Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՐԱՑԵԼ Է ՈՒ ԲԵՄԱԴՐԵԼ

Մայիս 20,2010 00:00

Հունիսին հանդիսատեսի դատին կհանձնվի Վահան Բադալյանի «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացումը

Կան արվեստագետներ, որոնց մասին խոսելիս ընդդիմախոսներն անգամ նշում են նրանց շնորհալի լինելու հանգամանքը: Ասվածը վերաբերում է նաեւ Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին: Հիշեցնենք տարբեր միջազգային հեղինակավոր թատերական փառատոներին, այդ թվում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռումինիայում նրա՝ ըստ Մ. Էնդեի հեքիաթի բեմադրած «Օֆելյայի ստվերների թատրոնի» մասին մասնագետների բարձր գնահատականները: Փոքր թատրոնում, ըստ Նարեկացու «Մատյանի»՝ Վ. Բադալյանի բեմադրած «Յոթ զգացողություն» պիեսը եւս հաջողությամբ շրջագայել է Եվրոպայի մի շարք քաղաքներում:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսին թատերասերի դատին կհանձնվի բեմադրիչի «Լեգենդ Մակբեթի մասին» ողբերգությունը: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բադալյանական մոտեցումը շեքսպիրյան ավանդույթներ ունեցող հայ թատրոնում: «Հիմք եմ ընդունել հենց շոտլանդական լեգենդը, որից օգտվել է ինքը՝ Շեքսպիրը: Ներկայացումը ճակատագրի ընձեռած ուղղությունների մասին է: Ի վերջո, ի՞նչն է ընտրում մարդը, այս դեպքում՝ Մակբեթը եւ մյուս հերոսները, թույլ տվեք չմանրամասնել… Թող հանդիսատեսը տարբեր հոգեբանություն ունեցող կերպարներում գտնի իրեն: Փորձել եմ խորանալ լեգենդի գեղագիտության մեջ: Պահպանելով պատմական ժամանակաշրջանը, սովորույթները, այնուամենայնիվ, փորձել եմ տարբեր արտահայտչամիջոցներով նոր շունչ հաղորդել հանրահայտ երկին»,- ասաց բեմադրիչը: Վ. Բադալյանին հիշեցրինք, որ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում արդեն 5-րդ թատերաշրջանն է, ինչ ներկայացվում է Ա. Խանդիկյանի բեմադրած «Մակբեթը», որը արժանացել է նույնիսկ շեքսպիրագիտության համաշխարհային կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բարտոշեւիչի հիացմունքին: Արդյոք, պե՞տք է եւս մեկ «Մակբեթ» երեւանյան բեմում, բեմադրիչն ասաց. «Երեւանյան բեմում կարող են «ապրել» բազում մակբեթներ: Կարծում եմ՝ հանդիսատեսին պետք է հնարավորություն տալ առնչվել այլ մակբեթների հետ եւս: Տարբեր երկրներում, նույն քաղաքի թատրոններում տարիներ շարունակ համերաշխ գոյատեւում են եւ մակբեթները, եւ օթելլոները… Մի խոսքով՝ համաշխարհային հատընտիր գրականության հայտնի կերպարները»:
Դիտարկմանն էլ, թե՝ Մայր թատրոնի որոշ դերասանների դուր չի եկել այն հանգամանքը, որ Մակբեթի դերում հանդես է գալու կատակերգակ դերասան Արա Դեղտրիկյանը, որը Վ. Բադալյանի մորաքրոջ՝ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսինն է, մեր զրուցակիցը հայտնեց, թե Աճեմյանն իր մորաքույրը չէ, հետո էլ հավելեց. «Մինչ Սունդուկյան թատրոնի գեղարվեստական խորհրդին հայտ ներկայացնելը, ես տեսնում էի Արա Դեղտրիկյանին՝ Մակբեթի, եւ Փոքր թատրոնի դերասանուհի Վիվիեն Բաստաջյանին՝ լեդի Մակբեթի դերերում: Հայտը ներկայացրել եմ՝ նշելով հիշատակված դերասաններին: Նշեմ, որ եւ փորձերի ընթացքից եմ գոհ, եւ բեմադրությանը ներգրավված սունդուկյանցիների միջին ու երիտասարդ սերնդի դերասաններից: Դունկանի դերում հանդես կգա Վիգեն Ստեփանյանը, իսկ Մակդուֆի՝ Ռուսական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը: Ի դեպ, մեծ սիրով է աշխատում նաեւ թատրոնի տեխնիկական անձնակազմը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել