Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ «ԿԱՄՊԱՆԻԱ» Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ

Մայիս 21,2010 00:00

Մեւլութ Չավուշօղլուի դեմ ԵԽԽՎ-ում «Ժառանգության» ներկայացուցչի գործողություններին ուշացումով միանում է նաեւ ՀՅԴ-ն:

\"\" \"\"

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը երեկ նամակով դիմել է Վեհաժողովի անդամներին ու ղեկավարներին: Նամակում մասնավորապես ասված է. «Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի կայացած հանրապետության նկատմամբ այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքների հարգման տեսանկյունից պատշաճ եւ արդարացի վերաբերմունք մինչ օրս չի ցուցաբերել: ԵԽԽՎ-ն, ստանալով ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը՝ մասնակցել 2010 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցող ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման դիտարկմանը, որոշում է կայացրել մերժել այն:

Մյուս կողմից՝ ԵԽԽՎ-ն ցանկանում է կյանքի կոչել ԵԽԽՎ թիվ 1416 (2005) բանաձեւը, որով նախատեսվում է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակների անդամակցությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվում է միջազգային մեկ այլ կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Ակնհայտ է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, չցանկանալով դիտարկել ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, սակայն ձգտելով կյանքի կոչել ԵԽԽՎ թիվ 1416 (2005) բանաձեւը, իրականում զբաղված է ոչ թե տարածաշրջանում մարդու իրավունքների հարգման ու պաշտպանության քաջալերմամբ եւ աջակցմամբ, այլ իրականացնում է իրեն վերապահված մանդատի իմիտացիա:

ԼՂՀ բնակչության համար անընդունելի է ԵԽԽՎ նման վարքագիծը: Նաեւ անընդունելի է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք չեն դասվում ժողովրդավար պետությունների շարքին, համաձայն ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձեւերի՝ առանց ԼՂՀ ընտրված իշխանությունների մասնակցեն Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթահանձնաժողովի գործունեությանը: Անընդունելի է նաեւ, որ մեկ այլ՝ ոչ ժողովրդավար պետության ներկայացուցիչը, որը ղեկավարում է ԵԽԽՎ-ն, ցանկանում է գլխավորել այդ ենթահանձնաժողովը»:

«Օր առաջ անհրաժեշտ է Չավուշօղլուի դեմ կամպանիա սկսել: Եթե ՀՅԴ բոյկոտին միանային այլ քաղաքական ուժեր, ապա մենք այդ կամպանիան ավելի վաղ կսկսեինք ու հիմա առավել ակտիվ ընթացքի մեջ կլինեինք»,- երեկ թերթերից մեկին ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Մինչդեռ ժամանակին ԵԽԽՎ-ում ՀՅԴ ներկայացուցիչը չէր միացել Չավուշօղլուի ընտրությունը կանխել փորձող Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած բանաձեւի նախագծին: Իսկ այժմ ՀՅԴ-ն էլ է պատրաստվում ԵԽԽՎ-ին նամակով դիմել՝ ընդգծելով, որ Մեւլութ Չավուշօղլուի անաչառությունը, մեղմ ասած, կասկածելի է՝ Ցեղասպանությունը դրժող մեկը չի կարող ղեկավարել այդ հանձնաժողովը: Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը մայիսի 18-ին ԱԺ-ում հանդես եկավ Չավուշօղլուի դեմ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Ես հասկանում եմ, որ արարողակարգային առումով հեշտ չի լինելու որեւէ քայլ անել, այսինքն՝ իմպիչմենտի գործընթաց, հետ կանչման եւ այլն: Այդ կազմակերպության մեջ դա գրեթե անհնարին բան է: Բայց մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում պետք է առնվազն այդ ենթահանձնաժողովի դեմն առնի: Մենք այսօր պարտավոր ենք, որովհետեւ տեսնում եք՝ Թուրքիան անշեղորեն, թեեւ դանդաղ, բայց, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի օգնությամբ, մխրճվում է Մինսկի գործընթացի մեջ»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն «Առավոտի» խնդրանքով գնահատելով, թե որքան է նման նամակների եւ Չավուշօղլուի դեմ «կամպանիայի» օգտակար գործողության գործակիցը՝ ասաց. «Հարգելով հանդերձ իմ գործընկերների՝ թե՛ ՀՅԴ-ի, թե՛ «Ժառանգության» դիրքորոշումները, կարծում եմ, դա ոչ արդյունավետ է լինելու: Եվ կարելի է ավելի օպտիմալ օգտագործել հնարավորություններն ու ռեսուրսները: ԵԽԽՎ կանոնակարգում Վեհաժողովի նախագահի հետկանչի մեխանիզմ փաստացի գոյություն չունի: Եթե մենք փորձենք գնալ երկար ճանապարհով ու առաջարկել ԵԽԽՎ կանոնակարգում փոփոխություններ՝ դրանք, բնականաբար, չեն ընդունվի՝ հաշվի առնելով Վեհաժողովում թուրք-ադրբեջանական տանդեմը: Ուստի ԲՀԿ-ն առաջարկում է ամենակարճ եւ արդյունավետ տարբերակը՝ եթե Չավուշօղլուին հաջողվի ԵԽԽՎ բյուրոյի հունիսին կայանալիք նիստում քվեարկությամբ վերակենդանացնել ԼՂ ենթահանձնաժողովի աշխատանքը, ապա Հայաստանի պատվիրակությունը պիտի անի միակ ճիշտ ու տրամաբանական քայլը՝ բոյկոտի այդ ենթահանձնաժողովի աշխատանքը, թողնելով, որ ադրբեջանցիներն իրենք իրենց հետ հավաքվեն, խոսեն ու բանակցեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել