«Առավոտը» բազմիցս է անդրադարձել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում պարբերաբար ակտիվացող սողանքներին, վերջին անգամ մարտի 2-ին՝ «Սողանքներ եւ զբոսաշրջիկներ» հրապարակմամբ:
Գարնանային հորդ անձրեւների պատճառով Դիլիջան քաղաքում սողանքային երեւույթները կրկին ակտիվացել են: Հինգ օր առաջ իրավիճակը ուսումնասիրում էր արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, քաղաքաշինության նախարարության, Տավուշի մարզպետարանի, Դիլիջանի քաղաքապետարանի մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը: Ավելի վաղ սողանքի հետ կապված իրավիճակին տեղում ծանոթացել էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, տրանսպորտի եւ կապի ու քաղաքաշինության նախարարները:
Սողանքներն ակտիվ են քաղաքի ամֆիթատրոնի դիմաց՝ Մյասնիկյան փողոցին հարակից տարածքում, քաղաքային ավտոկայարանի դիմացի լանջին, ինչպես նաեւ՝ իտալական մոցարելլա պանիր արտադրող «Դիլի» ագրոարդյունաբերական համալիր տանող ճանապարհին: Ինչպես տեղեկացանք Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Վոլոդյա Սարգսյանից, ուսումնասիրությունների արդյունքում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ակտ են կազմել, որը կներկայացվի կառավարություն: Կառավարությունը՝ ներկայացրած առաջարկների հիման վրա, հիմնահարցի լուծում կգտնի: Որպես լուծում կարող է լինել խորհրդային ժամանակներում կառուցված ջրահեռացման թունելների գործարկումը, սակայն դեռ պարզ չէ, թե այդ թունելները որքանով կարող են գործել, արդյոք տարիների ընթացքում չե՞ն լցվել հողով: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքը պատրաստ է իր ներդրումն ունենալ սողանքների խնդրի լուծման գործում:
Հ. Գ. Մայիսի 18-ին Դիլիջանի «Գալավինո» թաղամասում 125 մ երկարությամբ եւ 20 մ խորությամբ սողանք է եղել, որը կարող էր հանգեցնել ավտոմայրուղու միակողմանի փակմանը: Երթեւեկությունը մայրուղով դժվարացել է, սակայն ժամեր անց ավտոմայրուղին մաքրվել է, երթեւեկությունը՝ վերականգնվել: