Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներիշխանական հեղաշրջման հիմքեր չկան

Մայիս 21,2010 00:00

\"\"Ասում է ընդդիմության ներկայացուցիչը

Ասում են՝ վերջին շրջանում Հայաստանում ներքին իշխանափոխության ուրվական է շրջում: Այսպիսի կանխատեսումները սկսել են թափ հավաքել այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հրապարակայնորեն քննադատեց կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ թիրախ ընտրելով էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին, երբ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը համարվում է ԲՀԿ-ի կնքահայրը, նույնքան հրապարակայնորեն քլնգեց վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը՝ նրան նաեւ մեղադրելով նախկինում իր՝ Քոչարյանի ետ գցած փողերը անիմաստ ու աննպատակ ծախսելու մեջ: Հիմա ենթադրություններ են արվում, թե ԲՀԿ-ն, նախկին նախագահ Քոչարյանին նույնքան հավատարիմ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունից դժգոհ ՀՅԴ-ն, գումարած, իբր նաեւ, «Ժառանգությունը» որոշել են համատեղ ջանքերով անվստահություն հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա պաշտոնում կարգել Ռոբերտ Քոչարյանին: Թե ինչ ենք մտածում սրա մասին մենք՝ այս պահին կարեւոր չէ: Փոխարենը այս հարցերի շուրջ երեկ «Առավոտը» զրուցեց ՀԺԿ վարչության քարտուղար, Հայ ազգային կոնգրեսի շտաբի անդամ Ստեփան Մինասյանի հետ: Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, կա՞ն ներքին իշխանափոխության մասին խոսելու հիմքեր կամ գործող վարչապետին անվստահություն հայտնելու ու նրան նորով փոխարինելու ուղղությամբ նկատելի գործընթացներ, ՀԺԿ ներկայացուցիչն ասաց. «Կարծում եմ՝ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ վարչապետի փոփոխությունը չի կարելի բնորոշել որպես ներքին իշխանափոխություն, մանավանդ, որ հայտնի է՝ գործող վարչապետը ինքնուրույն չէ: Բացի այդ, այն, թե իշխանության ներսում ինչպիսի հակասություններ կան, ինչ ներքին պայքար է այնտեղ ընթանում, ընդդիմությանը՝ Հայ ազգային կոնգրեսին, չպետք է շեղի իր հիմնական նպատակից: Ուղղակի ՀԱԿ-ը պետք է թույլ չտա, որ մեր ժողովրդի եւ երկրի առաջ ծառացած բարդագույն խնդիրների այս ժամանակահատվածում ժողովրդի հաշվին ինչ-որ նեղ անձնական կամ նեղ խմբակային շահերին առնչվող խնդիրներ լուծվեն: Կոնգրեսը պետք է շարունակի իր գործն անել եւ փորձի լուծել այն խնդիրները, որ դրել է իր առջեւ. այն է՝ որքան հնարավոր է արագ երկրում ընտրությունների միջոցով նոր եւ օրինական իշխանություն ձեւավորել»:

Այսինքն՝ Ստ. Մինասյանը համարում է, որ ոչ ինքնուրույն գործող վարչապետ Տ. Սարգսյանին ուժեղ «ֆիգուր» համարվող Ռ. Քոչարյանով փոխարինելը մեծ փոփոխություն կամ իշխանափոխություն չի՞ լինի: Հիշեցնենք, որ ներքին իշխանափոխության մասին դիտարկումներ անողները շեշտը դնում են հատկապես Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան հակադրության վրա: «Ես այս պահին իշխանության ներսում այդպիսի լուրջ տեղաշարժեր, հակասություններ չեմ տեսնում: Եվ այն ակտիվությունը, որը ներկայացվում է մամուլում այդ խնդրի շուրջ, առայժմ առարկայական չէ: Քաղաքական պայքարն այնպիսին է, որ տարբեր երեւույթներ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այս պահին ես հիմքեր չեմ տեսնում քաղաքական այդ խաղերի վրա ուշադրություն սեւեռելու եւ մեր հիմնական խնդրից շեղվելու համար»:

Իսկ արդյոք ընդդիմության հիմնական նպատակի՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար քաղաքական նախադրյալներ կա՞ն, թե՞ խոսքն ընդամենը հարմար առիթից օգտվելու մարտավարության մասին է: «Մենք կարծում ենք, որ որքան շուտ արտահերթ ընտրություններ լինեն, այնքան դա օգտակար կլինի մեր երկրի ու ժողովրդի համար, բայց մենք չենք ասել, թե հունիս-սեպտեմբերին անպայման արտահերթ ընտրություններ են լինելու: Իհարկե, մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ, բաց եթե դա չստացվի էլ, հուսախաբ չենք լինելու եւ ձեռքներս ծալած չենք նստելու: Բացի այդ, մեր երկիրը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության ոլորտներում այնպիսի ծանրագույն մարտահրավերի առջեւ է կանգնած, որ մի քանի օրում էլ իրադարձությունները կարող են այնպես զարգանալ, որ այսօր թվացյալ հանգիստ իրավիճակը արմատապես փոխվի: Պատմությունը ցույց է տալիս, որ նման արագընթաց զարգացումները միանգամայն հնարավոր են, ու ընդդիմությունը դրան պետք է պատրաստ լինի»,- փաստեց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել