Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ, օտարալեզու դպրոցներ ստեղծելու նախագիծը «մի քայլ է դեպի անդունդ». «Այս ծրագրի մեջ կա գավառամտություն, իսկ գավառամտությունը գիտե՞ք որն է՝ դու քեզ համարում ես 2-րդ սորտի մարդ ու գիտես, որ քո լեզվով ոչնչի չես հասնի, դրա համար պետք է ձեւ անես, որ անգլիացի ես, ռուս ես կամ այլազգի»: Երեկվա ասուլիսում նա վերհիշեց ռուսական դպրոցի բերած «չարիքները». «Ռուսական դպրոց ավարտածների 90%-ը չգիտի հայ ժողովրդի պատմություն եւ գրագետ հայերեն գրելու առումով խնդիրների է բախվում, այսինքն՝ նրանք մեր մշակույթի մեջ չեն»: Նա իր օրինակով բացատրեց, թե իրականում օտարալեզու դպրոցում ուսանող աշակերտը ինչ է զգում. «Երիտասարդների մոտ առաջանում է հոգեկան երկփեղկվածություն, ես ինքս ավարտել եմ ռուսական դպրոց եւ մինչեւ հիմա մեջս կրում եմ այդ երկփեղկվածությունը»: Հանրային խորհրդի նախագահի համոզմամբ, կրթությունը միայն գիտելիք տալը չէ. «Կրթությունը նաեւ միաձույլ բնավորություն ձեւավորելն է, որը տալիս է միայն ազգային դպրոցը»: Պարոն Մանուկյանը մտավախություն ունի, թե օտարալեզու դպրոցների ստեղծման հնարավորությունը կնպաստի հայկական եւ օտարալեզու դպրոցների հակամարտությանը, ինչպես մի ժամանակ ռուսական եւ հայկական դպրոցների միջեւ էր. «Ռուսական դպրոցներում հայախոսները, հայկական կրթություն ստացածները համարվում էին 2-րդ սորտի մարդ, եւ այս վերաբերմունքը թե աշակերտների, թե ուսուցիչների կողմից էր արտահայտվում, բացի դրանից, ռուսական դպրոցներում ուսանում էին մտավորականների, իշխանավորների երեխաները եւ պետության հիմնական ուշադրությունն էլ գնում էր հենց ռուսական դպրոցների ուղղությամբ, այսինքն՝ երկփեղկվածություն կար նաեւ սոցիալական առումով»: Պարոն Մանուկյանը համաձայն չէ օտարալեզու դպրոցների ստեղծումն արդարացնող այն պնդումներին, իբրեւ թե աշխարհի հետ հաղորդակցվելու համար մենք չունենք օտար լեզուների որակյալ մասնագետներ. «Բացարձակապես սուտ է: Տարեկան 100-ավոր երեխաներ ավարտում են հայկական դպրոցն ու բուհը, ուսումը շարունակում Հայաստանում գործող երեք օտար բուհերում՝ Ամերիկյան, Սլավոնական եւ Ֆրանսիական համալսարաններում, տասնյակ ուսանողներ էլ արտասահմանում են ուսումը շարունակում, փայլուն տիրապետում են լեզվին, գալիս են Հայաստան ու աշխատելու տեղ չկա, որովհետեւ խնդիրը ոչ թե այն է, որ օտարալեզու դպրոցներ չունենք, այլ աշխատատեղ չունենք»: Մանուկյանի խոսքով, փորձը ցույց է տալիս, որ այլ պետություններ զգուշությամբ են դրսի դպրոցները պետության ներսում կիրառում: Պարոն Մանուկյանը առաջարկեց այլ ճանապարհ. «Բազային կրթությունը թող լինի ազգայինով, իսկ լրացուցիչ առարկաների համար գործեն, օրինակ, կիրակնօրյա դպրոցներ, որոնք օտար լեզվով սովորելը միայն օգտակար կլինի»: Հանրային խորհրդի ղեկավարը հավաստիացրեց, որ բացառությամբ խորհրդի մի քանի անդամների, մյուսները միաձայն դեմ են քվեարկել օտարալեզու դպրոցների ստեղծման նախաձեռնությանը: