«Գաղտնիք չէ, որ այսօր հանրապետության տարածքում հուշարձանների պահպանությունը բարձիթողի վիճակում է: Տեղական իշխանությունների հողօգտագործման եւ քաղաքաշինության համար անզուսպ կրքերի պատճառով՝ մեր հուշարձանները հաճախ վնասվում, քանդվում, ավերվում են: Մենք մեր ձեռքով վնասում ենք մեր մշակութային արժեքները, այնուհետեւ նշում ենք, թե մենք այսքան հին մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, բայց որ նայում ենք, տեսնում ենք, որ այդ մշակույթը մեր մեջ արդեն գոյություն չունի: Սա շատ մեծ խնդիր է: Բոլորիս խնդիրն է տեր կանգնել մեր մշակութային արժեքներին»,- ասում է հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը: Հայագետն այս օրերին Կապանում է եւ մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի ծառայության կողմից դպրոցահասակ երեխաների շրջանում իրականացվող պատմամշակութային արժեքների ճանաչմանն ու պահպանմանն ուղղված ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:
Ծրագրի մեկնարկը տրվել է Կապանի թիվ 1 դպրոցից՝ խաղ-վիկտորինայով, որին մասնակցում էին 7-9-րդ դասարանների 14 աշակերտների 2 թիմ: Վիկտորինան նվիրված էր Սյունիքի տեղանունների ստուգաբանությանը, ավանդապատումներին, կային նաեւ խաչբառեր, բլից հարցեր: Նպատակը՝ երեխաների մեջ արդեն այսօր արմատավորել գիտելիքներ իրենց մարզի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին, ճանաչել պատմամշակութային հուշարձանները, պահպանել եւ տեր կանգնել դրանց:
Ժյուրիի նախագահ Արգամ Այվազյանը վստահ է, որ նման միջոցառումներն այսօր խիստ անհրաժեշտ են եւ եթե պարբերաբար կազմակերպվեն՝ արդյունքն ակնհայտ կլինի: Ըստ հայագետի, ճիշտ կլինի նման նախագիծ իրականացնել ոչ միայն դպրոցներում կամ բուհերում, այլեւ բարձր տարիքի մարդկանց շրջանում: