Երեկ Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ նախկին 13 աշխատակիցները դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 2005-2009 թվականների իրենց չվճարված գիշերային աշխատավարձերը ընկերությունից ստանալու պահանջով: Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավարության զարգացում» հ/կ-ն, դեռեւս մեկ ամիս առաջ գրությամբ դիմել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ տեղեկացնելով, որ, բացի նախկին աշխատողներից, այսօր ընկերությունում կան նաեւ բազմաթիվ աշխատակիցներ, որոնց ընկերությունը նույնպես չի վճարել գիշերային աշխատավարձերը՝ սկսած 2005 թվականից: «Բայց ներկայումս կոմբինատում աշխատողները չվճարված գիշերային աշխատավարձերը պահանջելով՝ կարող են այլ պատճառով ազատվել աշխատանքից, ինչպես պահակ Աշոտ Գրիգորյանի դեպքում, որը նույնպես դիմել է դատարան: Ընկերությունում աշխատած աշխատողների մի մասը, ով ունի չվճարված գիշերային աշխատավարձ, գտնվում է արտերկրում, կան նաեւ մահացածներ: 2008 թվականին աշխատանքային տեսչության հերթական ստուգայցից հետո ակնկալվում էր, որ ընկերությունը պետք է վճարեր այդ գումարները, բայց անհասկանալի պատճառներով ստուգումը արդյունք չտվեց, եւ ընկերությունը սկսեց վճարել միայն 2007-2008 թվականների չվճարված գիշերային աշխատավարձերը, այն էլ միայն ընկերության ներկայիս աշխատողներին: Դիմեցինք նախարարին՝ խնդրելով, որ ելնելով ՀՀ օրենսդրությունից եւ վերոգրյալից, պարտադրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին, որպեսզի վճարի 2005-2009 թվականների չվճարված գիշերային աշխատավարձերի գումարները բոլորին, ոչ թե միայն դատարան դիմողներին, այլ այսօր ընկերությունում աշխատող աշխատակիցներին»,- նշում են հ/կ-ից:
Փորձեցինք ընկերությունից տեղեկանալ, թե առաջիկայում պատրաստվո՞ւմ են վճարել գիշերավարձերը: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը նշեց, որ՝ ոչ, քանի որ կան շատ վիճելի հարցեր եւ մանրամասն ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա: Իսկ ինչ վերաբերում է դատարան դիմած նախկին 13 աշխատողներին, ապա «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունը կսպասի հարցի լուծմանը եւ կկատարի դատարանի՝ օրենքով սահմանված կարգով կայացրած վճիռը: