Երեկ Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվեց նկարիչ Արմեն Վահրամյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ա. Վահրամյանը Նկարիչների միության անդամ է, մասնակցել է խմբակային ցուցահանդեսների՝ ինչպես Երեւանում, այնպես էլ «դրսում»: Նրա աշխատանքները ցուցադրվել են Իսպանիայում, Նյու Յորքում, Հոլանդիայում, Շոտլանդիայում, Ֆրանսիայում եւ այլ երկրներում:
Ա. Վահրամյանի երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսը նվիրված էր հույն ժողովրդի ցեղասպանության հիշատակին: «Առավոտի» հետ զրույցում նկարիչն ասաց, որ ներկայացրել է մոտ 85 աշխատանք, որոնք կատարել է տարբեր ժամանակներում: Իր նկարներում նա պատկերել է Լոռվա այն գյուղերը, որտեղ բնակվել են հույներ: Նկարիչը եւս ծագումով Լոռու մարզից է՝ ծնվել է Արդվի գյուղում: Ա. Վահրամյանը ասաց նաեւ, որ ինքը եղել է Հունաստանում ու շատ հույն ընկերներ ունի, ընդգծեց, որ հայերի եւ հույների միջեւ որոշակի նմանություններ կան: Երկու ժողովրդին, Ա. Վահրամյանի խոսքերով, հատկապես կապում է պատմական անցյալը:
Նշենք, որ ցուցահանդեսի օրը կազմակերպվել է այցելություն Ծիծեռնակաբերդ եւ մեկ րոպե լռությամբ հարգվել ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հույն ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների շարքը կազմակերպվել էր՝ Հայաստանում հունական համայնքների ֆեդերացիայի, Ախթալայի քաղաքապետարանի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից, վերջինիս նախագահը Սերգո Երիցյանն է, ով նաեւ վարում էր նկարիչ Ա. Վահրամյանի ցուցահանդեսի բացման արարողությունը: Խոսքով հանդես եկավ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոննիս Կորինթիոսն: