Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եվրոպական» դաս՝ թիվ 190 դպրոցում

Մայիս 20,2010 00:00

Կամ՝ ինչը պետք է տեղայնացնել

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն Երեւանի թիվ 190 դպրոցում էին: Այս անգամ «բաց դասը» «Եվրոպայի օր» խորագիրն ուներ: Նրանք դասը միաժամանակ վարում էին տարբեր դասարաններում: «Ես միշտ գանգատներ եմ լսում, որ Եվրամիության մասին բավականաչափ տեղեկություններ չկան, դա նաեւ դպրոցների գործն է»,- ասաց Լուցենբերգերը:
Ա. Աշոտյանը նշեց, որ կարեւոր է հասկանալ, որ 21-րդ դարում որեւէ պետություն չի կարող հաջող ապրել առանց համագործակցության, դրանից ելնելով էլ Հայաստանն անկախության առաջին տարիներից սկսել է համագործակցել եվրոպական մի շարք կազմակերպությունների հետ: Ո՞վ է 21-րդ դարի հայը, ինչպիսի՞ն պետք է լինի նա, ի՞նչ դրսեւորումներ պետք է ունենա հայրենասիրությունը 21-րդ դարում, ինչպիսի՞ ապագա ենք պատկերացնում այն աշխարհում, որն արագորեն փոփոխվում է: Այս հարցերի շուրջ էր նախարարի դասը: Աշոտյանը խնդրեց աշակերտներին մեկ նախադասությամբ ձեւակերպել՝ ի՞նչ է Եվրոպան իրենց պատկերացմամբ: Մեկի պատասխանն այսպիսին էր. «Դա մեզ համար բարձրագույն հասկացություն է, որին բոլորս ձգտում ենք հասնել»: Մեկ ուրիշն էլ Եվրոպա ասելով հասկանում էր հագնվելու ձեւը, դպրոցի կառուցվածքը եւ այլն: Նախարարը այդ աշակերտներին խորհուրդ տվեց՝ երբեք Եվրոպա ասելով չհասկանալ քաղաքական կամ քաղաքակրթական բարձրագույն լիգա, իսկ Հայաստանն էլ՝ երկիր, որ ձգտում է առաջին լիգայից հասնել բարձրագույնի. «Եվրոպական արժեքները գրված են եվրոպական փաստաթղթերում, եւ եթե դրանց միջից եվրոպական բառը հանենք, կտեսնենք, որ այնտեղ կարելի է հեշտությամբ տեղադրել հայկականը: Այդ արժեքների բնութագրիչները՝ հավատը, բարոյականությունը, մարդու արժանապատվությունը, իրավունքը, սոցիալական արդարությունը, մեզ համար խորթ, անծանոթ չեն, հայերն առաջինն են այդ քրիստոնեական արժեքները իրենց վրա վերցրել»: Ինչ վերաբերում է փոփոխություններին, նախարարը նշում է. «Միշտ չէ, որ դրանք դրականն են արձանագրում: Փոփոխությունները նաեւ նոր մարտահրավեր են առաջ բերում: Ձեզ հետ միասին պարտավոր ենք հասկանալ եւ կանխատեսել այդ դժվարությունները: Բազում ազդեցություններ իրենց դրոշմը թողել են մեր աշխարհընկալման, կենցաղի վրա, բայց դա չի խեղել մեր ինքնությունը: Հայն իր հայ ինքնությամբ է հետաքրքիր, ձուլված հայը Եվրոպային հետաքրքիր չէ»: Նախարարը գտնում է, որ եվրոպական արժեքներից պետք է օգտվել, միաժամանակ հասկանալ, որ Եվրոպան միատարր չէ եւ դրա տարբեր շրջանակներում կան մտավախություններ, մարտահրավերներ, երեւույթներ, որ ընկալելի չեն հայերիս համար. «Նման ֆիլտրերով զինվելով՝ պետք է ստանանք այն, ինչ մեզ պետք է եւ պայքարենք նրա դեմ, ինչ մեզ պետք չէ»:
Նաիրա Զոհրաբյանն էլ իր դասի ընթացքում, խոսելով Եվրամիության հետ համագործակցության, Արեւելյան գործընկերության մասին, նշեց. «Մենք լուրջ խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ: Օրերս նորից այդ երկրից եղավ վերջին հայտարարությունը, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ Արեւելյան գործընկերությամբ համագործակցությունից»: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ Հայաստանը քաղաքակրթությամբ ամենեւին էլ առաջ չէ, օրինակ՝ Ադրբեջանից: Ապա անկեղծանալով աշակերտների մոտ, նշեց. «Հանդիպումների ընթացքում տեսնում ենք, որ ադրբեջանցիները 5-6 լեզու են իմանում, իսկ մեր պատգամավորները ոչ միայն այլ լեզվի չեն տիրապետում, այլեւ հայերենը չգիտեն, եւ կլոր բառը գրում են օ-ով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել