Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տու-154»-ի վթարը շարունակում է մնալ առեղծվածային

Մայիս 20,2010 00:00

Միջպետական ավիացիոն հանձնաժողովը հանգել է այն միանշանակ եզրակացության, որ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի՝ ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ վայրէջքի պահին վթարի ենթարկված ինքնաթիռում ահաբեկչություն, պայթյուն կամ հրդեհ չի եղել: Չորեքշաբթի օրը, Մոսկվայում, վթարի պատճառների հետաքննության նախնական արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Տատյանա Անոդինան: Ըստ նրա, մինչեւ գետնի հետ անմիջական բախումը՝ նախագահի ինքնաթիռի ավիացիոն տեխնիկան եւ շարժիչները սարքին են եղել: Փոխարենը, նրա ասելով, վթարից առաջ ինքնաթիռի օդաչուների խցիկում գտնվել են օդանավի անձնակազմի անդամ չհանդիսացող կողմնակի անձինք: «Նրանցից մեկի ձայնը նույնականացվել է, մյուս անձանց ձայները պետք է նույնականացնի լեհական կողմը»,- հայտարարել է Անոդինան՝ հավելելով, թե օդաչուների խցիկի դուռը բաց է եղել եւ աղմուկը դժվարացնում է նույնականացնել նաեւ խցիկում եղած այլ կողմնակի անձանց ձայները, որոնք լսելի են դարձել հատուկ սարքերի կիրառման օգնությամբ: Միաժամանակ նա, բարոյական եւ էթիկայի նորմերից ելնելով, հրաժարվել է մատնանշել օդաչուների խցիկում եղած եւ արդեն նույնականացված անձի ինքնությունը:
BBC-ի մատուցմամբ, հիշյալ ասուլիսին մասնակցել է նաեւ Լեհաստանի լիազոր ներկայացուցիչ Էդմունդ Կլիխը, ով շեշտել է, թե նախագահ Կաչինսկիի ինքնաթիռը պատկանել է ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական ավիացիային, ուստի նրա վրա չեն տարածվել այն կանոնները, որոնցով արգելվում է օդաչուների խցիկում կողմնակի անձանց մուտքը: Կլիխի կարծիքով, խցիկում նրանց ներկայությունը «տեղի ունեցած իրադարձությունների վրա վճռորոշ ազդեցություն չի ունեցել»:
Ավիավթարի պատճառները հետաքննող միջպետական ավիացիոն հանձնաժողովը, այդուհանդերձ, տեղի ունեցած ողբերգության պատճառների վերաբերյալ որեւէ վերջնական եզրահանգում չի արել՝ հայտարարելով, որ դրանք ի հայտ կբերվեն օբյեկտիվորեն եւ սեղմ ժամկետներում: Անոդինան միաժամանակ ասել է, թե հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո վերջնական զեկույցը եւ հետաքննության բոլոր նյութերը կփոխանցվեն նաեւ Ռուսաստանի եւ Լեհաստանի պետական հանձնաժողովներին եւ գլխավոր դատախազություններին:
Հիշեցնենք, որ դեռ մայիսի սկզբին լեհական ԶԼՄ-ներում հրապարակվել էին մինչեւ ինքնաթիռի վթարի ենթարկվելը օդաչուների խցիկում կողմնակի անձանց առկայության մասին վարկածներ, որոնք, սակայն, Լեհաստանի գլխավոր դատախազությունը չէր հաստատել: Ավելի ուշ, լեհական «Gazeta Wyborcza»-ն, վկայակոչելով, Լեհաստանի ՆԳՆ-ում իր աղբյուրները գրել էին, թե օդաչուների խցիկում եղած կողմնակի անձանցից մեկը կարող էր լինել Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական արձանագրությունների ծառայության տնօրեն Մարիուշ Կազանան, որը կարող էր օդաչուներից ճշտել՝ արդյոք ինքնաթիռը ժամանակի՞ն, թե՞ ուշացումով է վայրէջք կատարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել