Հայ թենիսիտները մայիսի 10-15-ը Հունաստանի մայրաքաղաքում կայացած «Davis Cup» տղամարդկանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի խաղերից վերադարձան տուն:
Ի թիվս Անդորրայի, Ալբանիայի, Հունաստանի, Վրաստանի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի եւ Սան-Մարինոյի հավաքականների, մրցաշարին մասնակցում էր նաեւ մեր ընտրանին՝ թիմի ավագ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ: Հայ թենիսիստներ Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը, Խաչատուր Խաչատրյանը եւ Կարո Փամբուկյանը տոնեցին երեքական հաղթանակ, կրեցին նույնքան պարտություն:
Հաղթանակով ավարտվեցին Սան-Մարինոյի, Ալբանիայի ու Անդորրայի թիմերի հետ հանդիպումները, իսկ պարտություններ գրանցվեցին Մոլդովայից, Չեռնոգորիայից եւ Հունաստանից: Ի դեպ, առաջնության կազմակերպիչ Հունաստանի հավաքականն էլ «B» խմբից վաստակեց հաջորդ տարի եվրոաֆրիկյան տարածաշրջանի 2-րդ ենթախմբի խաղերին մասնակցելու իրավունք՝ «A» խմբի հաղթող Լյուքսեմբուրգի թիմի հետ միասին:
3-րդ ենթախմբի խաղերին մասնակցությունը մեր տղաները նախորդ տարի ապահովել էին Կոտ դ’Իվուարում անցկացված եվրոաֆրիկյան տարածաշրջանի չորրորդ ենթախմբի խաղերում հինգ հավաքականների պայքարում 4-րդ հորիզոնականը զբաղեցնելով: Հունաստանի մրցաշարին մեր հավաքականը սկսել էր նախապատրաստվել դեռ երկու-երեք ամիս առաջ, թեեւ թենիսում ընդունված է մրցաշարի մեկնարկից միայն մեկ-երկու շաբաթ առաջ սկսել մարզումները: Այս երկարատեւ նախապատրաստական շրջանը թիմի ավագ Վահե Ավետիսյանը բացատրում է նրանով, որ մեր թենիսիստները, ցավոք, շատ մրցաշարերի չեն մասնակցում, ուստի որոշակի փորձ է անհրաժեշտ: Այդ ամիսների ընթացքում հավաքականը մարզվել է յուրաքանչյուր օր եւ թիմի ավագն էլ գոհ է նախապատրաստական շրջանից: Վահե Ավետիսյանի խոսքերով՝ 2009-ի համեմատ այս տարի մեր թենիսիստները շատ ավելի հաջող հանդես եկան: Թիմի առջեւ դրված առաջադրանքը 3-րդ ենթախմբում ամրապնդվելն էր, ինչը մեր տղաները հաջողությամբ կատարեցին: «Մեր նպատակը այս ենթախմբում ամրապնդվելն էր եւ վարկանիշը բարձրացնելը: Իմ կանխատեսումներով, մենք կարող էինք հաղթել երկու թիմի, բայց՝ երրորդն էլ ստացվեց: Ասել է թե, արդյունքները միանշանակ գոհացուցիչ են: Մենք արեցինք այն առավելագույն, ինչ կարող էինք այս կազմով»,- նկատեց թիմի ավագը՝ հավելելով, որ Չեռնոգորիայից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից եւ Մոլդովայից բացի, մյուս հավաքականների մեջ լավագույն արդյունքը մերն էր: Մենք մեր հաղթած երեք հանդիպումներն ավարտել ենք 3:0 հաշվով, իսկ մյուս թիմերը՝ 2:1: Ավետիսյանը նաեւ նշեց, որ մրցաշարին բավական ուժեղ թենիսիստներ էին մասնակցում, ովքեր դասակարգվել էին աշխարհի 100 լավագույնների շարքում. Մյուլլերը՝ Լյուքսեմբուրգից, Լաբաձեն՝ Վրաստանից, Էկոնոմիդիսը՝ Հունաստանից ու էլի մի շարք թենիսիստներ արդեն երկրորդ հարյուրյակից: Խոսելով ամենաբարդ մրցակիցների մասին՝ թե թիմի ավագը, թե հավաքականի անդամները միաբերան պնդեցին, որ ոչ մի խաղ հեշտությամբ չի տրվել եւ բոլոր հանդիպումներն էլ անչափ ծանր ընթացք են ունեցել: «Այն բոլոր խաղերում, որոնցում մենք հաղթանակ տոնեցինք, նույն հաջողությամբ կարող էինք նաեւ պարտվել նույն հաշվով»,- ասաց Վահե Ավետիսյանը՝ հիշելով բոլոր դժվարին ու անելանելի թվացող իրավիճակները Աթենքի կորտերում:
Ու չնայած այս ամենին, տղաները լավատեսորեն են տրամադրված արդեն 2011 թվականին կայանալիք «Davis Cup»-ի տղամարդկանց թիմային առաջնության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ ենթախմբի խաղերին: Հարություն Սոֆյանի խոսքերով, անցած տարվա համեմատ թիմի առաջընթացն ակնհայտ է եւ այս տեմպերով արդեն հաջորդ տարի հույս ունի տեղափոխվել երկրորդ ենթախումբ: «Նույն տեղում երկար չենք մնալու»,- համոզված է մեր հավաքականի առաջատարը:
Իսկ արդեն այս տարվա ընթացքում հավաքականն այլեւս որեւէ մրցաշարի մասնակցություն չի նախատեսում: Փոխարենը, հավաքականի գրեթե բոլոր անդամները կմասնակցեն «Feautures» անունը կրող մրցաշարերին՝ փորձելով միավորներ վաստակել պրոֆեսիոնալ տուրում վարկանիշը բարձրացնելու համար: Այդ առումով արդեն հստակ որոշում է կայացրել Խաչատուր Խաչատրյանը: Նա ասաց, որ անպայման կմասնակցի Իրանում կայանալիք առաջին երկու մրցումներին, բայց հետագան դեռ մշուշոտ է: