թավալվելով կանգնածների գլխների վրայով՝ զրնգոցով հասնում էր մինչեւ ամենահեռվում կանգնած վերջին մարդը,- եւ այսօր ես ձեզ հրավիրել եմ ասելու, որ դուք ճամփա պիտի ելնեք եւ գնաք դեպի աշխարհի չորս կողմերը, մեր խոսքը, մեր սերմն ու գիտությունը տարածելու անտեղյակ ցեղերի մեջ: Ասված է, որ մենք, մեր ցեղը եւ մեր Աստծուն պետք է ճանաչելի դարձնենք օտարներին, եթե իրենց հոգիներում մեր Աստծու համար տեղ կա: Իսկ եթե չկա՝ մի փորձեք ոչնչացնել նրանց, որովհետեւ ցեղերն այդ սարսափում են անհայտից, իսկ դուք նրանց կյանքում հայտնվելու եք որպես անհայտ, քանի որ շատ եք հայտնի: Քուրմ Թագավորը մի պահ լռեց՝ ուղղելով ուսից իջնող ծիրանին, եւ շարունակեց խոսել,- երբեք արյուն չթափեք եւ չստեղծեք ձեզ համար թշնամիներ, քանի որ ձեր թշնամիները կսկսեն ղեկավարել ձեզ, այնինչ՝ ձեր առաքելությունը արարատյան է. դուք կլուծվեք նրանց մեջ, ինչպես մեղրը կենդանի ջրում, դուք կփոխեք նրանց խղճուկ կյանքը, կդարձնեք ձիավորներ, բրոնզե սուր կշնորհեք նրանց եւ աստղերը ճանաչելու գաղտնիքին կծանոթացնեք, դա է մեր արիական սերմի ճակատագիրը: Իհարկե, դուք կմեռնեք, ինչպես մեռնում են բոլորը, բայց ձեր զավակները նոր թագավորությունների եւ նոր պետությունների հիմնադիր կդառնան: Քուրմ Թագավորի ձայնը արդեն լսվում էր առանց մունետիկի, եւ այն հնչում էր այսպես՝ ձեր քաղաքներն ու մեհյանները կառուցեք կենդանի ջրերի ափերին, հիշելով, որ ձեր ազնվացեղ ձիերը պղտոր ջրեր չեն խմում… Արի-ան-ար Քուրմ Թագավորը շարունակում էր խոսել, իսկ լեռը ծխում էր, ու ժողովուրդը՝ սպասում…

Շարունակությունը՝ հաջորդիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել