Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»

Մայիս 21,2010 00:00

\"\"Կարծում է Աշոտ Մանուչարյանը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետությունը հարաբերությունների խիստ նեղ շրջանակ ունի: Նրա համոզմամբ, իրականում Թուրքիայի հետ հարաբերություններ ունեցել է Հայաստանը, որը ոչնչացվել է Թուրքիայի կողմից՝ թողնելով մի բեկոր քիչ թե շատ ճանաչված ՀՀ, կիսաճանաչված կամ չճանաչված մեկ այլ բեկոր՝ ԼՂՀ, եւ աշխարհի տարբեր ծայրերում հայության մի ստվար հատված: «Երբ տարածքը եւ ժողովուրդը միմյանց հետ հաշտ ու համերաշխ ապրում են՝ դա կոչվում է երկիր: Մենք մոլորակի վրա միակ ժողովուրդն ենք, որի դեպքում այդ կանոնը խախտված է՝ Ցեղասպանության հետեւանքով: Եվ եթե նույնիսկ ինչ-որ ազգեր չեն ճանաչում Ցեղասպանությունը, բառը կարեւոր չէ, ճանաչում են, որ աղետալի երեւույթներ են եղել, մարդկանց քշել են իրենց երկրից: Հետեւաբար, այսօր Թուրքիայի հետ հարաբերություն ունի ոչ թե ՀՀ-ն, այլ Հայաստանը, եւ ՀՀ-ի կողմից այդ ուղղությամբ ցանկացած քայլ, այն էլ փորձելով գլոբալ խնդիրներ դնել՝ շոշափել Ցեղասպանության, Արցախի, Նախիջեւանի հետ կապված հարցերը, անիմաստ ու անհասկանալի են»,- ասում է պարոն Մանուչարյանը: Մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանին եւ Թուրքիային առնչվող այս հարցերի լուծմանը պետք է միջամտեն նաեւ աշխարհի խոշորագույն պետությունները, քանի որ կատարված ոճրագործությունների եւ այս ողբերգական ճակատագրի համար գերտերությունները նույնպես մեղքի բաժին ունեն: «Անհեթեթություն» համարելով այն, ինչն այժմ կատարվում է, մեր զրուցակիցն այնուհանդերձ այս գործընթացում մի դրական բան է տեսնում. «Այն կոպիտ սխալների շրջանակը, որն այս ընթացքում կատարվեց, մեզ օգնեց գիտակցել, թե իրականության մեջ ինչ պետք է լինի. հարցի լուծումը պետք է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարթություն տեղափոխվի»: Բայց մինչ այդ, ըստ նրա, մի շատ կարեւորագույն խնդիր պետք է լուծել, որը բարձրացնում է հայ երիտասարդությունն աշխարհի տարբեր վայրերում՝ Երեւանում՝ «Սարդարապատ» շարժումը, «Նորավանք» կենտրոնը, Վաշինգտոնում, Փարիզում, Լիբանանում եւ այլուր. «Հայաստանը պետք է վերականգնվի որպես Հայաստան: Հայաստանը հիմա կատարյալ պայմաններ է ստացել սրընթաց ձեւավորման եւ ճանաչման համար: Դա չի նշանակում, որ ՀՀ-ն այլեւս գոյություն չի ունենալու. պարզապես հայերը միասնական, որպես մի երկրի ներկայացուցիչներ, ֆիքսում են այդ երկիրը: Մենք՝ հայերս, պետք է հասկանանք, որ մեկ ժողովուրդ ենք եւ մոլորակի վրա միակ ժողովուրդը, որն աշխարհասփյուռ է դարձել Ցեղասպանության պատճառով: Եվ քանի որ բոլորն ընդունում են այդ փաստը, անկախ նրանից, թե ինչպես են անվանում, պատրաստ են լինելու այդ Հայաստանի հետ գործ ունենալ: Շատերի համար նույնիսկ հետաքրքիր է այդ Հայաստանի հետ գործ ունենալը, բայց նախ եւ առաջ հետաքրքիր ու կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք ոչ մի կերպ չենք կարող դառնալ այն, ինչը որ պետք է լինենք, եթե այդ միացումը չկատարվի: Այս միացման վրա պետք է աշխատեն ոչ թե քաղաքական կուսակցությունները, նույնիսկ պետական ատյանները, որովհետեւ նրանք բավականաչափ խառնվել են այս գործընթացների հետ եւ կորցրել են մտքի, հոգու անհրաժեշտ մաքրությունը, որը պետք է նման խնդիր լուծելու համար: Ես հույս ունեմ, որ վերեւում նշված խմբերն ի վիճակի կլինեն առաջ քաշել այդ ուղղությամբ անհրաժեշտ նախագծերը եւ ամբողջացնել ներուժը»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցումից հետո գնդակը տեղափոխվել է ԼՂՀ-ի կարգավորման դաշտ, մեր զրուցակցի կարծիքով, անկախ նրանից, թե ով է ասում, ինչ է ասում, օբյեկտիվ իրականությունը հետեւյալն է. «Շատ երկրներ կցանկանային, որ Ղարաբաղի հարցը լուծված լիներ, որովհետեւ այդ դեպքում իրենց հակառակորդ երկիրը դուրս էր մնալու տարածաշրջանից: Այսօրվա դրությամբ այդ դուրս մնացող երկիրը Ռուսաստանն է, որը ոչ մի կերպ չի համաձայնվի: Ոչ ոք չի ցանկանում դուրս մնալ այս տարածաշրջանից, որովհետեւ շատ կարեւոր տարածաշրջան է: Հետեւաբար, Ռուսաստանը երբեւիցե չի կարող թույլ տալ որեւիցե մշակված սցենարով՝ մադրիդյան սկզբունքներ կամ այլ, հարցի լուծում: Իսկ ռուսական սցենարով լուծում թույլ չեն տա մյուսները: Ուստի, այդ լուծումը չի լինելու: Ղարաբաղյան հարցի լուծման որեւէ տեղաշարժ չի լինելու»: ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու ուղղությամբ, Աշոտ Մանուչարյանը համարում է գործունեության արդյունավետ ուղղություններից մեկը. «Արեւմուտքը, դավաճանելով իր սկզբունքներին եւ ի սկզբանե չճանաչելով ԼՂՀ-ն, դրդեց պատերազմը: Դա հակասում է եվրոպական քաղաքակրթության բոլոր սկզբունքներին: Եթե առաջնորդվենք եվրոպական քաղաքակրթության արժեքներով, ինչի կոչն իրենք են անում, Ղարաբաղն անկասկած պետք է ճանաչվի: Եվրոպայում էլ պետք է անդադար փնտրել եվրոպական քաղաքակրթություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել