Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայ երեխան պիտի մայրենի լեզվով կրթվի»

Մայիս 20,2010 00:00

Այս կարծիքին է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը

Երեկ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հանդես եկավ անդրանիկ ասուլիսով՝ այս ուստարվա ընթացքում կատարվածը ներկայացնելով քաղաքապետարանի հռչակած «Որակի տարի» նշանաբանի համատեքստում: Ասաց, որ կայացել են բազմաբնույթ միջոցառումներ ու աշխատանքներ: «Օրինակ, Արաբկիր վարչական շրջանի 145-րդ դպրոցում տեղի ունեցավ մի խտասկավառակի շնորհանդես, որը ստեղծվել էր քաղաքապետի նախաձեռնությամբ: Այն, որ կոչվում է «Հայոց այբուբենը եւ հայ գրականությունը», իր մեջ ներառում էր 32 գրողների, բանաստեղծների՝ 430 ստեղծագործություն, ինչպես նաեւ Վարդան Այգեկցու, Մխիթար Գոշի առակներն ու խրատները, «Սասունցի Դավիթ» էպոսի հայերեն եւ ռուսերեն տարբերակները: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից այս խտասկավառակը նվիրվեց հանրակրթական բոլոր դպրոցներին»,-ասաց տիկին Սողոմոնյանը: Ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ 29 դպրոցներում իրականացվող ներառական կրթությանը, անվանակիր դպրոցներում կայացած ձեռնարկներին, ՊՆ-ի հետ իրականացված ռազմահայրենասիրական միջոցառումներին, ԱԺ խոսնակի ու պատգամավորների, ՍԴ նախագահի հետ՝ աշակերտների հանդիպումներին եւ այլն:
Ինչ վերաբերում է ավարտական՝ մայիսի 21-ին կայանալիք «վերջին զանգ» հանդեսին, դրա հետ կապված ողջ պատասխանատվությունը, ըստ վարչության պետի, ընկնում է դպրոցների տնօրենների, դպրոցական խորհուրդների, ծնողական խորհուրդների, դասղեկների ու տվյալ վարչական շրջանի վրա: Ըստ ԿԳՆ համապատասխան կարգի, 4-րդ դասարանցիները տարվա վերջին կունենան գիտելիքների ստուգման, 9-րդցիները՝ փոխադրական-ավարտական, իսկ 11-րդ դասարանի աշակերտները՝ պետական-ավարտական քննություններ: 9-րդ դասարանն ավարտում է 11499, իսկ 11-րդը՝ 9519 աշակերտ: Գ. Սողոմոնյանը նշեց, որ թեեւ մեդալակիրներն այլեւս արտոնություններ չունեն, սակայն այս տարի էլ կան մեդալի հավակնորդներ: Վերջիններս կենտրոնացված կարգով քննություններ կհանձնեն Շենգավիթ վարչական շրջանի թիվ 6 դպրոցում՝ մաթեմատիկա եւ հայոց լեզու առարկաներից: Նախարարի հրամանով քաղաքապետի կողմից ստեղծվելու է հանձնաժողով՝ մեդալի քննությունները կազմակերպելու «մասով»: Գ. Սողոմոնյանը հայտնեց, որ եթե նախկինում մինչեւ 160 ժամ բացակա ունեցող աշակերտները մանկավարժական խորհրդի որոշմամբ 5 առարկայից հանձնում էին քննություն եւ փոխադրվում, ապա այժմ օրենքի այս կետը պիտի վերանայվի: Ըստ նրա, կան 160 եւ ավելի ժամ բացակայություններ ունեցող երեխաներ, եւ «Հանրակրթության մասին» օրենքի համապատասխան կետով առաջնորդվելու դեպքում՝ կլինեին բազմաթիվ երեխաներ, որոնք դուրս կմնային դպրոցից: Քաղաքապետի մոտ քննարկումից հետո իրենք դիմել են ԿԳ նախարարին, Ա. Աշոտյանի հրամանով, սահմանված կարգով կկազմակերպվեն 160 եւ ավելի բացակա ունեցողների քննությունները, իսկ ոչ հարգելի բացակայողները դուրս կմնան կրթությունից: «Առավոտի» խնդրանքով վարչության պետը հրապարակեց որոշ դպրոցների անուններ, որոնց աշակերտներից ոմանք ունեն 160 եւ ավելի ժամ բացականեր: Դրանց թվում են թիվ 40-ը, 150-ը, 11-ը, 20-ը, Եղիշե Չարենցի անվան դպրոցը, 94-ը եւ այլն: «Առավոտի» այն հարցին, որ երկար տարիներ հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել դպրոցում, ինչպե՞ս է վերաբերվում ԿԳՆ աղմկահարույց նախաձեռնությանը՝ օտարալեզու դպրոցներ բացելու մասին, տիկին Սողոմոնյանը պատասխանեց, որ որեւէ քննարկման ի պաշտոնե չի մասնակցել, բայց պատրաստ է հայտնել սեփական կարծիքը. «Հայ երեխան անպայման պիտի ստանա մայրենի լեզվով կրթություն եւ պիտի դաստիարակվի ազգային արժեքներով: Չեմ բացառում երեխայի՝ մի քանի լեզուների տիրապետելը, եթե դա չի արվում մայրենիի հաշվին»:
Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Էլմիրա Թումանյանն էլ հայտնեց, որ մայիսի 21-ին, ժամը 16-ին Հանրապետության հրապարակում կկայանա համերգ՝ էստրադային երգիչների մասնակցությամբ, որը կավարտվի հրավառությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել