Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ Ո՞ՒՇ Է

Մայիս 20,2010 00:00

Իրանը սպասում է Վիեննայի խմբի՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ ՄԱԳԱՏԷ, պատրաստակամությանը, միջուկային վառելիքի փոխանակում իրականացնելու համար: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ մասին դեռ մայիսի 18-ին Թեհրանում հայտարարել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Հիշեցնենք, որ անցյալ երկուշաբթի Իրանը, Թուրքիան եւ Բրազիլիան համատեղ հայտարարություն էին ստորագրել՝ իրանական ցածր հարստացված ուրանը Թուրքիա ուղարկելու եւ արդեն վերամշակված՝ մինչեւ 20 տոկոս հարստացված միջուկային վառելիք ետ ստանալու մասին, որի վերաբերյալ գրավոր ծանուցումն Իրանը 7 օրվա ընթացքում պետք է փոխանցեր ՄԱԳԱՏԷ-ին: Երեք երկրների միջեւ պայմանավորվածության ձեռքբերումից հետո՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է կատարել միջազգային հանրության եւ ՄԱԳԱՏԷ-ի պայմանը եւ հետագայում այդ խնդիրը շահարկելու որեւէ առիթ չի թողել:
Այդուհանդերձ, երեք երկրների միջեւ ձեռք բերված համաձայնությունը որեւէ կերպ չի ազդել Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախապատրաստական գործընթացի վրա: Այդ մասին, նույն աղբյուրի մատուցմամբ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբբսը: Ավելին, մայիսի 18-ի երեկոյան Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը պատրաստ է: Քլինթոնի համոզմամբ, Իրանը զիջումների է գնացել՝ հասկանալով, որ իր երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը անխուսափելի է: «Մենք ընդհանուր հայտարարի ենք եկել պատժամիջոցներ նախատեսող բավական ազդեցիկ մի նախագծի շուրջ»,- հայտարարել է Քլինթոնը՝ հավելելով, որ այդ հարցում ԱՄՆ-ը համագործակցել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման առնչությամբ վերապահումներ ունեցող Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:
Այն հանգամանքը, որ Արեւմուտքը, պաշտոնական Մոսկվան եւ Պեկինը Իրանի խնդրում համատեղ են հանդես գալիս, Քլինթոնի համոզմամբ, ծանր հարված է այն բոլոր ուժերի համար, որոնք կտրականապես ընդդիմանում են Իրանի դեմ ճնշումներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը:
«ՄԱԿ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին նոր բանաձեւի նախագիծը լիովին անօրինական է»,- իր հերթին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի անձնական խորհրդական Մոջաբա Սամարեհ Հաշեմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել