Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՓՆՏՐՎԱԾ ԲԱՌԸ ՍԵՔՍՆ Է

Մայիս 20,2010 00:00

Ըստ ամերիկաբնակ հոգեբույժի, անչափահասները հակված են համացանցում դրա մասին տեղեկատվություն որոնել

«Ինտերնետը սահմաններ չունեցող տարածք է, իսկ մարդկանց, առավել եւս երեխաներին՝ սահման անհրաժեշտ է: Եթե երեխան ինտերնետից օգտվում է առանց ծնողի վերահսկողության, մեծ հավանականություն կա, որ նա կայցելի կայքեր, որոնք իր զարգացման մակարդակին համապատասխան տեղեկություններ չեն տա»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, երեխաների եւ պատանիների հոգեբույժ Արթուր Պողոսյանը: Նա Բժշկական համալսարանի հրավերով Երեւանում հանդես է գալիս դասախոսություններով: Մեջբերելով որոշ հետազոտական տվյալներ՝ հոգեբույժը պատահական չի համարում, որ, ըստ վիճակագրության, համացանցում մինչեւ 8 տարեկան երեխաների կողմից ամենից շատ փնտրված բառը սեքսն է: Ըստ մեր զրուցակցի, եթե մինչեւ 6 տարեկան երեխան սեքսի պատկերներ է տեսնում, նրա ուղեղի բնականոն զարգացումը փոխվում է. «Եթե ծնողը չպարզաբանի այդ պատկերները, երեխան կշեղվի եւ կարող է մեծ շփոթմունք ու տառապանք ապրել: Այսինքն, փոխարենը սկզբում երեխան մտածի ձեռք սեղմելու, մտերմություն անելու, շփվելու մասին, հետո նոր հասնի շարունակությանը, նա միանգամից վերջն է ուզում տեսնել: Այդ ամբողջ ճանապարհը, որն իր մեջ գեղեցկություն, իմաստ էր պարունակում, կորչում է: Սիրո հարցում այդ երեխաները դատարկության մեջ են հայտնվում»: Ա. Պողոսյանը նշում է, որ եթե երեխան ավելի շատ ժամանակ է ծախսում ինտերնետով անիմաստ խաղերի վրա՝ ընկերների հետ խաղալու փոխարեն, դա, ի վերջո, կործանման է տանում նրան: Հայաստան ժամանած հյուրը նկատում է, որ այս առումով Հայաստանը սկսել է ապականվելու առաջին քայլերն անել: Մասնագետն այս պարագայում ուրախալի է համարում, որ ինտերնետը Հայաստանում թանկ է ու դեռեւս շատերին հասանելի չէ: Նա գտնում է, որ եթե այստեղ էլ ինտերնետը մատչելի լինի, սրճարանները կսկսեն դատարկվել, եւ մարդիկ, իրենց փոքր բնիկներում նստած, կուրախանան վիրտուալ կյանքով: Հոգեբույժը ընդգծում է, որ երեխայի համար պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի նա իր պոտենցիալը հայտնաբերի եւ կարողանա բնականոն ուղով զարգանալ: «Եթե երեխային շատ ճնշենք եւ նա շատ ավելի մեծ հաջողությունների հասնի, քան իրական պոտենցիալն է, երեխան այդ տարբերության մեջ իրեն երջանիկ չի զգա: Կարող ենք հիանալի ներկարարներ ունենալ, որոնց ներկած պատը կտարբերվի, ոչ թե ներկարարին դարձնենք դժգոհ դաշնակահար, որն ատում է իր գործիքը»,- ասում է մասնագետը եւ հավելում, որ ծնողների կողմից ցանկալի չէ նաեւ մյուս ծայրահեղությունը՝ բարձիթողությունը:
Հոգեբույժը նկատել է՝ Հայաստանում հոգեբան եւ հոգեբույժ հասկացությունները շատ հաճախ չեն տարբերում: Նաեւ կարծիք հայտնում, որ մեր երկրում հոգեբույժների դպրոցն ավելի բարվոք վիճակում է, քան հոգեբաններինը. «Հայաստանում շատերը սահմանափակ կրթություն ստանալուց հետո իրենց հոգեբան են անվանում, իսկ, օրինակ, Միացյալ Նահանգներում, եթե դու քեզ հոգեբան ես անվանում, նշանակում է, որ հոգեբանությունից ունես առնվազն դոկտորական կոչում»: Մեր զրուցակիցը նկատել է նաեւ, որ Հայաստանում հոգեբույժների նկատմամբ բացասական վերաբերմունք ու վախ կա. «Չեն հասկանում, որ ողջ աշխարհում հոգեբույժի դիմում են մեծ թվով նորմալ մարդիկ: Մեզանից յուրաքանչյուրը կյանքի որեւէ էտապում կարող է հոգեբույժի դիմելու կարիք ունենալ»: Ա. Պողոսյանը պատմում է նաեւ ամերիկյան կրթական համակարգի մասին. «Ամերիկյան դպրոցական համակարգն այստեղի նման ներող չէ, այնտեղ խիստ են ու պահանջկոտ, եթե պահանջները չկատարեցիր՝ առաջ չես գնա: Ամերիկայում իրական հիվանդության պատճառով մեկ-երկու շաբաթ դպրոց չգնալով՝ երեխաները հետ են ընկնում ու դրանից սկսում են տագնապներ եւ հուզումներ ունենալ: Իսկ այդ երեխաները, որ չեն սովորում, որովհետեւ ինտերնետի վրա են ժամանակ անցկացնում, ի վերջո, նրանց մոտ թե՛ տագնապային, թե՛ դեպրեսիվ նշաններ են ի հայտ գալիս, ընտանիքի անդամների նկատմամբ են սկսում ագրեսիվանալ, երբ մեկը փորձում է ինտերնետը անջատել»: Մասնագետը նշում է նաեւ, որ իդեալական հասարակության մեջ ամեն երեխա, անկախ նրանից՝ հոգեկան խնդիր ունի, թե ոչ, պետք է անհատական կրթական ծրագրով սովորի. «Ինչու պետք է երեխաներին լցնեն գազոնի մեջ ու ասեն՝ այս տարի բոլորը սա են սովորում, «գազոնային» կրթությանը պետք է վերջ տալ»: Ըստ նրա, այդպիսին է նաեւ ներառական կրթությունը, որի կայացման համար ԱՄՆ-ում մեծ գումարներ են ներդնում: Ա. Պողոսյանը նշում է. «Այդ երեխաներին շատ զգուշորեն պետք է ընտրել: Ամերիկյան օրենքը ամբողջությամբ ծնողի օգտին է, եթե ծնողը չուզեց, նրան ոչ մեկը չի կարող պարտադրել որեւէ դպրոց տանել: Այնտեղ ծնողները դիմում են մասնագետի, եւ շատերը մինչեւ դատարան են հասնում, որ իրենց ընտրած դպրոցում սովորի երեխան»:
Շուրջ 20 տարի ԱՄՆ-ում բնակվող Ա. Պողոսյանը վերջին այցի ժամանակ նկատել է. «Հայ տղաների եւ աղջիկների միջեւ մեծ տարբերություն կա, նույնիսկ ֆիզիկականով կանայք ավելի ձեւավորված են մարմնակազմության, գեղեցկության իմաստով, տղամարդիկ այդ նույն զարգացումը չեն ապրել: Իսկ, օրինակ, Միացյալ Նահանգների պրոբլեմը գիրությունն է, այնտեղ փողոցում քայլում ես՝ միայն գեր մարդիկ, երեխաներ ու աղջիկներ ես տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել