Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղազանչյանի «Սալեմի վհուկները»

Մայիս 20,2010 00:00

Պրեմիերա՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում

Պետք է հավատարիմ մնալ Աստվածաշնչի տասը պատվիրաններին, ընկերներին չշեղել ճիշտ ճանապարհներից եւ լինել միշտ արդար: Այս մասին է քարոզում ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի բեմադրած «Սալեմի վհուկները» ներկայացումը՝ ըստ Արթուր Միլլերի համանուն պիեսի: Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ ներկայացման պրեմիերան՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի՝ Ե. Ղազանչյանի ուսանողների մասնակցությամբ: Դա դիպլոմային աշխատանք էր՝ դերասանի վարպետություն առարկայից:
Գործողությունը տեղի է ունենում Սալեմ քաղաքում: Այն պատմում է, ըստ հերոսներից մեկի խոսքի, «անառակ էգի վրիժառության» մասին: Երիտասարդ Աբիգայլ Ուիլյամսը սեռական կապի մեջ է մտնում իր տիրուհու՝ տիկին Պրոկտերի ամուսնու՝ Ջոն Պրոկտերի հետ: Տիրուհին իմանալով այդ մասին՝ Աբիգայլին վռնդում է տնից, օրիորդն էլ որոշում է վրեժ լուծել: Հետագայում Աբիգայլը դատարանում խոստովանում է հոգին սատանային հանձնելու մասին, հայտարարում, թե սատանայի հետ տեսել է նաեւ տիկին Պրոկտերին: Թեեւ կնոջը փրկելու նպատակով Ջոն Պրոկտերը խոստովանում է Աբիգայլի հետ ունեցած հանցագործ կապի մասին, սակայն դա չի փրկում նրան մահապատժից: Իսկ անառակ Աբիգայլը՝ մեղքերի մեծ բաժինն իր ուսերին կրելով, փախչում է քաղաքից:
«Առավոտի» հետ զրույցում Ե. Ղազանչյանն ասաց. «Բեմադրությունն ու ուսանողների խաղը իմ եւ կոլեգաներիս 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Միշտ ասում եմ. ունենք հրաշալի երիտասարդներ՝ լուրջ հեռանկարով, որոնք սիրում են թատրոնը: 4 տարիների ընթացքում ամեն ինչ արել եմ, որ նրանք հեռու մնան «մազալու» բաներից: Ինչպես Վաղարշ Վաղարշյանն էր ասում՝ «մազալու» բաները դեռ թատրոն չեն: Այս երեխաները հասկանում են՝ ինչ է նշանակում թատրոն, ազգային թատրոն, ավանդույթներ: Հսկայական ջանք ու ճիգ եմ թափել նրանց վրա, որի համար չեմ ափսոսում»:
Ըստ ռեժիսորի, 20 հոգուց բաղկացած կուրսը պատրաստի թատերախումբ է. «Եթե ես տեղ ունենամ, ինձ մոտ կվերցնեմ: Նրանք կարող են ներկայացումներ խաղալ: Օրինակ՝ Էջմիածնում եթե թատրոն բացվի, միանգամից այս կորիզը կգնա այնտեղ, որովհետեւ, ի վերջո, մեր հոգեւոր քաղաքն է եւ ամոթ է, որ այդ մարզը թատրոն չունի: Եթե ամեն մեկը մի բեմադրություն անի, թատրոնը կծաղկի…»:
Բեմադրության պրեմիերային ներկա էին նաեւ Էջմիածնի հոգեւոր ճեմարանի ուսանողները: Ե. Ղազանչյանի տեղեկացմամբ, պետք է հյուրընկալվեր նաեւ Վեհափառը, բայց Երուսաղեմից անսպասելի հյուրերի պատճառով չի կարողացել գալ. «Կարծում եմ՝ մեր համագործակցությունը եկեղեցու հետ շատ կարեւոր է, մենք, ի վերջո, նույն բանն ենք անում, քարոզում ենք ընկերասիրություն, մարդասիրություն, անձնազոհություն, հայրենասիրություն… Սրանք մոռացված արժեքներ են»:
Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դերասանի վարպետության դասախոս, դերասանուհի Մարգարիտ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ռեժիսորի մասնագիտություն ունենալով՝ նրանք փայլուն դրսեւորեցին դերասանի վարպետությունը: Անգամ պրոֆեսիոնալ դերասանի մոտ է հուզմունք լինում, ուստի ուսանողների պարագայում էլ դա նորմալ է»:
Կուրսի ղեկավարի ասիստենտ Մարգարիտա Մնացականյանի խոսքով էլ. «Ողջ կուրսից առնվազն 4-5-ը հրաշալի ռեժիսորներ կլինեն, մնացածն էլ՝ կատարյալ դերասաններ: Ոչ ոք դեռեւս հեռուստատեսային դաշտում առկա սերիալային, գովազդային եւ այլ ուղղություններով չի հրապուրվել, հուսամ՝ երբեք էլ չեն գայթակղվի թեթեւ ժանրերով»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել