Ըստ իդեալիստական տեսության՝ երազներում
կարող են լինել այնպիսի պատկերներ, որոնք մարդուն
կյանքի ընթացքում չեն հանդիպել:
Երազներ տեսնում են բոլորը: Իսկ ի՞նչ է երազատեսությունը հարցին կարելի է կարճ պատասխանել՝ դա ենթագիտակցությունից դուրս եկող երեւույթ է, ուր անջատված են մեր կյանքի համար իրական զգացումները: Երազում մարդն ապրում է ապագան՝ առաջ անցնելով իրական կյանքից: Այս բանաձեւը ըստ էզոթերիկ գիտությունների է հիմնված, սակայն հոգեբանների հիմնավորումները այս երեւույթի մասին այլ են: «Երազը ուղեղի աշխատանքի արդյունքն է, օրվա ընթացքում ունեցած տպավորությունների մասին կամ տարիների ընթացքում մարդու ենթագիտակցության մեջ հավաքված ինֆորմացիայի արտացոլումը»,- ասում է հոգեբան Էլինա Ասրիյանը, որը քնին եւ երազներին վերաբերող խնդիրների ուսումնասիրությամբ է զբաղվում:
Քունը անցնում է երկու փուլով, հոգեբանները դրանք անվանում են օրթոդոքսալ եւ պարադոքսալ՝ խորը եւ մակերեսային: Երազ սովորաբար տեսնում են պարադոքսալ քնի փուլում՝ մակերեսային քնի ժամանակ: Երբ մարդը երազ է տեսնում, նրան թվում է, թե երկար ժամանակ է տեւում երազատեսությունը: Իրականում երազատեսությունը տեւում է մի քանի րոպե, իսկ արթնանալիս թվում է, թե երազը կիսատ է մնացել: Ըստ Էլինա Ասրիյանի. «Ուղեղի աշխատանքը առկա է մակերեսային քնի ժամանակ: Եվ հենց ուղեղի աշխատանքի պատճառով է, որ մարդը երազներ է տեսնում եւ արդյունքը լինում է այն, որ արթնանում է ոչ լիարժեք հանգստացած: Այսինքն՝ առկա է ենթագիտակցության աշխատանքը, որն էլ երազների արդյունքն է»:
Էզոթերիկ գիտությունների ապացույցներն այս երեւույթի վերաբերյալ հետեւյալն են. երբ մարդը քնած է՝ միայն ֆիզիկական եւ եթերային մարմիններն են նրա հետ, իսկ մյուս մարմինները նրանից հեռանում են: Մարդը, բացի ֆիզիկական մարմնից, ունի եւս յոթ մարմին, դրանք կոչվում են նուրբ մարմիններ եւ գտնվում են մարդու մարմնից 15 սմ հեռավորության վրա. այդ մարմինները միասին կոչվում են աուրա: Մարդը քնած կմնա այնքան ժամանակ, մինչեւ մյուս 7 մարմինները, բացի ֆիզիկականից եւ եթերայինից, որոնք քնած ժամանակ մնում են մարդու հետ, նորից չվերադառնան իրենց «կացարանը»: Երբ մարդը քնած է՝ նա չի զգում իր արթուն վիճակի ապրումները, որովհետեւ աստեղային մարմինը՝ երազատեսության պատասխանատուն, մյուս մարմինների հետ մեկտեղ հեռանում է օրգանիզմից, գնում «երազների թագավորություն» եւ ապրում իր կյանքով: Քանի որ աստեղային մարմինը իր հետ է տանում մեր ողջ ապրումները, նշանակում է՝ մեզ պետք է հասկանալ աստեղային մարմնի գիշերային կյանքը: Ահա այստեղ էլ մեզ օգնության են գալիս երազները: Աստեղային մարմինը իր անունը ստացել է հենց այս պատճառով, քնի ընթացքում այն անընդհատ մեզ երազի միջոցով տիեզերքից բերում է ինֆորմացիա: Այդ է պատճառը, որ երբ մարդն արթնանալիս վեր է թռչում, աստեղային մարմինը, եւ մյուս նուրբ մարմինները նույնպես, չեն հասցնում գրավել իրենց տեղը, ինչի արդյունքում էլ մեր տեսած երազը չի տպավորվում:
Հոգեբանները՝ երազը ապագայի կանխատեսումն է հարցի վերաբերյալ ասում են՝ հոգեբանությունը մինչ օրս այդ հարցին չի կարող պատասխանել՝ դա դեռ ապացուցված չէ: Ըստ Էլինա Ասիրյանի՝ «Երազը միայն կապված է մարդու հոգեկան, ներանձնային խնդիրների հետ: Հոգեբանության մեջ երազատեսության վերաբերյալ կա երկու տեսություն՝ իդեալիստական եւ մատերիալիստական: Ըստ մատերիալիստական տեսության՝ երազում չի կարող լինել որեւէ դեպք, երեւույթ, որը մարդն ապրած չլինի իր կյանքի ընթացքում, այսինքն՝ երազը ուղեղի ֆիզիկական հետքերի ապաարգելակում է, ապրածը եւ զգացածը տեսնել երազի միջոցով, իսկ իդեալիստական տեսությունը ընդունում է, որ երազներում կարող են լինել այնպիսի պատկերներ, որոնք մարդուն իր կյանքի ընթացքում երբեւէ չեն հանդիպել, դա կարող է արտահայտվել մարդու անգիտակցական պրոյեկտիվ արխետիպերով: Կոլեկտիվ անգիտակցական, այսինքն՝ ողջ մարդկության կյանքի փորձը, դրանից դրվագներ, որը արտացոլվում է երազում՝ բնութագրում է իդեալիստական տեսությունը»: